Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղբակի Ս. Բարդուղիմեոս Վանք

Աղբակի Ս. Բարդուղիմեոս Վանք

ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ, Դեյր, Դհեր, Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զաբ գետի աջ ափի բլրի գագաթին։ Ըստ ավանդության՝ I դ. հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո։ Վանքը հիշատակվում է XIII դարից։ 1316-ին Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքի վանահայր Հակոբը մասնակցել է Ադանայի եկեղեցական ժողովին, 1321-ին Հռոմի Հովհաննես XXII պապը նամակով նրան առաջարկել է ընդունել Կաթոլիկ եկեղեցու ծիսակարգը, 1339-ին վանքում ընդօրինակվել է Ավետարան, 1398-ին՝ Վարդան Արևելցու «Հնգամատյանի մեկնությունը»։

Միջնադարում Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ վանք, հռչակավոր սրբավայր ու ուխտատեղի։ Վանքի եկեղեցին XIII դ. կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքերի վրա և ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ ներսից բազմանիստ Ավագ խորանով։ Հյուսիսային ավանդատանը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանն է հետևյալ արձանագրությամբ. «Այս է տապան հանգստեան սուրբ Բարդուղիմէոսի սրբազան առաքելոյ առաջին լուսաւորչին Հայաստանեաց աշխարհի»։

Եկեղեցուն արևմուտքից կից է նրա հետ ծավալատարածական ամբողջություն կազմող և ոճական ընդհանրություն ունեցող գավիթը, որի խաչվող կամարներով իրականացված ծածկի կենտրոնում երդիկավոր գմբեթն է։ Գավթի արևմտյան պատի վրա փոքր զանգաշտարակ է կառուցված։ Եկեղեցու և գավթի ճակատները զարդարված են որմնասյունիկներով, գմբեթի թմբուկի շարվածքում կիրառված է բազմագունություն։ Գավիթն արևմտյան ճակատում ունի պատի ողջ բարձրությամբ խոշոր շքամուտք, որի դռան վերևում քանդակված հեծյալը (համարվում է Բարդուղիմեոս առաքյալը) տեգը ձեռքին սպանում է վիշապին։ Դռան երկու կողքերին, ողջ հասակով քանդակված են բուրվառակիրներ և վանքի քարգործ վարպետները՝ շինարարական գործիքները ձեռքերին։ Շքամուտքի վերևի կիսաշրջանաձև ճակատակալ քարին Ս. Երրորդության պատկերաքանդակն է. գահին բազմած Հայր Աստվածը աջ ձեռքով պահում է Քրիստոսին, ձախով՝ աղավնակերպ Ս. Հոգուն, ոտքերի տակ զույգ առյուծներ են, շուրջը՝ հրեշտակներ։ Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքի բարձրաքանդակն այս թեմայով հայկական պատկերագրության լավագույն ստեղծագործություններից է։

1487-ին և 1490-ին վանքում Մարգար գրիչը ընդօրինակել է Ավետարան։ 1647-ին Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքը և Վարագավանքը ընդհանուր միաբանություն են կազմել։ 1651-ին վանքը նորոգել է վանահայր Կիրակոս վարդապետը։ 1715-ին երկրաշարժից քանդվել է վանքի եկեղեցու գմբեթը, խարխլվել են պատերը։ 1755–60-ին Հովհաննես Մոկացին (Լիմ անապատից) վերականգնել է գմբեթը և նորոգել պատերը։

XIX դ. սկզբին վանքի ունեցվածքը վատնվել է, մենաստանը բարձիթողի արվել վանահայր Խաչատուր վարդապետի օրոք, ինչի համար կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին նրան պաշտոնազրկել է և բանադրել։ 1817-ին վանահայր Իսրայել եպիսկոպոսը ընդդիմացել է Ներսես Աշտարակեցու և գեներալ Պասկևիչի՝ արևմտահայերի գաղթը կազմակերպելու ծրագրին, համարելով այն «ազգակործան»։ 1843-ին Ներսես Ե Աշտարակեցին դրվատել է Արտազի Ս. Թադե վանքի և Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքի առաջնորդ, ռուսամետ կողմնորոշում ունեցող Նիկողայոս եպիսկոպոսին, որը չէր ստորագրել հայերի պաշտպանությունը անգլիացիներին հանձնելու խնդրագիրը։ XIX դ. վանքում բացվել է վարժարան։ 1860-ին քանդվել է Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքի գմբեթը, որը 1878-ին վերակառուցել է վանահայր, ծայրագույն վարդապետ Եղիազարը։ 1897-ին երկրաշարժից քանդվել է եկեղեցու պատը։ XIX դ. վանքը բավական հարուստ է եղել։ Նրա թեմն են կազմել Աղբակ, Գավառ, Ջուլամերկ, Սալմաստ և Ուրմիա գավառները՝ 100-ի հասնող հայաբնակ գյուղերով։ Վանքն ունեցել է նաև ագարակներ, հանդեր, արտեր, արոտավայրեր, անտառ։ Եղել է սիրված ուխտատեղի, վանքին ավանդաբար նվիրաբերել են հազվագյուտ սպիտակ գոմեշներ, որոնց հպվելը համարվել է դիպչողի բաղձանքի կատարման առհավատչյան։

1905-ին վանքը կողոպտվել է, 1966-ին երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթը և գավթի ծածկը, ոչնչացել շքամուտքի բարձրաքանդակը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.3, 4-րդ պատկերը։

Գրկ. Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902։ Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վնտ., 1907։ Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947։ Bachmann W., Kirchen und Moschen in Armenien und Kurdistan, Lpz., 1913; Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, t. 1–2, 1918; Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988; Thierry J.M., Monuments arméniens du Vaspurakan, P., 1989.

Մուրադ Հասրաթյան

« Աղանդ   |   Աղբիանոսյաններ »
© Gratun.org