Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ադանայի Եկեղեցական Ժողով 1316

ԱԴԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1316, գումարվել է հուլիսի 18-ին (ըստ Մ. Օրմանյանի՝ 10.7.1316), Կիլիկյան Հայաստանի Ադանա քաղաքում, Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու և Հայոց թագավոր Օշին Ա-ի պահանջով: Քննարկվել է Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը: Միացման և լատինադավանության տարածման որոշում ընդունվել էր 1307-ի Սսի ժողովում (տես Սսի եկեղեցական ժողովներ), բայց, ուժեղ դիմադրության հանդիպելով, չէր կենսագործվել: 1316-ին Ավինյոնի Հովհաննես XXII պապն Օշին Ա-ից պահանջել է կատարել այդ որոշումը: Կիլիկյան Հայաստանի քաղաքական կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն-կարամանների և թաթար-մոնղոլների մշտական հարձակումների, ինչպես նաև ներքին եկեղեցադավանական պառակտումների պատճառով, նրա գահակալներին հարկադրել է տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղաքական նեցուկ որոնել Արևմուտքում: Օշին Ա-ն և Կոստանդին Գ Կեսարացին, պապի միջնորդությամբ եվրոպական պետություններից աջակցություն ակնկալելով, գումարել են Ադանայի եկեղեցական ժողովը, որին մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան՝ մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից: Նրանք հաստատել են Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու որոշումը, որը վճռականորեն մերժել են արևելյան վարդապետները և ժողովուրդը: Ադանայի եկեղեցական ժողովի որոշումներն ու դրանց գործադրման փորձերը, հանդիպելով համառ դիմադրության հատկապես Հայաստանում, մնացել են անկատար: Արքունիքը փորձել է ճնշել հոգևորականության և ժողովրդի ընդվզումները, ինչը միայն խորացրել է պառակտումները և թուլացրել երկրի դիմադրողականությունը թշնամի մահմեդական պետությունների հանդեպ:

Գրկ. Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

« Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալ Վանք   |   Ադդե »
© Gratun.org