Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղվանից Կաթողիկոսություն

ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Աղվանից քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն, Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը։ Կազմավորվել է VI դ. 2-րդ կեսին։ Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը։ Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին։ Գլխավորել է կաթողիկոսը (կոչվել է նաև քահանայապետ, արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ, հայրապետ, հովվապետ), որն ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց հայրապետից։ Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք Պարտավը (462-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ)։ Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքի բերդը, Բերդակուրը (ամառային նստավայր), Խամշի վանքը, Ճալեթը, Գանձակը, Գանձասարի վանքը։

Աղվանից կաթողիկոսությունը առաջնորդվել է Աղվենի եկեղեցական ժողովի մշակած կանոններով։ Առաջին գահակալն է եղել Աբասը (551–595)։ 591–626-ին, Բյուզանդական կայսրության գերիշխանության հզորացման հետ, տարածաշրջանում ուժեղացել է քաղկեդոնականությունը, որի դեմ հայ-աղվանական հոգևորականությունն անզիջում պայքար է մղել։ Արաբական տիրապետության հաստատումով (VIII դ.) քաղկեդոնական եկեղեցու ազդեցությունը թուլացել է։ Արլ. Անդրկովկասի անդրկուրյան գավառներում սկսվել է աղվան. ցեղերի բռնի մահմեդականացում։ Արդեն ուշ միջնադարում բուն Աղվանքում զգալիորեն նոսրացել են հակաքաղկեդոնական եկեղեցու կենտրոնները։ IX–XI դդ. Աղվանից կաթողիկոսության կենտրոն է դարձել Փառիսոսի թագավորության Միափոր գավառի Խամշի վանքը։ XIII դարից Աղվանից կաթողիկոսությունը հետևողականորեն պայքարել է կաթոլիկության և այլ կրոնագաղափարախոսական հոսանքների դեմ։ 1240-ից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են Հասան-Ջալալյանները (իշխանական տոհմ Արցախ-Խաչենում)։ XIV դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով Ս. Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը։ XVII դ. կեսից Խաչենի Երից Մանկանց վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, ինչը երկփեղկել է Աղվանից կաթողիկոսությունը մինչև XIX դ.։

Աղվանից կաթողիկոսությունը (Գանձասարի) տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), Աղվանից մարզպանության հս. հատվածի (Չող, Ցիր) և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկըվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը։ Քաղաքական հանգամանքների բերումով թեմերի թիվը մշտապես փոփոխվել է՝ մե՛րթ ավելացել, մե՛րթ նվազել։ Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր։

Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։ Գումարել է համընդհանուր եկեղեցական ժողովներ, որտեղ մշակել է հասարակական հարաբերությունները կարգավորող որոշումներ, ճշտել քաղաքական դիրքորոշման հարցեր, սահմանել եկեղեցական կանոններ։ Աղվանից կաթողիկոսություն անվանումը դարձել է սոսկ վերացական հասկացություն։ Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետությամբ, եղել է Արցախում հաստատված մահմեդական խաների բռնակալության դեմ մելիքների ընդդիմության, XVIII դ. 1-ին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը։ Այն վերածվել է ռուսական կողմնորոշման ուղեցույցի և ռուսական արքունիքում թուրք-պարսկական լծից ազատագրվելու հայոց իղձերի թարգմանի։ 1815-ին ցարական կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ լուծարել է Աղվանից կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն։ Նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա նահանգներում կազմվել են նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմեր և մեկ հաջորդական վիճակ։ Այդ իրադրությունը վերջնականապես ամրապնդվել է «Պոլոժենիե»-ում (1836)։ Առաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի, Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառները։

Երկրորդ առաջնորդական թեմը (Շամախի կենտրոնով) ընդգրկել է Դերբենդի (Դարբանդ), Ղուբայի, Շամախու, Բաքվի, Սալյանի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։

Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային։ Աղվանից կաթողիկոսության վերջին՝ Սարգիս Բ կաթողիկոսը մինչև իր վախճանը (1828) եղել է մետրոպոլիտ։

Աղվանից կաթողիկոսների անվանացանկ

Աբաս (551–595), Վիրո (595–629), Զաքարիա Բ (629–644), Հովհան Բ (644–671), Ուխտանես (671–683), Եղիազար (683–689), Ներսես Ա (689–706), Սիմեոն Ա (706–707), Միքայել (707–744), Անաստաս (744–748), Հովսեփ Ա (748–765), Դավիթ Բ (765–769), Դավիթ Գ (769–778), Մատթե Բ (778–779), Մովսես Բ (779–781), Ահարոն (781–784), Սողոմոն Ա (784), Թեոդորոս (784–788), Սողոմոն Բ (788–799), Հովհաննես Գ (799–824), Մովսես Գ (824), Դավիթ Դ (824–852), Հովսեփ Բ (852–877), Սամուել (877–894), Հունան (Հովնան, 894–902), Սիմեոն Բ (902–923), Դավիթ Ե (923–929), Սահակ Բ (929–947), Գագիկ Ա (947–958), Դավիթ Զ (958–965), Դավիթ Է (965–971), Պետրոս Ա (971–987), Մովսես Դ (987–993), Մարկոս Ա, Հովսեփ Գ, Մարկոս Բ, Ստեփանոս Ա (հաջորդաբար՝ 993–1079), Հովհաննես Ե (1079–1129), Ստեփանոս Բ (1129–1131), Գագիկ Բ (Գրիգորիս, 1139), Բեժգեն (1140), Ներսես Բ (1149–1155), Ստեփանոս Գ (1155–1195), Հովհաննես Զ (1195–1235), Ներսես Գ (1235–1262), Ստեփանոս Դ (1262–1323), Սուքիաս, Պետրոս Բ (հաջորդաբար՝ 1323–1331), Զաքարիա (1331), Դավիթ Ը (հիշատակվում է միայն ցանկերում), Կարապետ (1402–1420), Հովհաննես Զ (1426–1428), Մատթեոս Գ (1434), Աթանաս (ըստ ցանկերի, գահակալել է 1 տարի), Գրիգոր Բ (ըստ ցանկերի), Հովհաննես Է, որդի Ջալալի (1441–1470), Ազարիա (ըստ ցանկերի), Մատթեոս (1488), Արիստակես (ըստ ցանկերի), Թումա Սոկյութլվեցի (1471), Ստեփանոս (1476), Ներսես Դ (1478), Շմավոն Ա (1481), Առաքել Սոկյութլվեցի (1481–1497), Արիստակես Բ (1515–1516), Սարգիս Ա Ղշլաղեցի (1554), Գրիգոր, որդի Մեյրամբեկի (1559–1574), Պետրոս Գ (1571), Դավիթ Թ (1573), Փիլիպպոս Տումեցի (ըստ ցանկերի, գահակալել է 1 տարի), Հովհաննես Ը, որդի Մեյրամբեկի (1574–1586), Դավիթ (1584), Աթանաս (1585), Շմավոն Բ (1586–1611), Արիստակես Գ Քոլատակցի (1588), Մելքիսեթ Արաշեցի (1593), Սիմեոն Գ (1616), Պետրոս Խանձկեցի (1653–1675), Սիմեոն Դ Խոտորաշենցի (1675–1701), Երեմիա Բ Հասան-Ջալալյանց (1676–1700), Եսայի Հասան-Ջալալյանց (1702–1728), Ներսես Ե, հակաթոռ (1706–1736), Իսրայել (1728–1763), Ներսես (1763), Հովհաննես Ժ Գանձասարեցի (1763–1786), Սիմեոն Ե Խոտորաշենցի (1794–1810), Սարգիս Բ (1810–1815, 1815–1828-ին՝ մետրոպոլիտ)։

Գրկ. Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983։ Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901։ Շահխաթունյան ց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1–2, ԿՊ, 1912–14։

Հենրիկ Սվազյան

« Աղվանից Եկեղեցի   |   Աղվենի Եկեղեցական Ժողով »
© Gratun.org