Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ակինյան

Ակինյան

ԱԿԻՆՅԱՆ Ներսես Հակոբի (ավազանի անունը՝ Գաբրիել, 10.9.1883, Արդվին – 28.10.1963, Վիեննա), բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլիսոփայական պատվավոր դ-ր (1954)։ Նախն. կրթությունն ստացել է Արդվինում, ապա 1895-ին ընդունվել Վիեննայի Մխիթարյանների վարժարանը։ Առաջին ուսուցիչն է եղել Հ. Տաշյանը։ Հետևել է Վիեննայի համալսարանի հունա-հռոմեական, բյուզանդական մշակույթի պատմության, հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին, հմտացել աստվածաբանության, փիլիսոփայության մեջ, աշակերտել ավստրիացի արվեստաբան, հայ ճարտարապետության և արվեստի նշանավոր հետազոտող Յ. Ստրժիգովսկուն, հետագայում դարձել նրա խորհրդատուն, ապա և աշխատակիցը։ Համալսարանի դասընթացներն ավարտելուց հետո 1907-ին ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Վիեննայի Մխիթարյանների Մայրավանքում. 1907ին՝ ուսուցիչ դպրեվանքում, 1908–11-ին՝ փոխտնօրեն, 1916–20-ին՝ տնօրեն, 1909–63ին՝ միաբանության մատենադարանապետ, միաժամանակ (ընդհատումներով)՝ «Հանդես ամսօրյայի» խմբագիր։ 1931-ին ընտրվել է Մխիթարյան միաբանության ընդհանուր վարչության անդամ, 1931–37-ին՝ Մայրավանքի մեծավոր, հյուրընկալ։ Հայ մշակույթն ուսումնասիրելու համար շրջել է «երկրէ երկիր», «բախել ամեն դուռ», հավաքել բազմահազար հայերեն ձեռագիր ու տպագիր գրքեր։ 1912-ին Ս. Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա և ուրիշ հնավայրեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին։ 1923–29-ին աշխատել է Ս. Էջմիածնի ձեռագրատանը։ 1929ին կալանավորվել է, 40 օր անց ազատվելով՝ ստիպված հեռացել է Հայաստանից։ Այնուհետև շարունակել է իր ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով յոթ տարի մնացել է Բեյրութում, 1946-ի աշնանը վերադարձել Վիեննա։

Ակինյանը թողել է ավելի քան 40 ուսումնասիրություն, որոնք վերաբերում են միջնադարյան մատենագրության ու հայագիտության տարբեր հարցերի վերլուծմանն ու բնագրագիտական խնդիրներին։ Հայագիտությունը Ակինյանին է պարտական աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերեն բազմաթիվ ձեռագրերի բովանդակությանը ծանոթանալու համար։ Նրա ջանքերով են հրատարակվել Կիպրոսի, Լեհաստանի, Ուկրաինայի հավաքածուների ձեռագրացուցակները, ստեղծվել Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման պատմության քիչ թե շատ ամբողջական պատկերը («Հայ-վրացական յարաբերութիւնք Դ-Է դարուն մէջ», 1907)։ Ակինյանին մշտապես հետաքրքրել է Հայ եկեղեցու հազարամյա (ըստ նրա, Հայ եկեղեցին սկզբնավորվել է III դ. 20-ական թթ.) և մատենագրության ողջ պատմությունը, որոնց համար հաճախ առաջարկել է ինքնատիպ ժամանակագրություն։ «Դասական հայերէնը և Վիեննական Մխիթարեան դպրոցը» (1932) մենագրությունում թվագրել է հայ մատենագրության վաղ շրջանի երկերը, հունաբան դպրոցի թարգմանություններից առանձնացրել դասական հայերենով գրված գործերը։ Անդրադարձել է Ընդհանրական եկեղեցու հայրերի և մատենագիրների՝ Տիմոթեոս Կուզի, Իրենիոսի, Դիոնիսիոս Արիոպագացու, Հովհան Ոսկեբերանի, Հովհաննես Աստվածաբանի, Եփրեմ Ասորու, Պրոկղ Դիադոխոսի, Հովհան Կլիմաքոսի, Հովհան Դամասկացու և այլոց երկերին, հայ մատենագրության մեջ հայտնաբերել, ուսումնասիրել ու հրապարակել է դրանք։

Ակինյանի ուսումնասիրությունների հիմնական առարկաներն են հայ ինքնուրույն և թարգմ. գրականությունը, մատենագրական երկերի բնագրագիտական քննությունը։ Նա փորձել է սպառիչ տեղեկություններ հաղորդել իրեն հետաքըրքրող այս կամ այն երկի վերաբերյալ, սակայն միջնադարյան բնագրերը երբեմն վերաձևել է, հարմարեցրել իր տեսություններին, ինչին «զոհ» են դարձել Ագաթանգեղոսը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Ղևոնդը, Սեբեոսը, Կորյունը և այլք։

Ակինյանը աշխատակցել է հայ․, գերմ․, անգլ․ բազմաթիվ հանդեսների, իր շուրջը համախմբել նշանավոր գիտնականների, Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ կարդացել հայ ձեռագիր մշակույթի մասին, նպաստել հայագիտության զարգացմանը։ Ակինյանի անտիպ աշխատությունները պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում։

Երկ. Մատենագրական հետազոտություններ, հ. 1–6, Վնն., 1922–64։ Քրիստոնեութեան մուտքը Հայաստան և Վրաստան, Վնն., 1949։ Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարսոնի. կյանքը և գրական վաստակը..., Վնն., 1956։ Եվսեբիա եպիսկոպոսի Եմեսացւոյ ճառք, ՀԱ, 1956–59։ Դավիթ Հարքացի Անհաղթ փիլիսոփա. կյանքը և գործերը, Վնն., 1959։

Գրկ. Հրանտ Արմեն, Խորենացի, Եղիշե և Հ. Ներսես Ակինյան, Երուսաղեմ, 1951։ Ինգլիզյան Վ., Հ. Ներսես վրդ. Ակինյան – հայ բանասերը, Վնն., 1954։

Ազատ Բոզոյան

« Ականց Անապատ   |   Ակոռիի Ս. Հակոբ Վանք »
© Gratun.org