Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ալիշան

Ալիշան

ԱԼԻՇԱՆ Ղևոնդ (Ալիշանյան Քերովբե Պետրոս Մարգարի) [6(18).7.1820, Կ. Պոլիս – 9(22).11.1901, Ս. Ղազար, Վենետիկ], բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։ Ծնվել է դրամագետ հնագետի ընտանիքում։ Ուսանել է Կ. Պոլսի Չալըխյան վարժարանում (1830–32), Վենետիկի Մխիթարյանների վարժարանում (1832–41)։ 1841–50-ին, ապա 1866–72-ին՝ ուսուցիչ (1848ից՝ տեսուչ) Վենետիկի Ռափայելյան, 1859–61ին՝ Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1849–51-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը, 1872-ից ամբողջովին նվիրվել գրական գործունեության։

Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի հնագիտական ընկերության (1894), Վենետիկի ակադեմիայի (1896), Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերության (1896), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի (1897) պատվավոր անդամ և դոկտոր։

Ալիշանի գիտագեղարվեստական գործունեությունն սկսվել է 1843-ից՝ «Բազմավեպում» տպագրված արձակ ու չափածո և գիտաճանաչողական գործերով, որոնց թվում է նրա բանաստեղծական ժառանգության բարձրակետը՝ «Նահապետի երգերը»։ «Սոփերք Հայկականք» մատենաշարով Ալիշանը ընդլայնել է հայ հին գրականության հրատարակման շրջանակն առավել պարզ շարադրանք ունեցող մատենագրական մանր երկերով, որոնք նպաստելու էին Հայ եկեղեցու և դպրության առաջին դարերի պատմության հարցերի լուսաբանմանը։ Օսմանյան կայսրությունում հայության դեմ ուժեղացող հալածանքների պայմաններում, «Սոփերք Հայկականքի» հերոսների օրինակով, Ալիշանը այլաբանության ու փոխաբերության լեզվով և պատմական զուգահեռների միջոցով հորդորել է հավատարիմ մնալ հայրենատուր ավանդներին և նահատակների արյամբ ոռոգված հողին։ Նույն նպատակին է ծառայել նաև Ալիշանի գեղարվեստական արձակը՝ «Յուշիկք հայրենեաց հայոցը» (հ. 1–2, 1869–1870)։ Այստեղ հեղինակը, ըստ Հայ եկեղեցու Տոնացույցի, ներկայացրել է Հայոց պատմության ու մշակույթի նշանակալից 33 դրվագներ, որոնցում դիմել է Հայկ Նահապետի նորօրյա շառավղին՝ պատանի Հայկակին՝ պատգամելով հավատարիմ մնալ աստվածադիր օրենքներին և հայրենատուր ավանդներին։

1850-ական թթ. Ալիշանը, շարունակելով Մխիթարյան աշխարհագրագիտության ավանդները, ձեռնամուխ է եղել պատմական Հայաստանի նահանգների գավառ առ գավառ տեղագրությանը։ Ալիշանը ծրագրել էր պատմական Հայաստանի նահանգներն ու գավառները տեղագրել 20–22 մեծադիր հատորներով, սակայն մասնակիորեն է իրականացրել իր ծրագիրը՝ հրատարակված չորս հատորով՝ «Շիրակ» (1881), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893)։ Դրանք ներկայացրել է համաձայն հին Հայաստանի նահանգների վարչական բաժանման՝ հանգամանորեն անդրադառնալով նաև պատմական հուշարձաններին, վանքերին ու եկեղեցիներին, հոգևոր-մշակութային կենտրոններին։

Կյանքի վերջին շրջանում, ի մի բերելով հայագիտության տարբեր բնագավառներին վերաբերող նյութերը, Ալիշանը հրատարակել է «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» (1895) և «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) ուսումնասիրությունները։ «Հին հաւատքում» միմյանցից հեռու բնակվող ժողովուրդների պաշտամունքային ընդհանրությունները և դրանք արտահայտող բառերի հաճախ միևնույն արմատից ծագելը բացատրում է այն հանգամանքով, որ սկզբնապես բոլորը պաշտել են ճշմարիտ Աստծուն, այնուհետև շեղվել են ճշմարիտ հավատքից՝ կռապաշտական ու հեթանոսական մոլորություններով և այս խոտորումներով հանդերձ պահպանել սկզբնական հավատքի հեռավոր հիշողությունը։ Ըստ Ալիշանի, ոչ թե հեթանոսական սովորություններն են քրիստոնեական վերիմաստավորման ենթարկվել, այլ պաշտամունքային յուրաքանչյուր ձև, լինելով ճշմարիտ հավատքի խաթարված վիճակ, իր նախասկզբին է գալիս քրիստոնեությամբ։

Ալիշանի ավելի քան կեսդարյա գիտագեղարվեստական գործունեության ամփոփումն է «Հայապատումը» (1901)։ Երկի առաջին մասը՝ «Պատմիչք Հայոց»ը, նվիրված է հայ պատմագրության պատմությանը, երկրորդը՝ «Պատմութիւնք Հայոց»-ը, տարբեր պատմիչներից ընտրված և դեպքերի ժամանակագրական կարգով խմբավորված 400 հատվածներով ներկայացնում է վաղագույն շրջանից մինչև XVII դ. Հայոց պատմությունը։

Ալիշանը իր գիտական մեթոդաբանությունը խարսխել է հոգևոր աշխարհայացքի վրա։ Համաշխարհային պատմությունից բխեցնելով հայոց պատմությունը, որի սկզբնավորումը, ըստ Ալիշանի, նույն անում է Ծննդոց գրքին, հեղինակն այն հասցրել է մինչև բաբելոնյան աշտարակաշինությունը, ապա շարունակել Հայկ Նահապետով։ Ալիշանի անխախտ համոզմամբ՝ Դրախտը գտնվել է Հայաստանում։ Այդ հավաստելու համար, ի տարբերություն իր նախորդների, չի բավարարվել միայն Աստվածաշնչի և Ընդհանրական եկեղեցու հայրերի խոսքերի վկայակոչմամբ, այլ դիմել է ժամանակի բնագիտության, երկրաբանության, բուսաբանության, հնէաբանության ու մյուս գիտակարգերի քննությամբ վեր հանված փաստական տվյալներին ու նյութերին։ «Դրախտ Հայաստանիի» մխիթարյան ըմբռնումը, թե Դրախտը գտնվել է Հայաստանում, ու Ջրհեղեղից հետո կյանքը վերստին նորոգվել է Հայաստանից՝ Արարատի փեշերից, արտացոլվել է [Ալիշանի աշխարհագրական հատորներից և «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան» (հրտ. 1904) անավարտ գործից բացի] նաև նրա բանաստեղծություններում («Հայրունի») և գեղարվեստական արձակում։ Հեղինակը ազգային հայրենասիրականի ու հոգևոր եկեղեցականի շաղկապվածության գաղափարը «Յուշիկների» վերջաբանում սահմանել է հետևյալ տողերով. «Հաւատարիմն Աստուծոյ և իր անձին՝ հաւատարիմ է և հայրենեաց։ Անհաւատարիմն հայրենեաց՝ չէ հաւատարիմ և իր հոգւոյն և ոչ երկնից»։

Եկեղեցու հայրերի ու տարբեր ստեղծագործողների հոգևոր-կրոնական խորհրդածությունների մի գեղեցիկ ծաղկաքաղ է Ալիշանի կազմած ու հրատարակած «Սնունդք սրտի եւ հոգւո» (1888) գրքույկը։ Կրոնական շեշտված դրոշմ են կրում նրա բանաստեղծական ժառանգությունն ամփոփող «Նուագքի» (հ. 1–5, 1857–58) հատորները («Մանկունի», «Մաղթունի», «Հայրունի», «Տերունի», «Տխրունի»)։ Հայաստանում առաքելական քարոզչությանը, քրիստոնեության տարածմանը և Հայոց դարձին է նվիրված «Արշալոյս քրիստոնեութեան հայոց» (1901) գիտագեղարվեստական երկը։ Ալիշանը իր գրեթե բոլոր ստեղծագործությունների տարբեր հատվածներում անդրադարձել է եկեղեցուն, նրա նահատակներին և նշանավոր սրբերին։

Երկ. Հայոց երգք ռամկական, Վնտ., 1852։ Քաղաքական աշխարհագրութիւն, Վնտ., 1853։ Շնորհալի եւ պարագայ իւր, Վնտ., 1873։ Հայ-Վենետ, Վնտ., 1896։ Ճառք հոգեւորք վասն միանձանց, մաս 1, 2, Վնտ., 1904, 1927։

Գրկ. Երեմյան Ս., Կենսագրութիւն հ. Ալիշանի, Վնտ., 1902։ Սարինյան Ս., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966։ Շտիկյան Ս., Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը, Ե., 1967։

Վարդան Դևրիկյան

« Ալեքսանդրիա   |   Ախալցխայի Ս. Վարդանանց Եկեղեցի »
© Gratun.org