Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ականց Անապատ

ԱԿԱՆՑ ԱՆԱՊԱՏ, Ակներ վանք, Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից, գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն։ Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին, Բարձրբերդ բերդի մերձակայքում, Ակներ գյուղի շրջակայքում, աղբյուրաշատ վայրում։ Անվանումը ծագել է ակն, ակներ, ակունք բառերից։ Վանքը կառուցել է Լևոն Բ թագավորը 1198–1203-ին, օծել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը։ Գործելով Կիլիկիայի Հայկական թագավորության քաղաքական և ռազմական հզորության ժամանակաշրջանում՝ վանքը եղել է նաև պետության դիվանագիտական ու հոգևոր գործերի խորհրդարան։ Ականց Անապատի մասին վկայություններ են թողել Սամուել Անեցին (XII դ.), Կիրակոս Գանձակեցին (XIII դ.), Վահրամ Րաբունին (XIII դ.), Հեթում Պատմիչը (XIV դ.), Դավիթ Բաղիշեցին (XVII դ.)։ Համակառույցի կազմում հիշատակվում են երեք եկեղեցիներ՝ Ս. Աստվածածին, Ս. Հակոբ (կամ Ս. Նշան) և Ս. Առաքելոց։

Ականց Անապատը իր գոյության համեմատաբար կարճ ժամանակամիջոցում համահայկ. հռչակ է վայելել գրչության արվեստով։ Վկայություններ կան նաև Արևելյան Հայաստանի հետ կապերի մասին։ Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215-ից է, ամենաուշը՝ 1342-ից։ Վանքում ընդօրինակվել են բազմաթիվ հոգևոր ճառերի ժողովածուներ, Ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի Պատմությունը, մեկնություններ ևն (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր), որոնց հիշատակարաններում տեղեկություններ կան ժամանակի դեպքերի, պատմական անձերի մասին։ Գրչության բարձր արվեստով նշանավոր են Պետրոսի, Դավթի, Բարսեղի, Ղազարի, Վարդանի, Ներսեսի, նրա որդի Սերովբեի և այլոց ձեռագրերը։ Ականց Անապատի միաբաններից էր պատմիչ Գրիգոր Ակներցին։ Նա, 1273-ին կատարելությամբ ընդօրինակելով Միքայել Ասորու «Ժամանակագրութիւն»-ը, գրել է նաև «Պատմութիւն վասն ազգին նետողաց» աշխատությունը։

Ականց Անապատը եղել է XIII դ. կիլիկյան մանրանկարչության վերելքի շրջանի ինքնատիպ կենտրոններից մեկը, Գռների և Բարձրբերդի գրչատների հետ կազմել Հովհաննես Արքաեղբայր րաբունապետի մանրանկարչական «դպրոցը», որտեղ մշակվել է գրքի գեղարվեստական ձևավորման մի ոճ, որի առանձնահատուկ կողմերն են՝ մարդկային մարմնի համաչափությունների և զարդապատկերների առանձին դրվագների ճիշտ վերարտադրությունը, պատկերագրական որոշ կանոնների ինքնատիպ լուծման ձգտումը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը։ Ականց Անապատում ընդօրինակված և պատկերազարդված ձեռագրերից նշանավոր են 1287-ի Ավետարանը, «Վասակ իշխանի Ավետարանը», որոնց նախատիպն է եղել «Կեռան թագուհու Ավետարանը» (1272)՝ նվիրված «Ի վանս որ կոչի Ակներ»։ Ականց Անապատում են գործել Պողոս, Գրիգոր, Կարապետ, Հովհաննես ծաղկողները, Ըռուբեն, Բարսեղ քահանա կազմողները և ուրիշներ։

Ականց Անապատի միաբանությունը եռանդուն մասնակցություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի կրոնաեկեղեցական գործերին։ Հայոց Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1306-ին Հեթում Բ-ին ուղղած մի թղթում հիշում է Ականց Անապատի միաբանությունը՝ որպես պարկեշտ, կատարյալ և խելոք մարդկանցից կազմված հաստատություն։ 1307-ի Սսի եկեղեցական ժողովին մասնակցել են նաև Ակների պատգամավորները՝ հանձին Վարդան վարդապետի և Սարգիս վանահոր։ Գահից հրաժարվելուց հետո Ականց Անապատում է առանձնացել Հեթում Ա թագավորը (1226–70)։ Այնտեղ է թաղված Լևոն Բ թագավորի սիրտը, ինչպես և Պաղտին մարաջախտը, իշխաններ, հոգևորականներ։ XIV դարից հետո Ականց Անապատի անունն այլևս չի հիշատակվում (հավանաբար ավերել են եգիպտական զորքերը՝ 1375-ին Սիսը պաշարելու ժամանակ)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.3, 1–2-րդ պատկերները։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։ Ակինյան Ն., «Ականց կամ Ակների վանքը», տես նրա Մատենագրական հետազոտություններ, հ. 5, Վնն., 1953։ Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ., Ե., 1964, էջ 76–88։ Մելիք Բախշյան Ս., Ակների գրչության դպրոցը, ԲԵՀ, 1968, դ 3։

« Ախթալայի Ս. Աստվածածին Վանք   |   Ակինյան »
© Gratun.org