Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աթոռ

ԱԹՈՌ, եկեղեցական իմաստով՝ 1. առաքելական շնորհով հաստատված կամ փոխանցված եկեղեցու նվիրապետական իշխանության խորհրդանիշ: Նվիրապետական Աթոռները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վարչական կառուցվածքի բաղկացուցիչ մասն են: Հայ եկեղեցում գոյություն ունեն կաթողիկոսական, պատրիարքական և եպիսկոպոսական Աթոռներ: Կաթողիկոսական Աթոռները երկուսն են՝ Ամենայն հայոց ընդհանրական կաթողիկոսությունը՝ Ս. Էջմիածնում (Մայր աթոռ, տես Կաթողիկոսություն ամենայն հայոց) և Կիլիկիո Աթոռը՝ Անթիլիասում (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո): Պատրիարքական Աթոռները Հայ եկեղեցում ևս երկուսն են (տես Երուսաղեմի հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն): Առաջնորդական Աթոռ հասկացությունը ներկայումս գործածվում է հիմնականում եպիսկոպոսական Աթոռի համար, իսկ նախկինում գործածվել է նաև վանական առաջնորդությունների կամ վանական առաջնորդական Աթոռի պարագայում (տես Թեմ հոդվածում):

2. Եկեղեցական կահավորանքի մաս, գահ, գահավորակ, որի վրա բազմում է եկեղեցու նվիրապետը, աթոռակալը (կաթողիկոս, պատրիարք, թեմական առաջնորդ): Գոյություն ունեն հաստատուն և շարժական Աթոռներ: Հաստատուն Աթոռ հատուկ է նվիրապետին կամ աթոռակալին, Մայր եկեղեցիներում (առաջնորդանիստ) այն անշարժ դրվում է եկեղեցու աջակողմյան դասի գլխավերևում և, աթոռակալի աստիճանի մեծության համեմատ, կարող է ունենալ մեկ, երկու կամ երեք աստիճան բարձր պատվանդան: Հաստատուն Աթոռին բացի նվիրապետից ուրիշ բարձրաստիճան եկեղեցականներ չեն կարող նստել: Շարժական Աթոռը եկեղեցում գործածվում է ըստ անհրաժեշտության՝ բեմից քարոզելու, ատյանի (եկեղեցու բեմի և դասի մեջտեղը) համար, ձեռնադրությունների ժամանակ և այլ առիթներով: Աթոռները զարդարվում են նվիրապետության խորհրդանշանով, նվիրական զարդերով, վերին մասում՝ սյուների վրա, կարող է լինել Մայր եկեղեցու կամ կաթողիկեի մանրակերտը:

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.2, 1-ին պատկերը:

« Աթանաս Ալեքսանդրացի   |   Ալեքսանդրիա »
© Gratun.org