Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աթանաս Ալեքսանդրացի

ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, սուրբ Աթանաս Մեծ (295, Ալեքսանդրիա – 373, Ալեքսանդրիա), Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տես Եկեղեցու հայրեր), Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից)։ Սերել է հույն քրիստոնյա ընտանիքից։ Լինելով տակավին սարկավագ՝ Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325) լուրջ հակահարված է հասցրել Արիոսին (տես Արիոսականություն) ու նրա հետևորդներին։ Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը։ Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է արիոսական իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում։ Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն։ Աթանաս Ալեքսանդրացու մատենագրական վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և հերետիկոսների դեմ մղված պայքարի հետ։ Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» ջատագովական բնույթի աշխատությունը։ Առաջինում ապացուցել է հեթանոսության կեղծ ու հոռի էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով Աստծո և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը։ Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով։

Աթանաս Ալեքսանդրացին իր դավանական-հակաճառական երկերի մեծ մասը շարադրել է աքսորավայրում (356–362)։ Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը։ Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբանական և մեկնաբանական փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը։

Աթանաս Ալեքսանդրացու ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են նրա Զատկական նամակները հունարեն բնագրից մեզ են հասել առանձին փշրանքներ, սակայն պահպանվել է դրանց ասորերեն թարգմանությունը։ Աթանաս Ալեքսանդրացին հեղինակել է Անտոն Անապատականի (250–356) վարքը (մոտ 356–357-ին), նրա կերպարը ներկայացրել իբրև ճգնական նվիրումի չափօրինակ։ Երկը զգալի ազդեցություն է գործել սրբախոսական գրականության վրա։ Հայերեն է թարգմանվել V դ.։

Աթանաս Ալեքսանդրացու հնում հայտնի սուրբգրային բազմաթիվ մեկնություններից մեզ են հասել սաղմոսների, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների մեկնության լոկ առանձին հատվածներ և Սարգիս Կունդի (XII դ.) Կաթողիկե թղթերի խմբագիր մեկնության մեջ կարևոր տեղ զբաղեցնող աթանասյան ընդարձակ հատվածները, որոնք հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։ Աթանաս Ալեքսանդրացին գրել է նաև կանոններ, Պատարագամատույց, ներբողներ, խրատներ, աստվածաբանական, քրիստոսաբանական, ջատագովական և հակաճառական բնույթի բազմաթիվ թղթեր։

Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»։ Քրիստոնեական մտքի պատմության մեջ նրա երրորդաբանական և քրիստոսաբանական ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի։ Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Աթանաս Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոնական վեճերի շրջանում։ Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստեական, այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբան-դավանաբանական մտքի վրա։

Աթանաս Ալեքսանդրացու աստվածաբանության և քրիստոսաբանության հիմքը Փրկագործության և Մարդեղության գաղափարն է։ Նրա համար Բանի Մարդեղությունը և Հոր հետ համագոյությունը փրկաբանական հարց է, Փրկագործության վարդապետություն։ Փրկությունը տեսել է Աստծո հետ մարդու արարված բնության վերամիավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարմնավորման և մարդացման պարագայում։ Փրկությունը, ըստ Աթանաս Ալեքսանդրացու, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա», այսպես է բանաձևել Աթանաս Ալեքսանդրացին Մարդեղության և Փրկագործության վարդապետությունը։ Աստվածացումը Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»։ Ինչպես ճյուղերն են համագո խաղողի որթին, այնպես էլ մենք մեր մարմնով համաբնույթ ենք Տիրոջ մարմնին, և նրա մարմինը մեզ համար «հարության փրկության արմատ է»։

Ս. Երրորդության խորհրդի բացահայտումը Աթանաս Ալեքսանդրացին իրականացրել է արիոսական գաղափարների ժխտման ընթացքում։ Եթե «կար ժամանակ, երբ չկար Որդին» (արիոսականություն), ապա նշանակում է, որ Աստված էլ երբևէ Հայր չի եղել, հետևաբար չի եղել Ս. Երրորդություն, այլ եղել է մեկը, որը վերացարկված միաստվածականություն է, բացահայտ հրաժարում քրիստոնեական նոր Հայտնությունից, Աստծո՝ որպես Ս. Երրորդության, իմացությունից։ Իր անփոփոխելիության մեջ Հայրը միշտ Հայր է։ Հոր և Որդու հարաբերության մեջ բացառվում է որևէ հերթականություն, տևականություն և տարածություն։ Այստեղ տիրում է լիակատար հավերժակցություն, որը ցույց է տալիս, որ Որդին ծնունդ է էությունից և դրա համար էլ համագո է Հորը։ Հոր աստվածությունն անխառն և անբաժանելիորեն առկա է Որդու մեջ։ Համաձայն Աթանաս Ալեքսանդրացու, Հոր և Որդու այսօրինակ հարաբերության ամենաճշգրիտ անվանումը «համագոյություն» եզրն է։ Ս. Հոգու վերաբերյալ ուսմունքը Աթանաս Ալեքսանդրացին ներկայացրել է բացառիկ հստակությամբ։ Նրա ելակետը Ս. Երրորդության կատարյալ միասնության գաղափարն է, այսինքն՝ Ս. Հոգին ունի Հոր և Որդու նույն բնությունը՝ «Մի Աստուած երեք անձինք կատարեալք, միով բնութեամբ» («Ճառք...», 1899, էջ 238)։ Հոգին ծնված չէ և այդ պատճառով չի կոչվում Որդու եղբայր, այլ՝ Ս. Հոգի։ Բայց նա դուրս չէ Որդուց, դրա համար էլ կոչվում է Որդեգրության Հոգի, Հզորության և Իմաստության Հոգի։ Նա Որդու հետ ունի նույն միասնությունը, ինչ՝ Որդին Հոր հետ։ «Յաղագս աստուածութեան Որդւոյ», «Առ Արիոս», «Յաղագս Սրբոյ Երրորդութեանն» և այլ գրվածքներում ու ճառերում Աթանաս Ալեքսանդրացին զարգացրել է Ս. Երրորդության աստվածության և միության ուղղափառ ըմբռնումը. «զՄի Աստուած յԵրրորդութեան և զԵրրորդութիւն ի միութեան... այլ Հօր և Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ՝ մի աստուածութիւն, հաւասար փառք եւ յաւիտենակից մեծութիւն» (նույն տեղում, էջ 478)։

Աթանաս Ալեքսանդրացու աշխատությունների զգալի մասը հայացվել է V դ.՝ թարգմանիչ հայրերի, իսկ մյուս մասը VIII դ.՝ Ստեփանոս Սյունեցու ջանքերով։ Թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան», «Ի Հոգին Աստուծոյ», «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն», «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի», «Ի ծնունդն Քրիստոսի» ևն։ Աթանաս Ալեքսանդրացու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ ևն) հրատարակվել է 1899-ին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում։ Աթանաս Ալեքսանդրացու երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ։ Ուստի և նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբանական գրականության մեջ («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Պողոս Տարոնեցու «Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» ևն)։ Աթանաս Ալեքսանդրացին իր ուրույն տեղն ունի նաև հայ մեկնաբան. գրականության մեջ։

Հայ եկեղեցին ս. Աթանաս Ալեքսանդրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.1, 4-րդ պատկերը։

Երկ. Ճառք, թուղթք և ընդդիմասացութիւնք, Վնտ., 1899։ Սաղմոսների մեկնություն, թրգմ. Մ. Ղազարյան, Ե., 2000։

Գրկ. Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889։ Գաթըրճյան Հ., Սրբազան պատարագամատոյցք Հայոց, Վնն., 1897, էջ 217–318։ Տեր Մինասյան Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։ Սագարդա Ն., Յոյն-Արևելքի հին եկեղեցական աստվածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում (IV–V դդ.), Վաղ-պատ, 1910։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 321–368։ Հատիտյան Ա., Սուրբ Աթանաս հայրապետ Ալեքսանդրացի, «Էջմիածին», 1977, դ 2։ Քյոսեյան Հ., Յունարէն բնագրով անյայտ ճառ ս. Աթանաս Ալեքսանդրացու անուամբ, «Գանձասար», 5, 1994։ Նույնի, Ս. Աթանաս Ալեքսանդրացու՝ հունարեն բնագրով անհայտ Անտիոքի եկեղեցուն հղած թղթի հայերեն թարգմանությունը, «Էջմիածին», 1995, դ 2–3։ Migne J.P., PG, t. 25–28, P., 1857–66; Quasten J., Patrology, v. 3, Utrecht, 1966; Geerard M., Clavis patrum Graecorum, v. 2, Brռpols-Turhnout, 1974, p. 12–60.

Հակոբ Քյոսեյան

« Ազգային Սահմանադրություն 1860   |   Աթոռ »
© Gratun.org