Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Այվազովսկի

Գաբրիել  արք. Այվազովսկի

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Այվազյան) Գաբրիել Կոստանդինի (Գևորգի) (10.5.1812, Թեոդոսիա – 8.4.1880, Թիֆլիս), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ Հ. Այվազովսկու եղբայրը։ Նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկ. դպրատանը։ 1826-ին ուղարկվել է Ս. Ղազար (Վենետիկ), ուսանել մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–48-ին դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1843-ին հիմնադրել և մինչև 1848-ը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «Բազմավեպը»։ 1848–56-ին՝ Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով մխիթարյանների հետ՝ 1856-ին նորից դարձել է դեպի Հայ առաքելական եկեղեցի, Փարիզում Ս. Թեոդորյան և Ա. Գալֆայան վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել Հայկազյան վարժարանը, 1856–58-ին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը Քիշնևից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է Խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858–65ին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865-ը) «Մասյաց աղավնին»։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրավերով Այվազովսկին կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1874–76) և Վիրահայոց թեմի առաջնորդ (1876–80)։

Պատմաբանասիրական և թարգմանական բնույթի աշխատություններից բացի հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս եւ Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877) ևն։

Այվազովսկու հոգևոր-եկեղեցական գործունեությունը բնորոշվել է հաս-ազգային աշխարհիկ խնդիրների լայն ընդգրկմամբ։ 1856-ից ի վեր Այվազովսկին պայքարել է կաթոլիկության դեմ, այն համարել վնասաբեր հայ ազգի և եկեղեցու համար։ Այվազովսկու հասարակական, մանկավարժական և գրական գործունեության նպատակն էր ժողովրդին ազգային ոգով կրթելը, նրան ազգային եկեղեցու շուրջը համախմբելով՝ հայ մշակույթի զարգացմանը սատարելը։ Ըստ Այվազովսկու՝ հոգևորականության կարևորագույն պարտականությունը ժողովրդին լուսավորելն է, իսկ ազգապահպանության ամենահզոր լծակը ազգային դավանանքն է, Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։

Այվազովսկու ազգային-եկեղեցական և մշակութային-կրթական գործունեությունը, ինչպես նաև ռուսական կողմնորոշումը առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը. առիթը դեռևս Լազարյանների՝ կաթողիկոսության համար Այվազովսկու թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարները ուսումնական նպատակներով օգտագործելու, Հ. Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Այվազովսկու հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։

Երկ. Համառօտ պատմութիւն ռուսաց, Վնտ., 1836։ Պատմութիւն օսմանեան պետութեան, հ. 1, 2, Վնտ., 1841։ Ուրուագիծ ոգւոյ եւ ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետիկոյ, Փարիզ, 1857։ Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն եւ ի նորումս, Թեոդոսիա, 1869։ Հազար եւ մի առակաւոր բանք ազգայինք և օտարք, ԿՊ, 1874։

Գրկ. Նալբանդյան Մ., Երկու տող, ԵԼԺ, հ. 4, Ե., 1983։ Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Ե., 1960։ Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955։ Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն, 1801–1917, Ե., 1970։

Վարդգես Միքայելյան

« Այլակերպություն Եվ Պայծառակերպություն Տյառն Մերո Հիսուսի Քրիստոսի   |   Այրիվանք »
© Gratun.org