Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղբիանոսյաններ

ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆՆԵՐ, հոգևորական տոհմ Հայաստանում, IV–V դարերում։ Հիմնադիրն է Աղբիանոսը։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո քրմի որդի Աղբիանոսը կարգվել է եպիսկոպոս և ապա՝ վերակացու Եփրատի շուրջը եղած շրջանների ու Բագրեվանդ գավառի։ Կալվածներ է ունեցել նաև Հարք և Բզնունիք գավառներում։ Խոսրով Բ Կոտակ թագավորի օրոք (330–338) Աղբիանոսին է տրվել Մանավազյան նախարարների աթոռանիստ Մանազկերտը՝ շրջակա հողերով հանդերձ։ Այնտեղ հիմնվել է Մանազկերտի եպիսկոպոսությունը, որն ավելի ուշ Հարք գավառի անունով կոչվել է նաև Հարքի եպիսկոպոսություն։ IV–V դդ. Հայոց եպիսկոպոսապետության համար մղվող մրցապայքարում Աղբիանոսյանները մնում էին Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի գլխավոր հակառակորդները և հաճախ գերակշռություն ձեռք բերում։ Հայրապետական գահին Աղբիանոսյանների և Գրիգոր Լուսավորչի հետնորդների աթոռակալելը հիմնականում պայմանավորվել է Հայոց թագավորների վարած արտաքին քաղաքականությամբ՝ Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) կամ Պարսկաստանի նկատմամբ ունեցած դիրքով։ Լուսավորչի հետնորդները հակված էին դեպի Արևելյան Հռոմեական կայսրությունը, անհամերաշխ էին Պարսկաստանի և հայ Արշակունի այն թագավորների հետ, որոնք փորձում էին Պարսկաստանի դաշնակիցը դառնալ։ Աղբիանոսյանները ձգտել են համերաշխ մնալ դրացի Պարսկաստանի հետ և Հռոմեական կայսրության վերահսկողությունից ազատել Հայ եկեղեցին (հայ կաթողիկոսներին ձեռնադրել է Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետը)։ 373-ին Շահակ Ա Մանազկերտցին կաթողիկոս դարձավ Պապ թագավորի նախաձեռնությամբ, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետի ձեռնադրության՝ վերջ դնելով Հայ եկեղեցու կախվածությանը Կեսարիայի աթոռից։ V դ. 2-րդ կեսին Աղբիանոսյանները կորցրել են իրենց քաղաքական հեղինակությունը։ Դրանից հետո Աղբիանոսյանների մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Աղբիանոսյաններից էին՝ Փառեն Ա Աշտիշատցի, Շահակ Ա Մանազկերտցի, Զավեն Ա Մանազկերտցի, Ասպուրակես Ա Մանազկերտցի, Մելիտե Ա Մանազկերտցի և Մովսես Ա Մանազկերտցի կաթողիկոսները։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե., 1983։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1987։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912։

Մաքսիմ Կատվալյան

« Աղբակի Ս. Բարդուղիմեոս Վանք   |   Աղեքսանդր Ա Ջուղայեցի »
© Gratun.org