Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ալեքսանդրիա

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, քաղաք Եգիպտոսի (այժմ՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) հյուսիսում, Միջերկրական ծովի ափին, Նեղոս գետի դելտայի արևմտյան եզրին։ Ընդհանրական եկեղեցու հինգ պատրիարքական աթոռներից, քրիստոնեական մտքի, մշակույթի և գիտության նշանավոր կենտրոններից։ Հիմնադրել է հույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին (որի անունով էլ կոչվել է) Ք.ծ.ա. 332–331-ին։ Մինչ քրիստոնեության մուտքը Ալեքսանդրիա եգիպտական, հելլենիստական և հրեական մշակույթի, գիտության, կրթության կենտրոնն էր, Արևելքն ու Արևմուտքը միացնող Հին աշխարհի նշանավոր քաղաքներից։ Հայտնի էր իր մշակութային, գիտական, գրական և կրթական հաստատություններով (Ալեքսանդրիայի մուսեյոն, Ալեքսանդրիայի գրադարան, հեթանոսական տաճարներ), փիլիսոփայական դպրոցներով։ Ալեքսանդրիաում տիրող փիլիսոփայական ուղղությունը նորպլատոնականությունն էր, որը քրիստոնեական շրջանում մեծ ազդեցություն է ունեցել ալեքսանդրյան աստվածաբանության ձևավորման վրա։ Ալեքսանդրիաում է կատարվել Հին կտակարանի Յոթանասնից կոչված հունարեն թարգմանությունը Ք.ծ.ա. III դ.։

Քրիստոնեությունը Ալեքսանդրիա մուտք է գործել I դ., Մարկոս ավետարանչի քարոզչությամբ։ Վերջինս հիմնել է Ալեքսանդրիաի առաքելական աթոռը և ինքն էլ դարձել առաջին եպիսկոպոսը։ Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ Ալեքսանդրիաի եկեղեցին քրիստոնեական քարոզության, առաքելության և հավատի ուղղափառության կարևորագույն պատվարներից է եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար։ Ալեքսանդրիաի պատրիարքները, եկեղեցական հայրերը վճռական դեր են կատարել (մանավանդ՝ II–V դդ.) աստվածաբանության և քրիստոսաբանության բոլոր հիմնական հարցերում ուղղափառության պաշտպանության գործում և հերետիկոսությունների դեմ Ընդհանրական եկեղեցու մղած պայքարում։ Նրանք և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում համարվել են «պաշտպան ուղղափառ հաւատոյ»։ Այդ ժամանակաշրջանում Ալեքսանդրիաի եկեղեցու բովից հրապարակ են իջել մեծ դավանաբաններ ու ջատագովներ, ինչպիսիք էին Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը, Դիոնիսիոս Ալեքսանդրացին (190–265), Պետրոս (Ալեքսանդրիաի պատրիարք 300–312-ին), Ալեքսանդր (312–328), Թեոփիլոս (385–412) Ալեքսանդրացիները, Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Տիմոթեոս Կուզը և ուրիշներ։

Ալեքսանդրիաի աթոռի հեղինակությունը բարձրացել է քրիստոսաբանական մեծ վեճերի և երեք տիեզերական ժողովների ժամանակ, երբ հաղթել և ուղղափառ է ճանաչվել Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանությունը։ Ալեքսանդրիաի պատրիարքները հետևողականորեն պայքարել են արիոսականության (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325), հոգեմարտների (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381), նեստորականության (Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431), եվտիքականության դեմ։ Քաղկեդոնի ժողովից հետո Ալեքսանդրիաի աթոռը գլխավորել է հակաքաղկեդոնական պայքարը, խզել հաղորդությունը բյուզանդական եկեղեցուց և հավատարիմ մնացել երեք տիեզերաժողովների դավանությանն ու արևելաքրիստոնեական ավանդությանը։

641-ին, երբ Ալեքսանդրիան գրավել են արաբները, Ալեքսանդրիաի պատրիարքությունը կորցրել է իր երբեմնի փառքն ու նշանակությունը քրիստոնեական աշխարհում։ VII դարից Ղպտի ուղղափառ եկեղեցին («ղպտի» անվանումը Եգիպտոս տեղանվան աղճատված ձևն է, արաբներն այդպես կոչել են հին եգիպտացիների հետևորդներին՝ քրիստոնյա եգիպտացիներին, իսկ «ղպտի» անունը տարածվել է նաև Ալեքսանդրիաի եկեղեցու վրա) քաղկեդոնականությունը մերժած դավանակից մյուս եկեղեցիների (այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու) հետ կազմել է Արևելյան ուղղափառ (ոչքաղկեդոնական) եկեղեցիների ընտանիքը։

Ալեքսանդրիան ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է ոչ միայն իր պատրիարքական աթոռով, այլև՝ նշանավոր աստվածաբանական դպրոցով, որը քրիստոնեական աստվածաբանական առաջին դպրոցն էր։ Գնոստիցիզմի դեմ պայքարի անհրաժեշտությունից ելնելով՝ եկեղեցին մեծ ուշադրություն է դարձրել եկեղեցական գրականության զարգացմանը, դպրոցներ հիմնելուն, որոնք պետք է համակարգված հերքեին գնոստիկյան ուսմունքները, սուրբգրային քմահաճ մեկնաբանությունները։ Այդպես առաջացավ Ալեքսանդրիաի քրիստոնեական աստվածաբանական մեծ դպրոցը մոտ 180-ին, որի առաջին ուսուցիչն է եղել սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսը (մահ. մոտ 200ին)։ Ալեքսանդրիաի դպրոցն առաջինն էր, որ սահմանել է եկեղեցական-գիտական աստվածաբանության հիմնական սկզբունքներն ու եղանակները, առաջին քայլը կատարել դասական հին գիտությունն ու փիլիսոփայությունը «եկեղեցականացնելու» գործում, ձգտելով հաշտեցնել «գիտությունը քրիստոնեական հավատքի հետ, հին քաղաքակրթությունը՝ Ավետարանի հետ» (Սագարդա, «Յոյն Արևելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը», էջ 17–18)։

Եթե եկեղեցական քաղաքականության մեջ Ալեքսանդրիան մրցակցել է Կ. Պոլսի աթոռի հետ՝ Արևելքում գերիշխանության հասնելու համար, ապա աստվածաբանական հարցերում պայքարի ու հակաճառության մեջ է եղել Անտիոքի աստվածաբանական դպրոցի հետ։ Ալեքսանդրիաի դպրոցի մշակած եկեղեցական գրականության որոշիչ նկարագիրն է հավատի բովանդակության բնազանցական ուսումնասիրությունը, մեծ հակումը դեպի Պլատոնի և նորպլատոնական փիլիսոփայությունը և Աստվածաշնչի այլաբանական մեկնությունը (տես Մեկնողական գրականություն)՝ ի հակադրություն Անտիոքի դպրոցում գերակշռող Արիստոտելի փիլիսոփայության և Ս. Գրքի մեկնության պատմաբանասիրական եղանակի։ Ալեքսանդրիաի և Անտիոքի ուղղությունների միջև պայքարը հող է պատրաստել հաջորդ դարերի դավանական մեծ վեճերի համար։

Ալեքսանդրիաի աստվածաբանական դպրոցը, որը հիմնվել է առավելապես քրիստոնեական քարոզության նպատակով, ունեցել է կանոնավոր շրջանների բաժանված դասընթացներ, ուսուցման որոշ եղանակ ու ծրագիր թե՛ հեթանոս և թե՛ նորադարձ քրիստոնյա ուսանողների համար։ Հեթանոս ուսանողները մասնակցել են ընդհանուր դասախոսություններին։ Նրանց համար դասավանդվող հիմնական առարկաներն էին դիալեկտիկան, ֆիզիկան, մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղագիտությունը, հունական փիլիսոփայությունը և հայեցողական աստվածաբանությունը։ Իսկ բարձրագույն գիտակրոնանական դասախոսություններին մասնակցել են միայն քրիստոնյա ուսանողները, որոնք բացի վերոհիշյալ առարկաներից սովորել են նաև քրիստոնեական աստվածաբանություն, Աստվածաշնչի այլաբանական մեկնություն և փիլիսոփայություն։

Ալեքսանդրիաի աստվածաբանական դպրոցն իր ծաղկման առաջին շրջանն է ապրել III դ. սկզբին, երբ Պանտենոսի մահից հետո դպրոցը ղեկավարել են Կղեմես Ալեքսանդրացին (200–203) և Որոգինեսը (203–215)։ Սակայն երբ 215-ին Կարակալլա կայսրը գրավել է Ալեքսանդրիան, փակել է աստվածաբանական դպրոցը, հալածել դասախոսներին, Որոգինեսը հեռացել է Պաղեստինյան Կեսարիա և այնտեղ հիմնել նոր դպրոց՝ առաջնորդվելով Ալեքսանդրիաի դպրոցում իր մշակած և հաստատած մանկավարժական ավանդույթներով, ուսման նույն ծրագրերով։ Ալեքսանդրիաի դպրոցի երկրորդ շրջանն սկսվել է IV դ. սկզբից և իր ծաղկման գագաթնակետին հասել եկեղեցու հայրեր, Ալեքսանդրիաի պատրիարքներ Աթանաս և Կյուրեղ Ալեքսանդրացիների օրոք, որոնք նաև դպրոցի ղեկավարն ու ոգին էին։ IV–V դդ. քրիստոսաբանական մեծ վեճերի շրջանում Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Ալեքսանդրիաի և Անտիոքի աստվածաբանական դպրոցների պայքարով, ու մինչև V դ. վերջը դավանական շարժումների մեջ առաջնորդող դերը պատկանել է Ալեքսանդրիաի դպրոցի աստվածաբանությանը։

Ալեքսանդրյան դպրոցի քրիստոսաբանությունը խարսխված է «մի բնութիւն Բանին Աստուծոյ մարդացելոյ» բանաձևի վրա։ Քրիստոսը կատարյալ Աստված է և կատարյալ մարդ։ Աստվածությունը և Մարդեղությունն անփոփոխելի, անշփոթելի և անբաժանելի կերպով միացած են «մի բնության» մեջ։ Այս միությունն էական և բնական միություն է և, միևնույն ժամանակ՝ անճառելի և անհասանելի մտքի համար։ Ալեքսանդրյան ավանդությունը մերժում է ցանկացած բաժանություն և երկվություն Քրիստոսի մեջ։ Մի է Քրիստոս՝ մարմնացյալ Բանը, մի աստվածամարդկային բնություն, մի անձ, մի դեմք, մի կամք, մի ներգործություն։ Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության ամենանշանավոր ներկայացուցիչը Աթանաս Ալեքսանդրացին է։ Նա քրիստոնեական ամբողջ աշխարհայեցողությունը կենտրոնացրել է փրկության գաղափարի մեջ և հաստատել քրիստոնեության էության ըմբռնումը որպես փրկության կրոնի էություն։ Նրա բոլոր ձգտումներն ուղղված էին Փրկչին և փրկությանը, փրկության գաղափարի տեսակետից քրիստոնեության մեջ Քրիստոսի կենտրոնական նշանակությունը ճանաչելուն։ Հիսուս Քրիստոսի անձնավորության մեջ աշխարհ է եկել կատարյալ և ճշմարիտ աստվածությունը։ Փրկության խորհուրդը, որ է՝ Աստվածամարդու միջոցով մարդկության փրկությունը աստվածային կյանքի համար, Աթանաս Մեծը դարձրել է քրիստոնեական կրոնի մեծ սկզբունքը, աստվածաբանության ուղղությունը։ Աթանաս Ալեքսանդրացին փրկության գաղափարը խտացրել է «Աստված մարդացավ, որպեսզի մարդ աստվածանա» բանաձևի մեջ, որը և եղել է քրիստոսաբանության արևելաքրիստոնեական ընկալման առանցքը։ Ալեքսանդրիաի դպրոցը շեշտել է Քրիստոսի աստվածությունը, Անտիոքի դպրոցը՝ Քրիստոսի մարդ լինելը։ Քրիստոսի մեջ շեշտելով մարդը («խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած»)՝ Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները գտնում էին, որ Քրիստոսն ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ է, ունի երկու բնություն՝ Աստված առանձին, մարդն առանձին, նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը՝ ճշմարտապես բնությամբ որդի, իսկ մյուսը շնորհիվ որդեգրության՝ Աստված։ Ալեքսանդրիաի և Անտիոքի դպրոցների աստվածաբանական համակարգերի, քրիստոսաբանական խոստովանությունների իրարամերժությունն արտահայտվել է հետևյալ բանաձևով. «Ինքը Աստվածն է մարդ դարձել», «մարդացյալ Աստված» (Ալեքսանդրիաի դպրոց) և «Մարդ, որն աստվածացել է», «Աստվածազգեստ մարդ» (Անտիոքի դպրոց)։

Ալեքսանդրիաի դպրոցի ինքնուրույն հոսանք է կապադովկյան հայրերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի) աստվածաբանությունը, որը կրում է Աթանաս Ալեքսանդրացու և, հատկապես, Որոգինեսի ազդեցությունը։ Իր առանձնահատկություններով հանդերձ կապադովկյան հայրերի աստվածաբանական վարդապետությունը ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության նոր շրջանն էր։ Ալեքսանդրիաի, ինչպես և Անտիոքի աստվածաբան. դպրոցները փակվել են VI դ., բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի օրոք (527–565)։

Հայ եկեղեցականի մասին ամենահին տեղեկությունը կապված է Ալեքսանդրիաի աթոռի հետ։ Եվսեբիոս Կեսարացին իր «Պատմութիւն եկեղեցւոյ» աշխատության մեջ վկայում է, որ Ալեքսանդրիաի Դիոնիսիոս եպիսկոպոսը (248–265) նամակ է գրել հայոց Մեհրուժան եպիսկոպոսին (ըստ Ն. Ադոնցի՝ նրա նստավայրը գտնվել է Ծոփաց աշխարհի Անգեղ գավառում)։ Դիոնիսիոս Ալեքսանդրացին Մեհրուժան եպիսկոպոսի կարծիքն է հարցրել քրիստոնյաների դեմ Դեկոս կայսրի (250–253) հալածանքների ժամանակ քրիստոնեությունն ուրացածներին ապաշխարությամբ կրկին եկեղեցի ընդունելու վերաբերյալ։ V–VI դդ. կրթություն ստանալու համար Հայաստանից Ալեքսանդրիա են մեկնել հայ երիտասարդներ, որոնց թվում՝ պատմահայր Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը։ V դ. վերջին Ալեքսանդրիաի պատրիարք Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» հակաքաղկեդոնական երկի հայերեն թարգմանությամբ, այնուհետև 506-ին Դվինի եկեղեցական ժողովում Քաղկեդոնի մերժմամբ Հայ եկեղեցին կանգնել է ալեքսանդրյան աստվածաբանության դիրքերի վրա՝ մերժելով հանգանակի վրա ավելացված, ալեքսանդրյան ավանդությանը և երեք տիեզերաժողովների դավանությանը հակասող ամեն մի նորամուծություն։

Գրկ. Տեր Մինասյան Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։ Սագարդա Ն., Յոյն-Արևելքի հին եկեղեցական աստուածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում, Էջմիածին, 1910։ Օրմանյան Մ., Հայ եկեղեցին, ԿՊ, 1911։ Հատիտյան Ա., Ալեքսանդրիայի եկեղեցու մեծ հայրապետները Բ–Ե դարերում, «Էջմիածին», 1981, դ 8։ Quasten J., Patrology, v. 2–3, Utrecht, 1966.

Արտաշես Ղազարյան

« Աթոռ   |   Ալիշան »
© Gratun.org