Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղջոց Վանք

ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, Աղջոց Ս. Ստեփանոսվ անք, ՀՀ Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին։ Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին՝ որպես կուսանաց վանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում։ Աղջոց վանքի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հս. գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից։ Գլխ.՝ Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը 1212–17ին, իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ։ Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից)։ Արմ. կողմից կից է վանքի գավիթը (1217–34), որի ծածկն իրականացված է եղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արլ. մասի պատերը)։ Ս. Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270ին կառուցած Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին՝ խորանի երկու կողմերում ավանդատներով և հվ. պատին կից սենյակներով։

XIII դ. Աղջոց վանքը որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ։ Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք)։ Աղջոց վանքում են պահվել ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը։ XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Աղջոց վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել Աղջոց վանքին (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում)։ 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է նաև Աղջոց վանքը, բայց նորոգվել է ու գործել մինչև XVIII դ. կեսը՝ մինչև լեզգիների վերջին ասպատակությունը, որից հետո լքվել է ու ամայացել։

Աղջոց վանքում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ։ Ս. Ստեփանոս եկեղեցու արմ. մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ Դատաստանից. վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում, երկու շարքով՝ ընտրյալները։ Հվ. պատին քանդակված է կանգնած Դանիելը՝ առյուծների գբում, ներքևում՝ պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ՝ աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով։ Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները՝ բուսական, երկրաչափական մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով։

Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արմ. մուտքի երկու կողմերում Պետրոս և Պողոս առաքյալների՝ մարդու բնական մեծությամբ հարթաքանդակներն են։ Մուտքից աջ երկարամազ և մորուքով Պետրոսն է՝ աջ ձեռքը բարձրացրած, ձախում՝ բանալիներ, իսկ ձախ կողմում՝ Պողոսը, մորուքով և նույնպես երկարամազ, առանց ավանդական ճաղատի (Պողոսի նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկական մանրանկարչության մեջ)։ Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից (քանդակը ճարտարապետական ձևն ընդգծող տարրն է) և նոր մոտեցման՝ պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.5, 1-ին պատկերը։

Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, մաս 2, Երուսաղեմ, 1944։ Զաքարյան Լ., Աղջոց վանքը և նոր ուղղության զարգացումը հայ քանդակագործության մեջ XIII–XIV դդ., ՊԲՀ, 1985, դ 1։

Մուրադ Հասրաթյան

« Աղոթք   |   Աղվանից Եկեղեցի »
© Gratun.org