Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ամարասի Վանք

ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելիս 338-ին նահատակված Գրիգորիսը։ V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։ 489-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի արդեն մոռացված գերեզմանի տեղը, վրան մատուռ է կառուցել՝ միաժամանակ ավարտելով եկեղեցու կառուցումը։ V դարից Ամարասի վանքը դարձել է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821-ին վանքն ասպատակել են արաբները։ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը հավաստում է, որ 1293-ին թաթար Բայտու (Բաթու) խանը կողոպտել է Ամարասի վանքը և ավարի առել ս. Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ։ 1387-ին Ամարասի վանքը ավերվել է Լենկթեմուրի արշավանքից։ Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ XV–XVI դդ. այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր։ XVII դ. 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է Վարանդայի եպիսկոպոսական կենտրոն Ամարասի վանքը և նրա միաբանության համար ամառանոց ծառայող Հերհեր գյուղում 1667–76-ին կառուցել Գրիգորիսի անվամբ նոր եկեղեցի։ XIX դ. 2-րդ քառորդին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքի համալիրը, որն ուներ XVII դ. կառուցված բավական ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47-ին եղել ռուս-պարսկական սահմանի մաքսատունը։ 1848-ին Ամարասի վանքը ցարական իշխանությունից հետ է վերցրել Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը։ Խարխլված եկեղեցու տեղում 1858-ին շուշեցիների նյութական օժանդակությամբ կառուցվել է նորը, իսկ այնտեղ դրված Գրիգորիսի տապանաքարը 1898-ին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր Իսրայելյանցը։ XIX դ. վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Լքվելով և ամայանալով XX դ., Ամարասի վանքը 1992-ին վերաբացվել է որպես Արցախի թեմի գործող վանք։

Հարթ տեղանքում կառուցված վանքն ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ)՝ չորս անկյուններում շրջանաձև բուրգերով ուժեղացված, հրակնատներով բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինությունները։ Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արլևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները)։ Արմ.՝ ավելի ընդարձակ բակի կենտրոնում բարձրանում է Ս. Գրիգորիս երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը։ Եկեղեցու բեմի տակ պահպանվել է ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը՝ արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն (1,90x3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճը, որն արլ-ում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք։ Նախամուտքերի արևելյան պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ։ Գրիգորիսի դամբարանն ունի նույն հորինվածքը, ինչպիսին ունեն Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ. դամբարանները, և կարևոր է Հայաստանում հուշակոթողային ճարտարապետության այդ կառուցվածքների ստեղծման և զարգացման պատմության ուսումնասիրման համար։ Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.5, 2-րդ պատկերը։

Գրկ. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997։ Փավստոս Բուզան դ, Պատմություն Հայոց, Ե., 1987։ Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983։ Բարխուդարյան ց Մ., Արցախ, Բաքու, 1895։ Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։ Լալայան Ե., Վարանդա, ԱՀ, գիրք 2, Թ., 1897։ Հասրաթյան Մ., Ամարասի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1975, դ 10։

Մուրադ Հասրաթյան

« Աղվենի Եկեղեցական Ժողով   |   Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Թեմ »
© Gratun.org