Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղեքսանդր Ա Ջուղայեցի

ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ. թ. անհայտ – 1714), Ամենայն հայոց կաթողիկոս 1706-ից։ Հաջորդել է Նահապետ Ա Եդեսացուն։ Եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ (1697–1706)։ Պաշտպանել է Հայ եկեղեցու ուղղափառությունը՝ զգալի դեր խաղալով Նոր Ջուղայում լատին միսիոներների և կաթոլիկական քարոզչության դեմ ծավալած պայքարում։ Այդ առիթով 1682-ին գրել է «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» (1687) երկը։ Ունի տպագիր և անտիպ աշխատություններ, նամակներ, թղթեր, քարոզներ, տաղեր։ Պատմ. արժեք են ներկայացնում նրա նամակները՝ ուղղված Կղեմես XI պապին (կաթոլիկ միսիոներների գործունեությունը զսպելու խնդրանքով) և ռուսական կայսր Պետրոս Մեծին։ Ռուսական կայսրին գրած նամակը ցույց է տալիս, որ Աղեքսանդր Ա Ջուղայեցին հարել է Իսրայել Օրու ազատագրական գաղափարներին։ Պատմական բնույթի երկերից է «Կարգ և թիւք կաթողիկոսաց և ամք նոցա»-ն (Մատենադարան, ձեռ. դ 1721), որտեղ թվարկված են Հայոց կաթողիկոսները մինչև իր ժամանակները։ Աղեքսանդր Ա Ջուղայեցու առավել հայտնի գործերից է «Աղօթամատոյց»-ը (1790, 2 հրտ., 1840), որը բաղկացած է երկու մասից. առաջինը ս. Պատարագի սպասքի և արարողությունների մեկնաբանությունն է, երկրորդը պարունակում է ս. Պատարագի և այլ աղոթքներ, այդ թվում նաև Գրիգոր Նարեկացու և Ղուկաս Վանանդեցու աղոթքներից։ «Վկայութիւնք պիտանիք և հարկաւորք...» աշխատությունը (Մատենադարան, ձեռ. դ 1986) ծաղկաքաղ է Հին և Նոր կտակարաններից, ինչպես նաև եկեղեցական մատենագիրներից։ Աղեքսանդր Ա Ջուղայեցին գրել է տաղեր, այդ թվում՝ դավանական բովանդակությամբ։ Մեզ են հասել նաև նրա ձեռքով ընդօրինակված ձեռագրեր։

Կաթողիկոսական գահին Աղեքսանդր Ա Ջուղայեցուն հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցին։

Երկ. Վկայութիւնք ի պէտս քարոզութեանց, աշխատասիր. Հ. Քյոսեյանի, Ս. Էջմիածին, 1998։

Գրկ. Շահխաթունյան ց Հ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 1, Էջմիածին, 1842։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։

Արտաշես Ղազարյան

« Աղբիանոսյաններ   |   Աղեքսանդր Բ Բյուզանդացի »
© Gratun.org