Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ադրիանուպոլսի Ավետարան

«ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան։ Հայերեն հնագույն թվակիր Ավետարաններից է։ Գրվել ու պատկերազարդվել է 1007-ին, Բյուզանդիայի Ադրիանուպոլիս քաղաքում. գրիչ՝ Կիրակոս Երեց։ Պատվիրատուն է հայ ազնվական, բյուզ. կայսր Վասիլ Բ-ի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը։ Մանրանկարչի անունը չի պահպանվել (չի բացառվում, որ պատկերները հեղինակած լինի գրիչը)։ Ձեռագիրը զարդարված է խորաններով, երկու խաչապատկերով, ավետարանիչների և «Տիրամայրը Մանկան հետ» մանրանկարով ու պատվիրատուի դիմանկարով։ «Տիրամայրը Մանկան հետ» հորինվածքը սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզ. օրինակների հետ, մինչդեռ խորանները և ավետարանիչների պատկերներն ավելի շատ կրում են հայ ավանդ. մանրանկարչության դրոշմը։ 1883-ին Ավետարանը Կոստանդնուպոլսից բերվել է Ս. Ղազար կղզի, որտեղ ցայժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ. դ 887/116)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.1, 3-րդ պատկերը։

Գրկ. Սարգիսյան Բ., Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. 1, Վնտ., 1914։ Հայկական մանրանկարչություն, հ. 1, Վնտ., 1966։ Հայկական մանրանկարչություն. Դիմանկար, Ե., 1982 (կազմ. Ա. Գևորգյան)։

Կարեն Մաթևոսյան

« Ադոնց   |   Ազարիա Ջուղայեցի »
© Gratun.org