Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ագապե

ԱԳԱՊԵ, Ագապ (հուն. αγάπη – սեր, առաջին անգամ հանդիպում է Աստվածաշնչի հունարեն Յոթանասնից թարգմանության մեջ: Ի տարբերություն իմաստով համարժեք ερω;ς բառի, որը գերազանցապես ակնարկում է զգայական սերը, Ագապե արտահայտում է Քրիստոսի սերը կամ քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ), ս. Հաղորդությունից սերված արարողություն: Ագապեի նախատիպեր եղել են ինչպես հրեաների, այնպես էլ հույների և հռոմեացիների մոտ: Նախնական շրջանում Ագապե աղքատներին տրվող սիրո ճաշ էր, վաղ եկեղեցում ս. Հաղորդության հետ կապված պաշտոնական ճաշ, որի ժամանակ համայնքի բոլոր անդամներն օգտվել են միևնույն սեղանից: Մատուցվել է ի հիշատակ Քրիստոսի Վերջին ընթրիքի (Ա Կորնթ. 11.23): Սակայն ժամանակի ընթացքում Ագապեի այդ իմաստը խեղաթյուրվել է: Գանգրայի ժողովը (380) փորձել է վերականգնել Ագապեի նախկին բովանդակությունը, սակայն՝ ապարդյուն: VII դ. վերջին Արևմուտքում Ագապե մեկընդմիշտ վերացավ, սակայն արլևելյան որոշ եկեղեցիներում (ղպտիների որոշ հատվածի և հայերի մոտ) մնաց իբրև ս. Պատարագին հաջորդող սիրո ճաշ:

Սահակ Ա Պարթև կաթողիկոսի կանոնների մեջ հրահանգվում է քահանաներին Ագապեի պաշտոնն ու Պատարագը չմատուցել առանց Ավետարան կարդալու: Ագապեի հրավիրված աշխարհականները Պատարագից առաջ հաց չպետք է ուտեն: Ժողովուրդը պետք է սիրով մատուցի նախնյաց՝ Ագապեի համար սահմանված ընծաները: Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի ժողովի (554) 22-րդ կանոնն ամբողջովին նվիրված է Ագապեի կանոնադրությանը: Ագապեներ մատուցվել են նաև ննջեցյալների հոգու հանգստության համար (Պարտավի եկեղեցական ժողովի ԺԸ կանոն): Ագապե են կոչվել նաև մատաղի համար ընծայաբերված կենդանիները: Հետագայում Ագապեի վերապրուկներն արտահայտվել են ս. Զատկին մատաղ անելու սովորության մեջ:

Գրկ. Հովսեփյան Գ., Ագապի հաստատութիւնը Հայոց եկեղեցւո մեջ, «Արարատ», 1912, էջ 997–1001:

Եզնիկ եպս. Պետրոսյան
Հակոբ Քյոսեյան

« Ագաթանգեղոս   |   Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալ Վանք »
© Gratun.org