Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ամրդոլու Վանք

ԱՄՐԴՈԼՈՒ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Բաղեշ (Բիթլիս) քաղաքի հարավային ծայրամասում։ Ըստ ավանդության՝ անվանումը ստացել է վանքը նորոգած եղբայրներ Ամիրի և Դոլուի անուններից։ Ունեցել է երեք եկեղեցի՝ Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Համալիրի մեջ են մտել նաև մի քանի օժանդակ շինություններ։ Հիմնադրման ժամանակն անորոշ է։ XIV դարից հիշվել են հայ եպիսկոպոսներ։ XV դարից եղել է գրչության խոշոր կենտրոն։ Նույն դարում Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը Ամրդոլու վանքում հիմնել է հոգևոր դպրոց։ Դասավանդել են կրոնագիտություն, աստվածաբանություն և տրամաբանություն։ Կրթական գործը շարունակել են Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնեցին։ Բարսեղ Աղբակեցին վերծանել է վանքի մատենադարանի իմաստասիրական գրքերը, ընդարձակել դասատունը, բարեփոխել ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկաներին ավելացրել իմաստասիրությունը, ճարտասանությունը, քերականությունը։ Դպրոցը մեծ համբավ է ձեռք բերել Ներսես Մոկացու ժամանակ։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր մասերից։ Ամրդոլու վանքը ծաղկում է ապրել հատկապես XVII դ. պատմիչ-գիտնական Վարդան վարդապետ Բաղիշեցու 42 տարիների արգասավոր առաջնորդության ժամանակաշրջանում։ Նրա օրոք սկսել են դասավանդել նաև հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, և վանքի դպրոցը վերածվել է համալսարանի։ Վարդան Բաղիշեցու վախճանվելուց հետո (1704) Ամրդոլու վանքի դպրոցը չի գործել։ Վանքում բարձր մակարդակի է հասել գրչության արվեստը, ձեռք են բերվել հին ձեռագրեր, որոնք նորոգվել են։ Այդտեղ են ընդօրինակվել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց երկերը։ Մեծ հռչակ է վայելել Ամրդոլու վանքի մեծարժեք մատենադարանը։ Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած վանքի գրացուցակը։ Ամրդոլու վանքի նշանավոր սաներից են Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը և այլք։ Ամրդոլու վանքի եկեղեցում են ամփոփվել Բարսեղ վարդապետը, Վարդան վարդապետ Բաղիշեցին և այլ նվիրյալներ։ Ամրդոլու վանքը ավերվել և ամայացել է 1915-ին. ձեռագրերի մի մասը և ունեցվածքը կողոպտել են թուրքերը։

Գրկ. Ակինյան Ն., Բաղեշի դպրոցը, Վնն., 1952։

« Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևվմտյան Թեմ   |   Այլակերպություն Եվ Պայծառակերպություն Տյառն Մերո Հիսուսի Քրիստոսի »
© Gratun.org