Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևվմտյան Թեմ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Լոս Անջելեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը (ձևավորվել է XIX դ. վերջին) միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը։

ԱՄՆ Արեվմտյան թեմի գործունեությունը տարածվում է ԱՄՆ-ի արմ. նահանգների վրա՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ։ Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957-ից՝ Լոս Անջելեսում։

Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպս. Խաչատուրյանը (հետագայում՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք)։ Տարբեր տարիներ ԱՄՆ Արեվմտյան թեմը գլխավորել են Շնորհք եպս. Գալուստյանը (1953–56, հետագայում՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպս. Մանուկյանը (1962–66, այժմ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք) և ուրիշներ։

Թեմի տարածքում գործող հին հայկական եկեղեցիներից են Ս. Պողոսը (Ֆրեզնո, հիմն. 1900), Ս. Գրիգոր Լուսավորիչը (Ֆաուլեր՝ 1910-ին), Ս. Աստվածածինը (Կոստա-Մեսա՝ 1911-ին), Ս. Հովհաննեսը (Սան Ֆրանցիսկո, 1924-ին), Ս. Վարդանը (Օկլենդ՝ 1926-ին) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում։

ԱՄՆ Արեվմտյան թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական խորհուրդները՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ։ 1987-ին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը օգտագործվում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոնական և կրթական դաստիարակության համար։ Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ։ Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնորդարանը թեմում ծառայելու է հրավիրել մի շարք հոգևոր հովիվների, հատկապես՝ Երուսաղեմից և Հայաստանից։ 1999-ին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր։ Նրանց մի մասը հոգևոր կրթություն է ստացել Նյու Յորքում Տիրան արք. Ներսոյանի հիմնած Ս . Ներսես ընծայարանում, որը շարունակում է նոր սպասավորներ պատրաստել եկեղեցու համար։ ԱՄՆ Արեվմտյան թեմը իր գործուն բաժինն ունի Ս. Ներսես ընծայարանի հոգևոր առաքելության մեջ։

Լոս Անջելեսում կան 15 ամենօրյա հայկական վարժարաններ։ Առաջնորդարանի հովանավորությամբ գործում են Ալֆրեդ և Մարգրիթ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը (Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից), ՀԲԸՄ Մարի Մանուկյան նախակրթարանը և ՀԲԸՄ Սարգիս և Սեդա Դեմիրճյան երկրորդական վարժարանները (Քանոգա Փարք), Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանը (Հոլիվուդ)։ Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի կիրակնօրյա և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարաններ։

1979-ից լույս է տեսնում ԱՄՆ Արեվմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով։

ԱՄՆ Արեվմտյան թեմը զգալի նյութական օգնություն է ցույց տվել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին և մարտնչող Արցախին։ Ստեփանավան քաղաքում թեմի նյութական օժանդակությամբ կառուցվել է 750 աշակերտի համար վարժարան՝ անհրաժեշտ հարմարություններով։

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդն է Վաչե արք. Հովսեփյանը (1971-ից)։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.5, 4-րդ պատկերը։

Գրկ. Ա վ ա գյ ան Ք., Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ.), Ե., 2000։ The Torch was Passed. The Centennial History of the Armenian Church of America, N. Y., 1998.

Աննա Ռ. Մովսեսյան (ԱՄՆ)

« Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Թեմ   |   Ամրդոլու Վանք »
© Gratun.org