Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղոթագրություն

ԱՂՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ, միջնադարյան հայ մատենագրության տեսակ. սկիզբ է առել V դարից՝ հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխվել քրիստոնեական վարդապետության և Ս. Գրքի վրա, կանոնացվել Հայ եկեղեցու կողմից։ Հայ աղոթագրությունը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերի, Ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարան-Տաղարանների մեջ։ Այն զարգացրել են Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և ուրիշներ։ Աղոթագրությունը մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի պատմաքաղաքական անցյալի, ազատագրական ու հայրենասիրական ձըգտումների, աշխարհընկալման, աստվածաբանական և փիլիսոփայական մտքի վերաբերյալ։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղարվեստական գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություններով։ V դարից մեծ թափ է ստացել նաև հայ թարգմանական աղոթագրությունը։ Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի (Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Եփրեմ Ասորի և ուրիշներ) աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել հայ ծիսական և աղոթքների ժողովածուներում։

Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 626–635։ Աղոթագիրք, Ե., 1992։

« Աղթամարի Վանք   |   Աղոթք »
© Gratun.org