Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալ Վանք

ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ԱՌԱՔՅԱԼ ՎԱՆՔ, Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում: Ըստ ավանդության և Ս. Թովմա եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը I դ. հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305-ին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838-ը՝ եպիսկոպոսանիստ: Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են XIV դարից:

Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալ վանքը որպես կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել XVII դ.՝ վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ: Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632–33-ին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634–1636-ին՝ եկեղեցու նոր շենքը: 1668-ին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով: Վանքի եկեղեցին 1679-ի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694-ին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով: Արևմտյան ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները: Արևմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825-ին, ամբողջովին վերակառուցվել 1831-ին և 1904-ին: Համանման սրահներ XVII դ. կառուցվել են հս. մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել: Եկեղեցու ներսը XVII դ. վերջին զարդարել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը: Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք՝ կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, բեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին՝ ս. Ստեփանոս Նախավկան: Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուսական զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով: Եկեղեցու գլխավոր՝ արևմտյան մուտքի ճակատակալ քարին «ս. Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է: Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը՝ խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը: Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում՝ Աստվածածնին, աջում՝ Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում՝ արեգակ ու լուսին: Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համար գունազարդել է նաև քանդակը: Եկեղեցու հս. մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հվ. մուտքին՝ Պետրոս առաքյալը՝ դրախտի բանալիները ձեռքին: Արմ. մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով:

Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում XIV–XVIII դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր: Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է: Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ.՝ Հակոբ րաբունապետի ջանքերով: 1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447ին՝ մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432-ին՝ Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա՝ Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները: XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին՝ Մուստաֆա խանի հրոսակները: Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին): Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում:

1867-ին Ագուլիսի բնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում բացվել է արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան: Դպրոցի համար վանքում հարավ-արևմտյան շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել բնակարաններ: Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաբանություն, գծագրություն ևն:

Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում պահվել են՝ 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս: 1918-ին թուրքական զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել:

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.1, 2-րդ պատկերը:

Գրկ. Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Լալայան Ե., Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11–12, Թ., 1904–05: Այվազյան Ա., Ագուլիս, Ե., 1984:

Մուրադ Հասրաթյան

« Ագապե   |   Ադանայի Եկեղեցական Ժողով 1316 »
© Gratun.org