Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ագաթանգեղոս

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հուն. άγαϋός – բարի, άγγελος – հրեշտակ, լրաբեր) (ծ. և մ. թթ. անհտ), V դարի պատմիչ, հեղինակը հայ պատմագրության ու եկեղեցական մատենագրության հնագույն՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է եղել նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով: Միջնադարում միջազգային լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է: Կանոնական է համարվել Հայ եկեղեցու կողմից, օգտագործվել իբրև նվիրական, սրբազան մատյան: Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատիներեն և հուներեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը: Սակայն քիչ հետո Ագաթանգեղոսը հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ): Արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը IV դ. պատմիչ է (հավաստել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Սեբեոսը և այլք), նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դ.՝ հայ գրերի գյուտից հետո: Այս ավանդական տեսակետն անվերապահորեն ընդունվել է մինչև XVIII դ. 2-րդ կեսը:

Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի բնագիրն առաջին անգամ Գրիգոր Մարզվանեցու ջանքերով լույս է տեսել 1709-ին, Կոստանդնուպոլսում: 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակել է Ագաթանգեղոսի երկի հուն. թարգմանության բնագիրը (հետագայում բազմիցս վերահրատարակվել է) և լատ. համառոտ թարգմանությունը: Նա էլ առաջինը կասկածի տակ է առել Ագաթանգեղոսի հաղորդած պատմ. շատ փաստերի վավերականությունը: Սկիզբ է դրվել Ագաթանգեղոսի գիտ. ուսումնասիրությանը: Պատմության հայերեն բնագրի գիտ. (մի քանի ձեռագրերի համեմատությամբ) առաջին հրատարակությունը Վենետիկում (1835) և հայագիտության զարգացումը խթան հանդիսացան երկի մասին բազում և բազմալեզու ուսումնասիրությունների ի հայտ գալուն: Ագաթանգեղոսի երկի ստեղծման շուրջ կան լուրջ տարակարծություններ: Օտարազգի և հայ մի շարք գիտնականների կարծիքով՝ V դ. երկը կազմել են հայ առաջին թարգմանիչները և այն վերագրել IV դ. ապրած մտացածին հեղինակի (իբր արժանահավատությունը բարձրացնելու միտումով), իսկ «Ագաթանգեղոս» ոչ թե անձնանուն է, այլ հունարեն հասարակ անուն, որը թարգմանաբար նշանակում է բարի հրեշտակ, բարի ավետիս, ինչպես՝ evangelia – ավետարան ևն: Ըստ այդմ, «Ագաթանգեղոսի Պատմություն» ասելով, պետք է հասկանալ «Բարի ավետաբերի (այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի) Պատմություն»:

Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ բուն երկը շարադրել է IV դ. հեղինակ Ագաթանգեղոսը, բայց V դ. այն զգալիորեն խմբագրել և փոփոխել են հայ առաջին թարգմանիչները (Կորյունը և այլք): Ագաթանգեղոսի ֆրանս. թարգմանիչ Վ. Լանգլուան հանգել է այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ. և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չի փորձել ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը: Հ. Ա. Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատել է, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը: Իշխում է այն տեսակետը, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ. 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով:

Ագաթանգեղագիտությամբ զբաղվել են նաև Բ. Սարգիսյանը, Ռ. Թոմսոնը, Պոլ դը Լագարդը, Ն. Բյուզանդացին, Թ. Թոռնյանը, Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գ. Խալաթյանցը, Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը և ուր.: Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոցն» ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի անցքերը՝ Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալությ ան վերջին տարիները: Այն բաղկացած է առաջաբանից և երեք մասից: Առաջաբանում հեղինակը խոսում է երկի շարադրման շարժառիթների ու նպատակների մասին:

Առաջին՝ «Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի» մասում Ագաթանգեղոսը պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Հայոց արքա Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի վկայաբանության մասին: Երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» բաժինը ծավալով ավելի ընդարձակ է, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած: Ի տարբերություն Ագաթանգեղոսի բուն պատմության՝ «Վարդապետութիւնը» մեզ է հասել միայն հայերեն բնագրով: Հայտնի է միայն նրա վրացերեն մի համառոտ տարբերակը, որը վերագրվել է Հիպողիտես Հռոմայեցուն և կրել «Վասն հաւատոյ» խորագիրը: «Վարդապետութիւնը» ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմնական դրվագներով, աստվածաբանական հարցերում՝ ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով: Համեմատաբար հանգամանորեն են արծարծված Ս. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները: «Վարդապետութիւնը» կառուցված է քրիստոնեության հիմունքները պարունակող բանավոր քարոզի ձևով՝ ուղղված հայ հանրությանը, մասնավորապես Տրդատ Գ թագավորին (առանց անվան հիշատակության) և նրա արքունիքին: Հեղինակը հորդորում է նրանց դարձի գալ, հրաժարվել իրենց ձեռագործ կուռքերից, երկրպագել ճշմարիտ Աստծուն ևն: Վարդապետական, աստվածաբանական խնդիրների քննության մեջ կիրառվել է երկու հիմնական եղանակ՝ ապացույցը և մեկնությունը: Հեղինակն աստվածաբանական այս կամ այն դրույթի փաստարկման հարցում բացարձակ ապացույց է համարել Աստվածաշնչի վկայությունը: Մասնավորապես Աստծո Որդու երկրային գործունեությունը դիտել է որպես վաղուց ի վեր մարգարեություններում կանխատեսված եղելությունների իրականացում: Հեղինակը մեծ տեղ է հատկացրել մարգարեությունն երին և հաճախ վկայակոչել դրանք՝ իբրև ապացույց աստվածային կամքի իրականացման: «Վարդապետութեան» մեջ գրեթե ողջ աստվածաշնչական նյութը ներկայացվել է մեկնողաբար (ավելի հաճախ՝ հարցուպատասխանիի եղանակով), ուստի «Վարդապետութիւնը» կարելի է նաև հայ մեկնողական գրականության նշանակալից գործերից մեկը համարել: Մասնագետների կարծիքով՝ Ագաթանգեղոսը հիմնովին յուրացրել է հայրաբանական գրականությունը, քանզի նրա երկում լայն արձագանք են գտել եկեղեցու հայրերի մշակած բազում տեսական դրույթներ: Ըստ Ռ. Թոմսոնի՝ Ագաթանգեղոսը մեծապես օգտվել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից և Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» երկից: Բ. Սարգիսյանն իր հերթին մատնանշել է բազմաթիվ ընդհանրություններ «Վարդապետութեան» և Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և հատկապես՝ Հովհան Ոսկեբերանի գործերի միջև:

Գրքի երրորդ՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան» մասում Ագաթանգեղոսը հանգամանորեն պատմում է հին հայկական հեթանոսական տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների բռնագրավման, հայ վերնախավերի ու ժողովըրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին:

Ագաթանգեղոսը իր Պատմությունը երկասիրել է քրիստոնեական դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից՝ ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը: Որպես պատմության աղբյուր, այս երկն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը: Ագաթանգեղոսը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմական աշխարհագրության, արքունիքի, պետական գործակալությունների, զինված ուժերի, նախարարական կարգի, հայոց հեթանոսական կրոնի (հատկապես մի շարք կուռքերի ու նրանց տաճարների), երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին: Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոցն» ունի նաև գեղարվեստական արժեք: Այն միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտիերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ: Առաջին թարգմանությունը հունականն է (ժամանակը բանասերները համարում են VI դ.), որը վճռական նշանակություն է ունեցել Ագաթանգեղոսի երկասիրության տարածման հարցում: Հուն-ից ամենից ավելի թարգմանվել է արաբերեն, հուն-ից են առաջացել այլ ալեզու գրեթե բոլոր խմբագրությունները: Այն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus, VII, 25): Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն: Աշխարհաբար լիակատար թարգմանությամբ (Ա. Տեր-Ղևոնդյան) հրատարակվել է 1983-ին, Երևանում:

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.1, 1-ին պատկերը:

Երկ. Պատմութիւն Հայոց, աշխատասիր. Գ. Տեր Մկրտչյանի և Ս. Կանայանի, Տփղիս, 1909: Հայոց պատմություն, Ե., 1983:

Գրկ. Սարգիսյան Բ., Ագաթանգեղոս եւ իւր բազմադարեան գաղտնիքն, Վնտ., 1890: Տաշյան Հ., Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղայ գրոց, Վնն., 1891: Զարբհանալյան Գ., Հայկական հին դպրուեան պատմութիւն, Վնտ., 1897: Մառ Ն., Մկրտութիւն հայոց, վրաց, ափխազաց և ալանաց ի սրբոյն Գրիգորէ, Վաղ-պատ, 1911: Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 161–213: Մելիք Օհանջանյ ան Կ., Ագաթանգեղոսի Պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները, «Մառը և հայագիտության հարցերը», [ժող.], Ե., 1968: Տեր Ղեվոնդյան Ա., Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (արաբ., բնագիր և ուսումնասիրություն), Ե., 1968: Մուրադյան Պ., Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Ե., 1982: Տեր Պետրոսյան Լ., Դասեր հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993: Gutshmid A., Agathangelos, Lpz., 1877; Thomson R.W., The Teaching of Saint Gregory. An Early Armenian Catechism. Translation and Commentary, Camb., Massachusetts, 1970.

« Աբրահամ Մամիկոնեից   |   Ագապե »
© Gratun.org