Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղանդ

ԱՂԱՆԴ, համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, բուդդայականություն, մահմեդականություն ևն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Քրիստոնեության ներսում աղանդ է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հասարակայնորեն ընդունված հիմնական կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված։

Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը։ Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության, նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստոնեական ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման։ Ուստի մեծամասնության կողմից աղանդը համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր։

Աղանդ, հերետիկոսություն, հերձված հասկացությունների սահմանները այնքան էլ հստակ չեն։ Հերետիկոսությունը տարբեր է հերձվածից, որը նույնպես նշանակում է մեկուսացում հավատացյալների եկեղեց. համայնքի կազմից։ Հնում հերձված ասելով նկատի են ունեցել եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ մեկնաբանող քրիստ. ուղղությունները, մինչդեռ աղանդ ասելով հասկացել են ոչ քրիստ. կրոնները։

Աղանդի և հերետիկոսության տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան՝ հենց ուսմունքի բուն բովանդակությունը։

Եվրոպայում Աղանդները (հատկապես Վերածննդից հետո) ժամանակի ընթացքում հասել են ճանաչման և կրոնական պայքարի ընթացքում՝ նայած իշխանությունների հետ ունեցած նրանց հարաբերություններին, երբեմն կոչվել են աղանդներ, երբեմն էլ՝ եկեղեցիներ, դավանանքներ կամ կրոններ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմնական հերետիկոսական վարդապետությունների ներկայացուցիչները մի որոշակի շրջանում՝ I–VII դդ., հանդես են եկել ոչ թե որպես եկեղեցու ուսմունքի և հեղինակության ժխտողներ, այլ իբրև այդ ուսմունքի այս կամ այն կետը մեկնաբանելու և բանաձևելու փորձ կատարողներ՝ չբացառելով դեռևս կայուն, դոգմատիկ բանաձևը։ Հերետիկոսական այս շարժումների նախաձեռնողներն իրենց չեն համարել եկեղեցական ավանդության ընդդիմադիրներ, այլ հակառակը, հանդես են եկել որպես ավանդության արտահայտիչներ ու շարունակողներ։ Եկեղեցական դատին ներկայացնելով իրենց դավանանքը՝ նրանք կամ ենթարկվել են նրա որոշումներին, կամ էլ, չհամաձայնելով, կտրել հաղորդակցությունը պաշտոնական եկեղեցու հետ և սկսել իրենց հատուկ կրոնական կյանքը։ Առանձնանալով՝ նրանք իրենց դավանությունը վեր են դասել եկեղեցու ընդունած դոգմաներից։ Աղանդ եզրույթը, որ նախնական շրջանում դիտվել է ընդամենը որպես հերետիկոսություն բառի հոմանիշ, այս շրջանում ձեռք է բերել առավել նվազ ծայրահեղական նրբիմաստ, քան հերետիկոսությունը։

Հին և նորագույն ժամանակաշրջանի առանձին մտածողների և աղանդավորների կարծիքով՝ կրոնական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին և Նոր կտակարաններում. նրա հատիկները ցանված են ամենուրեք՝ լավագույն հեթանոսական կրոններում, առանձին փիլիսոփաների և բանաստեղծների ստեղծագործություններում ևն։ Դրանք սինկրետիկ (չտարբերակված) Աղանդներն են, օր.՝ գնոստիցիզմը։ Աղանդները հնուց ի վեր բաժանվում են երկու խմբի՝ ռացիոնալիստական և միստիկական։ Առաջինները Հայտնության և մարդկային գիտակցության միջև միակ միջոցն են դիտում բանականությունը և նույնիսկ որպես Հայտնություն չեն ճանաչում այն ամենը, ինչ վեր է բանականությունից կամ դեմ է նրան։ Երկրորդները հավատում են, որ Հայտնությունը մարդուն կարող է հաղորդվել բանականորեն անճառելի և գաղտնի ուղիներով՝ տեսիլքով, մարգարեությամբ ևն։ Ստացված հայտնությունները նրանք հաճախ վեր են դասում անգամ գրվածքներից («Գիրը սպանում է, հոգին՝ ապրեցնում» սկզբունքից ելնելով)։

Աղանդները, որպես առանձին՝ կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր կեցվածք ունեն ոչ միայն իշխող եկեղեցու, այլև, հաճախ, պետական ու սոցիալական տվյալ կարգի նկատմամբ, ինչպես հնագույն քրիստոնյաները, որոնք դեմ էին Հուդայում և առհասարակ Հռոմեական կայսրությունում գործող օրենքներին։ Քրիստոնյա տերություններն օրինաստեղծության մեջ և սոցիալական կառույցներում մասամբ կենսագործել են քրիստոնեական դավանական գաղափարները՝ հաճախ ստեղծելով հարմարավետ փոխհամաձայնություն իրենց քաղաքական նպատակների և քրիստոնեության միջև. բարոյական պարտավորությունները յուրովի ըմբռնող աղանդները դա համարում են կեղծքրիստոնեական, ինչպես քրիստոնեական նախնական համայնքները, որոնք ընդդիմադիր էին ոչքրիստոնեական տերությունների վարքագծին։ Չափավորական աղանդները սահմանափակվում են նրանով, որ խուսափում են հասարակական այնպիսի պարտավորություններից, որոնք չեն համընկնում իրենց սոցիալ-բարոյական գաղափարների հետ։ Առավել եռանդուններն ուղղակիորեն ձգտում են սոցիալական բարեփոխումներ կատարել ըստ այդ գաղափարների։

Հնագույն եկեղեցու աղանդներից նշելի են.

1. Աղանդներ, որոնք հետ են մնացել քրիստոնեության մեջ կատարված կրոնական էվոլյուցիայից. այդպիսիք են Հովհաննես Մկրտչի հետևորդները. սրանց թվին են հաճախ դասվում նաև գնոստիկյան-հովհաննեսականները և այլ՝ մի քանի հնագույն կրոնական ուղղություններ։

2. Հուդայական քրիստոնեական աղանդները՝ նախնական շրջանում. նազարեթյաններ (I–VI դդ.), էբիոնիտներ, էբիոնիտ-գնոստիկյաններ (II դ. վերջից)։

3. Գնոստիկյան աղանդներ ընդհանուր անվամբ հայտնի հեթանոսական մեծաթիվ աղանդները (I–III դդ.)։ Սրանցից քրիստոնեական ընդհանուր դավանանքին համեմատաբար մերձ են մարկիոնականները (I–VII դդ.), համեմատաբար հեռու՝ մանիքեականները (տես Մանիքեություն), որոնցից հետագայում սերել են մի շարք քրիստոնեական աղանդներ, օրինակ, պավլիկյանները։

4. Այսպես կոչված՝ նախաձեռնող աղանդները, որոնցից նշանավոր են մոնտանականները (II–III դդ., գոյատևել են մինչև VIII դ.)։

5. Հնագույն եկեղեցուց ծագած աղանդներ (III–IV դդ.), որոնք բավարարված չէին Ընդհանրական եկեղեցու սահմանած նվազագույն բարոյական պահանջներով և նրա ապաշխարության կարգուկանոնով (մի շարք գնոստիկյան աղանդներ, ինչպես նաև մոնտանականներ, մելետոսյաններ, նովատանյաններ)։

6. Դոգմատիկ բնույթի աղանդներ (IV–VII դդ.). արիոսականություն, ապողինարիզմ, մակեդոնյաններ (հոգեմարտներ), նեստորականություն, եվտիքականություն, հուլիանոսականներ, սևերիոսյաններ ևն։

7. Ճգնավորության ծաղկման շրջանում (II–V դդ.) առաջ եկած մի քանի խորհրդապաշտական աղանդներ, որոնք ընդհանուր քրիստոնեական գաղափարներից թեքվել էին դեպի ճգնակեցության (մեսալյաններ, եվքիտներ ևն)։

XI–XV դդ. բյուզանդական եկեղեցում նոր աղանդներ գրեթե չեն ծագել։ Միջնադարյան արևմտյան եկեղեցու, պապական իշխանության հզորացման շրջանում նույնպես համեմատաբար սակավաթիվ աղանդներ են առաջացել՝ փոքրաթիվ հետևորդներով։ Ռեֆորմացիայի շրջանում (XVI դ.) աղանդներն սկսել են շատանալ. դրանցից հիշատակելի են միստիկական և պանթեիստական աղանդները (XVI դ.), անաբապտիստները (կրկնամկրտականներ, XVI դ.), աղանդներ, որոնք ռացիոնալիստներ էին աստվածաբանության և փիլ-յան մեջ (XVII–XVIII դդ.), անգլ. բապտիստները, բապտիստ-շաբաթականները, կվակերները ևն։

XVIII–XIX դդ. առաջացել են նոր աղանդներ. մեթոդիստները՝ Անգլիայում, մի շարք աղանդներ՝ բողոքական պիետիզմից, լեհական դեիստները՝ կաթոլիկությունից, հոգեգալստականները (հիսունականներ) ևն։

XIX դ. աղանդների դասական երկիր է դարձել Հյուսիսային Ամերիկան. մեթոդիզմից բաժանված՝ Փրկության բանակը, Ավետարանի հիման վրա կոմունիզմ քարոզողները, դարբիստները, ադվենտիստները ևն։ XIX–XX դդ. առաջացած և ներկայումս տարածված կեղծքրիստոնեական ու տոտալիտար (ամբողջատիրական) աղանդներից են մորմոնները (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), Եհովայի վկաները, մունիները (Միավորման եկեղեցի), սայենտոլոգները (Գիտության եկեղեցի) ևն։ Ռուսաստանում տարածված աղանդներից հիշատակելի են դուխոբորները, որոնք սկիզբ են առել 1740ական թթ.՝ Հարավային Ուկրաինայից, մոլոկանները (1800-ական թթ-ից), տոլստոյականությունը (XIX դ. վերջ) ևն։

Աղանդները տարածված են եղել նաև միջնադարյան Հայաստանում. հիշատակելի են բորբորիտները, մծղնեությունը, պավլիկյանները, թոնդրակեցիները։ Ներկայումս Հայաստանում գործում են մորմոնները, Եհովայի վկաները, Նորառաքելոց եկեղեցին ևն։

Գրկ. Տեր Մինասյան Ե., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968։ Մայիլյան Ս., Ժամանակակից աղանդները Հայաստանում, Ս. Էջմիածին, 2001։

« Աղ   |   Աղբակի Ս. Բարդուղիմեոս Վանք »
© Gratun.org