Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղթամարի Կաթողիկոսություն

ԱՂԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հակաթոռ կաթողիկոսություն (1113–1895), որի իրավասության տակ էր Վասպուրական նահանգի մի մասը։ Աթոռանիստը՝ Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցի։ Վասպուրականի թագավորության անկումից (1021) հետո Արծրունիների հետ ազգակցություն ունեցող և նրանց ազդեցության տակ գտնվող հոգևորականները հիմնադրել և ժառանգաբար նստել են Աղթամարի կաթողիկոսության աթոռին՝ մարմնավորելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունը։ Դավիթ եպս. Թոռնիկյանը 1113-ին, պատրվակ դարձնելով Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու դեռահասությունը, իրեն հռչակել է Հայոց կաթողիկոս։ Նույն տարում Կիլիկիայի Սև լեռան Քեսունի Կարմիր վանքում գումարված ժողովը մերժել է Դավթի կաթողիկոսությունը։ Վերջինս չի ենթարկվել ժողովի որոշումներին և Աղթամարի կաթողիկոսությունը հռչակել է ինքնուրույն աթոռ։ Մինչև XIII դ. 70ական թթ. Աղթամարի կաթողիկոսությունը ժառանգել են նույն ընտանիքից (Թոռնիկյաններ) սերված եկեղեցականներ, իսկ 1272-ից կաթողիկոս է դարձել Աղթամար կղզու և հանդիպակաց ափի հայկական գյուղերին տիրացած Սեֆեդինյանների ներկայացուցիչ Ստեփանոսը։ Սեֆեդինյաններն իրենց համարել են մոր կողմից Արծրունիներ։ Աղթամարի կաթողիկոսությունը մինչև XVI դ. վերջը մնացել է այս գերդաստանի ձեռքում՝ որպես ժառանգական ստացվածք։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–64) կարակոյունլու Ջհանշահ Փադիշահի օժանդակությամբ կարճ ժամանակով իր իշխանության տակ է միավորել Ս. Էջմիածնի կաթողիկոսությունը և Աղթամարի կաթողիկոսությունը։ Մինչև XVIII դ. վերջը Աղթամարի կաթողիկոսությունը ունեցել է 14 թեմ։ Աղթամարի կաթողիկոսին հաստատել են այդ կողմերի մահմեդական տիրակալները։ XVII դ. Աղթամարի կաթողիկոսության և Ս. Էջմիածնի միջև վեճեր են սկսվել իրենց իրավասության սահմանների շուրջ։ XVIII դ. վերջից Աղթամարի կաթողիկոսությունը ճանաչել է Ս. Էջմիածնի գերակայությունը։ XIX դ. վերջին Աղթամարի կաթողիկոսությունը ուներ երկու թեմ, որոնք ընդգրկել են Վանա լճի հարավային շրջանները (Հայոց ձոր, Ռշտունիք, Շատախ, Անձևացիք, Մոկք, Կորճայք, Խիզան)՝ 302 եկեղեցիներով և 58 վանքերով։ Աղթամարի կաթողիկոսությունը վերացել է 1895-ին, իսկ թեմերն անցել են Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին։

Աղթամարի կաթողիկոսների անվանացանկ (ըստ Ն. Ակինյանի)

Դավիթ Ա (1113 – մոտ 1165), Ստեփանոս Ա Ալուզ (մոտ 1165 – մոտ 1185/90), [Անանուն] (աթոռակալության տարիները հայտնի չեն), Ստեփանոս Բ Նկարեն (հիշատակվում է 1223 – վախճ. 1272), Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան (1272 – մոտ 1296), Զաքարիա Ա Սեֆեդինյան (1296–1336), Ստեփանոս Գ (հիշատակվում է 1340-ից – վախճ. 1346), Դավիթ Բ (1346 – մոտ 1368), զուգահեռ կաթողիկոս է հիշվում Ներսես Բոլատը (1316, 1324, 1371), Զաքարիա Բ Նահատակ (1369–93), Դավիթ Գ (1393–1433), Զաքարիա Գ (1434–64), Ստեփանոս Դ Տղա (1465–89), Զաքարիա Դ (1489 – մոտ 1496), Ատոմ (հիշատակվում է 1496, 1497, 1499, 1507), Հովհաննես (հիշատակվում է 1512-ին), Գրիգորիս Ա Աղթամարցի (Մեծ) (մոտ 1512 – մոտ 1544), Գրիգորիս Բ Սեֆեդինյան, Աղթամարցի (Փոքր) (մոտ 1544 – մոտ 1586), Գրիգորիս Գ Փոքր (հիշատակվում է 1595, 1602, 1604, 1605), Մարտիրոս Գուրջի Փշրուկ (1660–62), Պետրոս (վախճ. 1670), Ստեփանոս (հիշատակվում է 1671-ին), Փիլիպպոս (հիշատակվում է 1671-ին), Կարապետ (հիշատակվում է 1677-ին), Հովհաննես Թութունջի (հիշատակվում է 1679-ին), Թովմա Ա (1681–98), հակաթոռ կաթողիկոսն էր Ավետիսը (հիշատակվում է 1698-ին), Սահակ Արծկեցի (հիշատակվում է 1698-ին), Հովհաննես Կեծուկ (հիշատակվում է 1699–1704-ին), Հայրապետ Ա Փայխեցի (հիշատակվում է 1706-ին), Գրիգոր Գավաշեցի (հիշատակվում է 1707, 1711-ին), Հովհաննես Հայոցձորեցի (հիշատակվում է 1720-ին), Գրիգոր Հիզանցի (հիշատակվում է 1725-ին), Բաղդասար Բաղիշեցի (հիշատակվում է 1735–36-ին), Նիկողայոս Սպարկերտցի (1736–51), Գրիգոր (մոտ 1751–61), Թովմա Բ Աղթամարցի (մոտ 1761–83), Կարապետ Ղոմֆասմենց (1783–87), Մարկոս Շատախեցի (1788–91), Թեոդորոս (հիշատակվում է 1792–94-ին), Միքայել (հիշատակվում է 1796-ին), Կարապետ (վախճ. մոտ 1813), Խաչատուր Ա Վանեցի (1813–14), Կարապետ (վախճ. մոտ 1823), Հարություն (վախճ. մոտ 1823), Հովհաննես Շատախեցի (1823–43), Խաչատուր Մոկացի (մոտ 1844–51), Գաբրիել Շիրոյան (1851–57), Պետրոս Բյուլբյուլ (1858–64), Խաչատուր Բ Շիրոյան (1864–95)։

Գրկ. Մաքսուդյանց Մ., Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916։ Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920։

Վրեժ Վարդանյան

« Աղեքսանդր Բ Բյուզանդացի   |   Աղթամարի Վանք »
© Gratun.org