Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբրահամ Մամիկոնեից

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ, Աբրահամ Մամիկոնյան (ծ. և մ. թթ. անհտ), VI դարի մատենագիր, Տարոնի առաջնորդ, Մամիկոնյան նախարարական տան եպիսկոպոս: Կենսագրական տվյալներ չեն պահպանվել: Ստորագրել է որպես աթոռակից Հովհաննես Բ Գաբեղենցի (557–574) կաթողիկոսի՝ Սյունյաց և Աղվանից եպիսկոպոսներին ուղղված երկու թղթերի տակ («Գիրք թղթոց», էջ 78–84): Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ» խրատականները: Աբրահամ Մամիկոնեիցը համարվում է նաև V դ. հույն եկեղեցական պատմագիր Սոկրատի երկի թարգմանիչը կամ խմբագրողը (Փոքր Սոկրատ կոչված խմբագրությունը): Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որի մեկ այլ խմբագրությունը («Պատմութիւն ժողովոյն Եփեսոսի» կամ «Պատճառ հաւատոյ վասն տիեզերական և սուրբ ժողովոյն Եփեսոսի, և վասն անօրէն հայհոյությանն Նեստորի»)՝ Նաբովկ քաղաքի VI դ. ասորի հակաքաղկեդոնական եպիսկոպոս Փիլոքսենոս Նաբովկացու (Մաբուգեցի) անունով: Գրվածքը հայագիտության մեջ վերագրվել է կա՛մ վերջինիս (Գ. Զարբհանալյան), կա՛մ Վրթանես Քերթողին (Ն. Ակինյան), կա՛մ Աբրահամ Մամիկոնեիցին (Բ. Սարգիսյան):

Հայ եկեղեցական մատենագրության ուշագրավ գործերից է «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որն առատ նյութ է տալիս Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի (տես Նեստորականություն) դավանական վեճի, Եփեսոսի Գ տիեզերական ժողովի, նրա գումարման հանգամանքների, ընթացքի, պետության վերաբերմունքի և միջամտության, կյուրեղյանն երի ու նեստորականների անհաշտ պայքարի մասին: Անցուդարձերի նկարագրությունից երևում է հեղինակի հակվածությունը դեպի կյուրեղյան-եփեսոսյան դավանությունը: Հայ մատենագրության մեջ գրվածքը եզակի է նշված պատմական դեպքերի հանգամանալի շարադրանքով:

Երկ. Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից: Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի, Վնտ., 1899:

Գրկ. Զարբհանալյան Գ., Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ., 1897: Սարգիսյան Բ., Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսն և իւր առ Վաչագան գրած թուղթն, Վնտ., 1899: Ակինյան Ն., Վրթանես վարդապետ Քերթող և իւր երկասիրութիւնները, ՀԱ, 1910, էջ 39–45: Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

« Աբրահամ Խոստովանող   |   Ագաթանգեղոս »
© Gratun.org