Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ակոռիի Ս. Հակոբ Վանք

ԱԿՈՌԻԻ Ս. ՀԱԿՈԲ ՎԱՆՔ, Մեծ Մասիս լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերև։ Հիմնվել է IV դ., այն տեղում, որտեղ, ըստ ավանդության, ս. Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան տապանի մի կտոր։ Ակոռիի Ս. Հակոբ վանքի եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, կառուցվել է սև որձաքարով։ Պատերին ունեցել է XIII–XIV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Վանքի ուղղանկյուն պարիսպներին ներսից կից են եղել միաբանների կացարաններն ու օժանդակ շինությունները։ Ակոռիի Ս. Հակոբ վանքում պահվել են ս. Հակոբ հայրապետի կարծեցյալ մատը և Նոյյան տապանի փայտի կտորը՝ միմյանց շղթայով ամրացված (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում)։ Վանքի մոտ բխել է սրբազան աղբյուր, որի ջրով հայ շինականները ցողել են արտերը՝ մորեխներից պաշտպանելու համար։ Ակոռիի Ս. Հակոբ վանքը կործանվել է 1840-ի հուլիսի 2-ի երկրաշարժից՝ գյուղի և Ակոռիի Ս. Առաքելոց վանքի հետ միասին ընկղմվելով լեռան խորխորատը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.3, 3-րդ պատկերը։

Գրկ. Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903։ Parrot F., Reiszum Ararat, Lpz., 1985.

Մուրադ Հասրաթյան

« Ակինյան   |   Աղ »
© Gratun.org