Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ազարիա Ջուղայեցի

ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), XVI դարի տոմարագետ։ Ապրել և գործել է Ջուղայում։ Նրա անունով «Ազարիայի թվական» է կոչվել տոմարական երրորդ պարբերաշրջանը։ Հայոց Մեծ թվականից երկու 532ամյա պարբերաշրջանը վերջանալուց հետո (1616) Ազարիա Ջուղայեցին կազմել է նոր (երրորդ) պարբերաշրջանի բարեփոխված, անշարժ աղյուսակ։ Այն ունեցել է 12x30+5 կառուցվածքը։ Չորս տարին մեկ 12-րդ ամիսը 30-ի փոխարեն 31 օր էր։ Ամսանուններն են՝ Շամս, Ադամ, Շբաթ, Նախայ, Ղամարյ, Նադար, Թիրայ, Դամայ, Համերայ, Արամ, Օվդան, Նիրհան, Ավելյաց։ Տարեսկիզբը համապատասխանել է գիշերահավասարին՝ Շամսի 1-ը = մարտի 21-ին։ Լուսնի զատկական բոլոր լրումները տեղի են ունեցել Շամս ամսին։ Ջուղայեցիների կամ, ինչպես ձեռագրերում է հաճախ օգտագործվել, Նոր կամ Փոքր թվականը գտնելու համար Հայոց Մեծ թվականից անհրաժեշտ է հանել 532ամյա երկու պարբերաշրջան. ընդ որում, հարկ է հիշել, որ Հայոց Մեծ թվականով տարեսկիզբը Նավասարդի 1-ին էր, իսկ Նոր կամ Փոքր թվականով՝ Շամսի 1-ին (մարտի 21-ին)։ Ա. Ջ-ու կազմած տոմարը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկ. գաղթավայրերում։ Ազարիա Ջուղայեցու «Պատճէն տօմարին Ազարիայի» տոմարագիտ. երկը տպագրվել է «Գիրք տօմարաց Հայոց...»-ի մեջ (1685, էջ 22–39)։

Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 272–276, 1177–86։ Թումանյ ան Բ., Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Ե., 1964։

Ջուլիետա Էյնաթյան

« Ադրիանուպոլսի Ավետարան   |   Ազգային Սահմանադրություն 1860 »
© Gratun.org