Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ադդե

ԱԴԴԵ, սուրբ Ադդե Հայրապետ, I դարի տոնելի քրիստոնյա նահատակ: Ըստ ասորական և հայկական աղբյուրների՝ Աբգար թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ: Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից: Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), Ադդե անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան:

Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «... հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», գիրք 2-րդ, գլ. ԼԴ): Անանունը մարդ է ուղարկում Ա-ի մոտ, որ նա «իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար»: Ադդեն պատասխանում է. «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն» (նույն տեղում), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ա-ի սրունքները, և նա մահանում է:

Հայ եկեղեցին ս. Ադդեի հիշատակը սկզբնապես տոնել է ս. Աբգար թագավորի հետ: Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները. ներկայումս ս. Ադդեի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է):

Գրկ. Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, Եդեսացւոյ թուղթ Աբգարու եւ քարոզութիւն սրբոյն Թադէի, Երուսաղեմ, 1868:

Լևոն Սարգսյան

« Ադանայի Եկեղեցական Ժողով 1316   |   Ադիաբենե »
© Gratun.org