Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ախթալայի Ս. Աստվածածին Վանք

Ախթալայի Ս. Աստվածածին Վանք

ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա։ Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ.՝ Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում։ Ախթալայի Ս. Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր։ Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսից է։ Այն թաղակապ ձգված սրահ է, որից արևելյան բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը։

XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի։ Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան։ Ախթալայի Ս. Աստվածածին վանքում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին։ Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն։ Պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած՝ Օրբելյանների «Աստվածընկալ Սուրբ Խաչը», որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին։ Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ախթալայի Ս. Աստվածածին վանքում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն։ 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը։

Ախթալայի Ս. Աստվածածին վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք։ Եկեղեցու աղոթասրահն արևելքում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են։ Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետ համատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա։ Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը։ Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով։ Ս. Աստվածածին եկեղեցուն արևելքից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (XIII դ.)։ Վանքի բակի հյուսիս-արևմտյան կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (XIII դ.)՝ արևելյան ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով։ Վանքն ունեցել է բնակելի և տնտեսական շինություններ, որոնցից պահպանվել են արևելյան պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը։ 1976–78-ին Ախթալայի Ս. Աստվածածին վանքը մասնակի վերանորոգվել է։

Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հյուսիս-արևմտյան մասից) նկարազարդված է։ Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձր արվեստ որմնանկարներով (XIII դ.)։ Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած, նրանից ցած՝ «Հաղորդություն» տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին ևն)։ Հյուսիսային պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հարավային-արևմտյան կողմը նվիրված է ս. Հովհաննես Մկրտչին։ Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սըրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները։ Արտակարգ բազմազան են զարդանկարները։ Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը։ Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերս ունի XI դ. հայկական մանրանկարչության, հատկապես «Մողնու Ավետարան»-ի պատկերազարդման հետ։ Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն)։ Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզանդական արվեստին։ Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացական և հունական արձանագրությունները վկայում են, որ Ախթալայի Ս. Աստվածածին վանքի որմնանկարները կատարել են քաղկեդոնական հայ նկարիչներ։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.2, 3-րդ պատկերը։

Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982։ Ոսկյան Հ., Գուգարքի վանքերը, Վնն., 1960։ Եղիազարյան Հ., Ախթալայի վանքը և նրա հետ կապված Ախթալա ավանի մյուս հուշ արձանները, «Էջմիածին», 1968, դ 7։ Մուրադյան Պ., Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Ե., 1977։ Շախկյան Գ., Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Ե., 1986։ Lidov A., The Mural Painting of Akhtala, Moskow, 1991.

Ալեքսանդր Ջալալյան
Նիկոլայ Քոթանջյան

« Ախալցխայի Ս. Վարդանանց Եկեղեցի   |   Ականց Անապատ »
© Gratun.org