Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղվանից Եկեղեցի

ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻ, Աղվանքի թագավորության պաշտոնական եկեղեցի, Արևելյան հակաքաղկեդոնական եկեղեցիներից։ Ընդունել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը և «ի հոգևորս» ենթարկվել նրան։ III դարից սկսած բուն Աղվանքում հանդես են եկել քրիստոնեական համայնքներ։ Գրիգոր Ա Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը («Մանուկ Գրիգորիս»), նշանակվելով Աղվանից ու Վրաց եպիսկոպոս, քարոզչական առաքելությամբ Փայտակարան քաղաքից (ուր Տրդատ Գ Մեծի կողմից ուղարկվել էր որպես հոգևոր առաջնորդ) անցել է Աղվանք, ապա՝ Վիրք և Մազքթաց աշխարհ։ 338-ին նահատակվել է Մազքթաց Սանատրուկ Արշակունի թագավորի հրամանով, սակայն նրա ջանքերով նոր վարդապետությունն Աղվանքում արդեն արմատավորվել էր, և քրիստոնեական համայնքները միավորվել էին։ Ավանդաբար Գրիգորիսն էլ համարվում է Աղվանից եկեղեցու հիմնադիրն ու անդրանիկ հովվապետը։

370-ական թթ. Ուռնայր թագավորը քրիստոնեությունը հռչակել է Աղվանքի պետական կրոն։ Ըստ ավանդության, նա Աղվանքի մեծամեծների ու բանակի հետ մկրտվել է Հայաստանում՝ Արածանի գետում և, վերադառնալով հայրենիք, դարձել քրիստոնեության փառաբանողն ու պաշտպանը։ Ապա երկրում հիմնադրվել են բազում եկեղեցիներ (հաճախ եկեղեցիների են վերածվել հեթանոսական տաճարները), որոնց հատկացվել են կալվածքներ։ Սահմանվել են առաջին եկեղեցական հարկերը՝ պտղին ու տասանորդը։ Աղվանքում ևս եկեղեցին կազմավորվել է աշխարհիկ իշխանության ընդօրինակությամբ։ Նրա գլուխ կանգնած էր արքեպիսկոպոսը (կաթողիկոսը), որին ձեռնադրել է Հայոց կաթողիկոսը։ Հայաստանի օրինակով Աղվանքում ևս կաթողիկոսն է տնօրինել «Մեծի դատաւարութեան» գործակալությունը։ Նվիրապետական աստիճանակարգով Աղվանից եկեղեցու կաթողիկոսին նախորդել են մետրոպոլիտները, եպիսկոպոսները, քորեպիսկոպոսները, քահանաները, սարկավագները, դպիրները, սաղմոսերգուները։ Նոր կրոնը խթան է հանդիսացել 415–420-ին Բենիամին Երեցի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանից գրերի ստեղծմանը։ Ժամասացության լեզուն նախապես եղել է հունարենը, սակայն Եսվաղեն (Երսվաղեն) թագավորի օրոք (մոտ 414–444) փոխարինվել է հայերենով։ IV–V դդ. Աղվանից եկեղեցուն են ենթարկվել բուն Աղվանքն ու մերձկասպյան մի շարք երկրամասեր (պաշտոնապես Աղվանքի կաթողիկոսը կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը)։ Սակայն Սասանյան Իրանի արքունիքը Աղվանից մարզպանության (461) մեջ քաղաքական նկատառումներով մտցրել է նաև Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները («Հայոց Արևելից Կողմանք»), և Աղվանից եկեղեցու ենթակայությամբ են գործել այդ երկրամասերի թեմերը։

Աղվանից եկեղեցու եպիսկոպոսական աթոռանիստ կենտրոններ են եղել նաև Կապաղակը, Չողը, Շաքին։ V դ. վերջին, Արցախի և Ուտիքի (կարճ ժամանակով նաև Աղվանքի) թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի (մոտ 487–510) նախաձեռնությամբ կայացած ժողովում սահմանվել են Աղվանից եկեղեցու կարգն ու կանոնները, առաջնորդների իրավունքներն ու պարտականությունները (տես Աղվենի եկեղեցական ժողով)։ Կրելով Հայ եկեղեցու անմիջական ազդեցությունը՝ Աղվանից եկեղեցու առաջնորդները հիմնականում գործել են Հայոց կաթողիկոսների հետ «համակամ եղբայրութեամբ և անքակ ուխտիւ», համատեղ հանդես եկել դավանական ու քաղաքական կարևորագույն հարցեր քննարկած մի քանի եկեղեցական ժողովներում։ 506-ի Դվինի ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Աղվանից եկեղեցին նույնպես մերժել է Քաղկեդոնի ժողովը։ 554-ի Դվինի եկեղեցական ժողովում Հայ և Աղվանից եկեղեցիները վերջնականապես խզել են հարաբերությունները բյուզանդական եկեղեցու հետ։ Այդ ժամանակից սկսած Աղվանից եկեղեցու հոգևոր պետը կրել է «կաթողիկոս» տիտղոսը (տես Աղվանից կաթողիկոսություն)։ Տարբեր ժամանակներում Աղվանից եկեղեցին գործուն պայքար է ծավալել Աղվանքում զրադաշտականություն տարածելու պարսից արքունիքի քաղաքականության, ինչպես նաև նեստորականության և քաղկեդոնականության դեմ։

Աղվանից եկեղեցու հոգեվոր առաջնորդների (արքեպիսկոպոսների) անվանացանկ ս. Մանուկ Գրիգորիս, ս. Շուփհաղիշո, Մատթեոս, Սահակ, Մովսես, Պանդ, Ղազար, Գրիգոր, Զաքարիա, Դավիթ, Հովնան, Երեմիա։

Գրկ. Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912։

Հենրիկ Սվազյան

« Աղջոց Վանք   |   Աղվանից Կաթողիկոսություն »
© Gratun.org