Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղ

ԱՂ, անարյուն զոհաբերության նյութ կամ ընծա, որ կիրառվում է եկեղեցիներում։ Հոգևոր առումով ունի մաքրագործիչ, պահպանիչ և զորացուցիչ նշանակություն։ Ավանդված է դեռևս Հին կտակարանից, մովսիսական օրենքով. «Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի. ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծու ուխտի աղը. բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք» (Ղևտ. 2.13)։ Աղը մատուցվում էր մյուս անարյուն զոհաբերությունների՝ ալյուրի, ձեթի, խունկի, ցորենի և այլ ընծայաբերումների շարքում, որպես երախայրիք Աստծո սեղանին կամ եկեղեցուն։ Նոր կտակարանում Աղի խորհրդաբանությունը կապվում է առաքյալների և առհասարակ հավատացյալ մարդու հետ, ինչպես հավաստում է տերուն ական խոսքը. «Դո՛ւք եք երկրի աղը...» (Մատթ. 5.13, Մարկ. 9.49, Ղուկ. 14.34–35)։ Աղը օգտագործվում է մատաղի ժամանակ։

Աղօրհնեք, Հայ եկեղեցում ընդունված խորհրդապաշտական արարողություն։ Ըստ Սահակ Ա Պարթևի եկեղեցական կանոնների և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականի», Աղի օրհնությունը հաստատել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Օրհնված Աղը զոհաբերվող (մատաղացու) կենդանուն տալով՝ վերացվում է նախնական մեղքը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով անիծվել են իրենց հետ դրախտում եղած կենդանիները ևս, ինչպես նաև ողջ երկիրը։ Քահանայի օրհնած աղը, մաքրելով տվյալ կենդանուն, արժանի է դարձնում նվիրաբերելու Աստծուն։ Աղը օրհնվում է նաև Տնօրհնեքի (տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում) ժամանակ և այլ պարագաներում։

Եղիշե ավ. քհն. Սարգսյան
Լևոն Սարգսյան

« Ակոռիի Ս. Հակոբ Վանք   |   Աղանդ »
© Gratun.org