Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Անանիա Ա Մոկացի

ԱՆԱՆԻԱ Ա ՄՈԿԱՑԻ [ծ. թ. անհտ, գ. Փաս (Մոկք նահանգում) – մոտ 968], Ամենայն հայոց կաթողիկոս 946-ից։ Հաջորդել է Եղիշե Ա Ռշտունուն։ Նախն. կրթությունն ստացել է Աղթամարի և Վարագա վանքերում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ։ Անանիա Ա Մոկացու գահակալման սկզբնաշրջանում խիստ սրվել են Սյունյաց և Աղվանից եկեղեցիների հետ Հայոց կաթողիկոսի հարաբերությունները։ Օգտվելով Հայոց կաթողիկոսանիստը Աղթամարում՝ Արծրունիների թագավորությունում գտնվելու հանգամանքից՝ Սյունյաց եպիսկոպոսները և Աղվանից կաթողիկոսը ձգտել են անջատվել Մայր աթոռից՝ սպառնալով Հայ եկեղեցու միասնությանը։ Նրանց անջատողական նկրտումներին հակահարված տալու նպատակադրումով 949ին Անանիա Ա Մոկացին Աղթամարից ժամանել է Բագրատունիների թագավորության Կարս մայրաքաղաք՝ Աբաս թագավորի մոտ, և քայլեր ձեռնարկել Սյունյաց և Աղվանից եկեղեցիները Հայոց Մայր աթոռի հետ միաբանելու համար։ Այդ նպատակով Անանիա Ա Մոկացին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք (տես Արգինայի կաթողիկոսարան)՝ սկիզբ դնելով վերջինիս վանքի համալիրի շինարարությանը։ Անանիա Ա Մոկացին մեկնել է Սյունիք և Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին։ Սակայն վերջիններս տեղացի իշխանների զորակցությամբ շուրջ ինը տարի շարունակել են ըմբոստանալ Անանիա Ա Մոկացու դեմ՝ քամահրելով նրա հորդորները։ 958-ին Անանիա Ա Մոկացին վերստին ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել Ջիվանշիր իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել Դավիթ կաթողիկոսին (958–965)։ Անանիա Ա Մոկացու օրոք Հայաստանում լայնածավալ դավանաբանական շարժում է ծավալվել Բյուզանդական կայսրության, քաղկեդոնական եկեղեցու դեմ։ Այդ ընթացքում Հայ եկեղեցին և Բագրատունիների թագավորությունը գործել են համադաշն։ Քաղկեդոնական կայսերականացված եկեղեցու դեմ անզիջում պայքարի դրսևորումներից մեկը 960-ական թթ. Անանիա Ա Մոկացու հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոնական ծեսով մկրտվածներին։ Անանիա Ա Մոկացու օրոք կառուցվել են Հոռոմոսի (Անիի մոտ), Սանահինի, Նարեկա և այլ վանքեր, նորոգվել բազմաթիվ եկեղեցիներ։ Անանիա Ա Մոկացին Անիում կայացած ժողովում Բագրատունյաց Հայաստանի բոլոր իշխանների խնդրանքով օծել է Աշոտ Գ Ողորմած թագավորին։ 950-ական թթ. Անանիա Ա Մոկացին Վասպուրականի Անձևացիք գավառի Խոսրով եպիսկոպոսին հորդորել է հրաժարվել աղանդամետ քայլերից, բայց մերժում ստանալով՝ 954-ին բանադրանքի է ենթարկել նրան և դատապարտել հատուկ թղթով։ Անանիա Ա Մոկացու պատվերով իր երբեմնի ուսումնակից Անանիա Նարեկացին գրել է «Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» երկերը։ Անանիա Ա Մոկացու եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությունը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղաքական կացության կայունացմանը։ Անանիա Ա Մոկացու հեղինակած բազմաթիվ թղթերից պահպանվել են միայն չորսը («Արարատ», 1896–97), որտեղ տեղ են գտել ժամանակի ներեկեղեցական կյանքին, ինչպես նաև Հայաստանի, Աղվանքի ներքին հարաբերություններին առնչվող արժեքավոր վկայություններ։ Ստեփանոս արք. Օրբելյանի հավաստմամբ՝ Անանիա Ա Մոկացին կազմել է «Հաւատո նամակ» վերտառությամբ թղթերի ժողովածու (չի պահպանվել)։

Կաթողիկոս. գահին Անանիա Ա Մոկացուն հաջորդել է Վահան Ա Սյունեցին:

Գրկ. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Տեր Մկրտչյան Գ., Անանիա Մոկացի, «Արարատ», 1897, դ 2, էջ 91–96: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

Վրեժ Վարդանյան

« Այրիվանք
© Gratun.org