Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղթամարի Վանք

Աղթամարի Վանք

ԱՂԹԱՄԱՐԻ ՎԱՆՔ, Աղթամարի Ս. Խաչ վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Աղթամար կղզում։ Եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, այդտեղ է գործել Աղթամարի կաթողիկոսությունը (XII–XIX դդ.), որի կաթողիկոսները միաժամանակ Աղթամարի վանքի առաջնորդներն էին։ Աղթամարի վանքում է առժամանակ հանգրվանել Լուսավորչի Աջը։

915–921-ին ճարտարապետ Մանուելը, Գագիկ Արծրունի թագավորի հանձնարարությամբ, կառուցել է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցին, որը քառախորան, խորանամերձ անկյուններում երեք քառորդ խորշերով, խաչաձև գմբեթավոր հորինվածքով կրկնել է Արծրունյաց տան տոհմական տապանատուն Զորադիրի Ս. Էջմիածին եկեղեցու ճարտարապետը։ 1280-ին Աղթամարի Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան կաթողիկոսը նորոգել է Ս. Խաչ եկեղեցու տանիքը և գմբեթի վեղարը։ 1293-ին Ս. Խաչ եկեղեցու հվ-արլ. կողմում Հոռոմշահի որդիներ Ստեփանոսը և Սարգիսը կառուցել են Աղթամարի վանքի Ս. Ստեփանոս միանավ, թաղածածկ եկեղեցին։ 1296-ին Աղթամարի Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսը կառուցել է Ս. Խաչ եկեղեցուն հս-արլ-ից կից Ս. Սարգիս միանավ մատուռը, ամառային ժամատուն, վերնատուն, դարպաս։ 1431-ին Փերի բեկի հրոսակները ներխուժ ել են Աղթամար կղզի, կողոպտել Աղթամարի վանքի սպասքը, զարդերը, ոչնչացրել ձեռագրերը։ 1556-ին նորոգվել է Ս. Խաչ եկեղեցու գմբեթը։ Աղթամարի Գրիգորիս Գ Փոքր կաթողիկոսը (հիշատակվում է 1595–1605-ին) Աղթամարի վանքին է նվիրել ոսկեկազմ Ավետարան, վերանորոգել ժամատունը, ձիթհան կառուցել, Ս. Ստեփանոս եկեղեցուն նվիրել Երուսաղեմից բերված վարագույր, զգեստներ, ոսկե սկիհներ։ Աղթամարի Բաղդասար Բաղիշեցի կաթողիկոսի օրոք (հիշատակվում է 1735–36-ին) Աղթամարի վանքը անկում է ապրել, միաբանների մեծ մասը ցրվել է։ 1756-ին Աղթամարի Գրիգոր կաթողիկոսը պատվիրել է Ս. Խաչ եկեղեցու խաչկալը։ 1763ին Թովմա Բ Աղթամարցի կաթողիկոսը Ս. Խաչ եկեղեցու արմ. ճակատին կից, Նախապետ ուստայի ձեռքով, կառուցել է անշուք, պարզունակ և անարվեստ ճարտարապետությամբ քառամույթ գավթի շենքը։ XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին Ախիջանը և Գևորգը Ս. Խաչ եկեղեցու հվ. ճակատին կից կառուցել են Ս. Համբարձում անվանակոչված երկհարկ զանգակատունը, ինչի համար քանդել են Արծրունիների թագավորական օթյակը տանող քարե բարձակային աստիճանները։ Աղթամարի վերջին կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը (1864–95) կառուցել է Վեհարանի, դպրոցի, թանգարանի շենքերը։

Աղթամարի վանքի համալիրում են հվ-արլ. կողմում գտնվող Ս. Գևորգ և Ս. Աստվածածին (Կարմիր եկեղեցի կոչվող) մատուռները, Ս. Խաչ եկեղեցու արլ. կողմի XII–XIX դդ. գերեզմանատունը՝ Աղթամարի կաթողիկոսների տապանաքարերով և խաչքարերով։ Աղթամարի վանքի ուխտագնացության օրն է Խաչվերացի տոնը։ 1917ին Աղթամարի վանքը լքվել է և ամայացել։ Այժմ կանգուն է միայն վանքի Ս. Խաչ եկեղեցին՝ հայկական ճարտարապետության գոհարներից մեկը։ Նրա գլխավոր առանձնահատկությունը, որով այն դասվում է ողջ քրիստոնեական արվեստի բացառիկ ստեղծագործությունների շարքը, ճարտարապետության հետ համադրված աստվածաշնչային և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակներն են և որմնանկարները։ Եկեղեցու պատերը ողջ պարագծով դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց գոտի։ Ստորին գոտին նեղ ժապավեն է՝ ոճավորված բուսական զարդաքանդակներով։ Երկրորդ՝ գլխավոր գոտին, Հին և Նոր կտակարանների, նաև որոշ աշխարհիկ թեմաներով ստեղծված մեծադիր հարթաքանդակների շարք է։ Հին կտակարանի թեմաներից քանդակված են՝ Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը՝ առյուծների գբի մեջ, երեք մանկունքը՝ հնոցում։ Նույն բարձրության վրա, արմ. ճակատին, խորանի լուսամուտի երկու կողքերին, Գագիկ Արծրունի թագավորն է՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին, և Քրիստոսը՝ օրհնական Աջով։ Լուսամուտի տակ, կենտրոնում, երկու հրեշտակներ բռնել են «Փառքի նշանը»՝ խաչազարդ մեդալիոն։ Նոր կտակարանի թեմաներից են գահավորակների վրա նստած Քրիստոսն ու Աստվածածինը, սուրբ զինվորները, Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները, Գրիգոր Ա Լուսավորիչը, արաբների դեմ ազատագրական պայքարում զոհված, սրբերի շարքը դասված Համազասպ և Սահակ Արծրունի իշխանները։ Երրորդ գոտին կազմված է կենդանիների քանդակներից, չորրորդում, խաղողի չընդհատվող որթագալարի մեջ, աշխարհիկ կյանքի տարբեր տեսարաններ են, հինգերորդ՝ ենթաքիվային գոտին ներկայացնում է տոհմանշաններ, զինանշաններ, դիմաքանդակներ, իսկ վեցերորդը՝ գմբեթի թմբուկի ենթաքիվայինը, պատկերում է եղնիկների, այծյամների փախուստը առյուծների, հովազների հետապնդումից։ Եկեղեցու ճակատներին տեղադրված են չորս ավետարանիչների խոշոր, ամբողջ հասակով բարձրաքանդակները։

Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու պատերը ներսից ծածկված են X դ. բարձրարվեստ որմնանկարներով, որոնք մեծ կարևորություն ունեն արևելաքրիստոնեական արվեստի պատմության համար։ Դրանք ոճական սերտ ընդհանրություն ունեն ճակատների պատկերաքանդակների հետ և հիմնականում նվիրված են ավետարանական թեմաներին։ Պատկերների շարքը սկսվում է հվ. խորանից և շարունակվում արմ. և հս. խորանների երկարությամբ՝ ժամանակագրական կարգով, ըստ բարձրության տարբեր գոտիներով։ Առաջին գոտում պատկերված թեմաներն են «Ավետումը», «Այցելությունը», «Ծնունդը», «Հովսեփի երազը», «Փախուստը դեպի Եգիպտոս», «Մանկանց կոտորածը», «Մկրտությունը», «Այլակերպությունը», «Կանայի հարսանիքը», երկրորդ գոտում՝ «Քրիստոսի քարոզը», «Մուտքը Երուսաղեմ», «Քրիստոսի օծումը Բեթանիայում», «Ոտնլվան», «Քրիստոսը Պիղատոսի առաջ», «Խաչելությունը», «Սուրբ կանայք գերեզմանի մոտ», «Քրիստոսը դժոխքում», «Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն», «Սուրբ Կույսի ննջումը»։ Հին կտակարանից կա մեկ թեմատիկ շարք՝ նվիրված Ադամի և Եվայի ամբողջ պատմությանը։

Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներն առնչվում են վաղ միջնադարյան հայկական արվեստի հետ (Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի, Լմբատավանք), նաև՝ X–XI դդ. գեղարվեստական նոր ուղղությանը։ Եկեղեցին արվեստների՝ ճարտարապետության, քանդակագործության և նկարչության համադրության փայլուն օրինակ է և եզակի՝ միջնադարյան հայկական մշակույթում։ Նրա պատկերաքանդակներն ազդել են ինչպես հայկական քանդակագործության հետագա զարգացման, այնպես էլ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ձևավորման վրա։

Աղթամարի վանքը նշանակալի դեր է ունեցել հայ մատենագրության ու գրչության զարգացման գործում։ Վանքում X դ. կազմավորվել և XII դարից ծաղկել է Աղթամարի գրչության կենտրոնը, որը վերելք է ապրել հատկապես Աղթամարի Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսի (1296–1336) օրոք։ Գրիչ Դանիել Աղթամարցին Ստեփանոս արք. Օրբելյանի խորհրդով ընդօրինակել է Թովմա Արծրունու «Պատմությունը» (1303), իսկ 1330-ական թթ.՝ Անանուն մատենագրի գրած այդ պատմության հավելվածը։ Դանիելի սերունդները շուրջ երկու դար զբաղվել են գրչությամբ. նրանց շնորհիվ մեզ է հասել մոտ 100 ձեռագիր։ Աղթամարի գրչության կենտրոնի նշանավոր մանրանկարիչներից է Զաքարիա ծաղկողը (XIV դ. վերջ – XV դ. սկիզբ), գրիչներից՝ Թովմա Մինասենցը (XV դ.), Ներսես և Ստեփանոս Դ Տղա կաթողիկոս եղբայրները (XV դ.), Գրիգորիս Աղթամարցի (Մեծ) կաթողիկոսը (XVI դ.) և ուրիշներ։ Կենտրոնը մեծ հռչակ է ունեցել. այնտեղ ձեռագրեր ընդօրինակելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ Գլաձորի համալսարանից ու Հերմոնի վանքից։ Մեզ են հասել այստեղ ընդօրինակված պատմական և գեղարվեստական երկեր, բազմաթիվ նկարազարդ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և այլ ձեռագրեր։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.4, 1–3-րդ պատկերները։

Գրկ. Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1999։ Լալայան Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, Թ., 1912։ Տեր Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975։ Մնացականյան Ստ., Աղթամար, Ե., 1983։ Der Nersessian S., Vahramian H., Aght’amar, Milano, 1974 (Documenti di architettura armena, 8); Thierry J. M., Monuments arméniens du Vaspurakan, P., 1989.

Մուրադ Հասրաթյան
Արտաշես Մաթևոսյան

« Աղթամարի Կաթողիկոսություն   |   Աղոթագրություն »
© Gratun.org