Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղոթք

ԱՂՈԹՔ, աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց։ Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխածաղաղակի իմաստ։ Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա)։ Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել։ Աղոթքը, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին։ Քրիստոնեական հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26

Ս. Գրքում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ աղոթքները և Գեթսեմանիում նրա աղոթքի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը։ Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26)։ Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17)։ Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7

Ըստ եկեղեցու ս. հայրերի ուսուցումների, աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մըտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուր դ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.)։ Առանց հավատի աղոթքը անուժ է, և միայն հավատից բխող աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն։ Գրիգոր Տաթևացին տվել է աղոթքի տասը հիմնական խորհուրդներ՝ վերցված Ս. Գրքից և ս. հայրերից, որտեղ նա աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել աղոթքը՝ որպես կատարելության հասնելու միջոց։ Ըստ Գրիգոր Տաթևացու, աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի Ա. դրանց միջոցով է կատարվում։ Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից։ Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից։ Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է։ Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստոնեական մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ)։

Կան անհատ. և հրապարակային կամ հաս. աղոթքներ։ Անհատի աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու։ Իսկ «հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.)։ Ըստ բնույթի Աները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական ևն։ Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»։ IV դ. եկեղեցական հայրերից Հակոբ Մծբնացին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքները» այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններն» ու «գոհությունները» նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում նրան իր բոլոր գործերի համար։ Գրիգոր Տաթևացին, խոսելով աղոթքի տասը խորհուրդների մասին, որպես դրանցից մեկը նշում է գոհությունն ու օրհնությունը Աստծո երախտիքներին, որ արել է մարդկանց համար թե՛ անցյալում, թե՛ ներկայում։

Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում (տես Ճգնավորություն)։

Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքն իր հոգևոր և կրոնական հասկացությամբ խորհրդապաշտական բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (բացի բողոքական եկեղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը։

Գրկ. Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729։ Նույնի, Ամառան հատոր, ԿՊ, 1741։ Աղոթագիրք, Ե., 1992։ Աղօթագիրք, Ե., 2000։

Արտաշես Ղազարյան

« Աղոթագրություն   |   Աղջոց Վանք »
© Gratun.org