Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Ներածական

Ձուկ և Բաղարջ

«Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստուծոյ մօտ էր, եւ Բանը Աստուած էր»։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է։ Այն իր գոյության ողջ ընթացքում եղել է Քրիստոսի «Մի, Սուրբ, Ընդհանրական եւ Առաքելական» Եկեղեցու անբաժանելի մասը։

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն։ Այդ ժամանակաշրջանից սկսած մեր ժողովուրդն ու նրա հավատն անբաժանելի դարձան։

Այս բաժնում ներկայացվելու են հիմնական տեղեկությունները Հայաստանում քրիստոնեության ծագման վերաբերյալ։

Մենք քննելու ենք Ընդհանրական Եկեղեցու սկզբնավորումը, ինչպես նաեւ Հայաստանյայց Եկեղեցու ստեղծումը, նրա կառուցվածքն ու զարգացումը պատմության ընթացքում։ Ձեզ ենք ներկայացնելու տեղեկություններ Կաթողիկոսների` Սբ. Գրիգոր Լուսավորչի հետնորդների մասին, որոնց գործունեության շնորհիվ դարերի ընթացքում ձեւավորվել է Հայաստանյայց Եկեղեցին։

Հայաստանյայց Եկեղեցին 1700 տարիների ընթացքում շատ փոփոխությունների է ենթարկվել։ Քրիստոնեությունը ընդունելուց հետո մենք` հայերս, հավատով ու բուռն կերպով ենք նվիրվել մեր կրոնին։ Հանուն քրիստոնեության շատ պատերազմների, հալածանքների եւ դժվարությունների միջով ենք անցել։ Եկեղեցին նշանակալի դեր ունի մեր ազգի կազմավորման գործում. այն երբեմն կատարել է եւ եկեղեցու, եւ պետության դերը։ Այս մասում հակիրճ նկարագրված է Հայաստանյայց եկեղեցու զարգացման ընթացքը` սկզբնզվորման օրինց մինչ այսօր։

Մեր Եկեղեցին ապրել է նաեւ դժվարին ժամանակներ, տառապել է բազում աղետներից` հաճախ իր ժողովրդի հետ ենթարկվելով փորձությունների։ Կաթողիկոսական Աթոռը (Մայր Աթոռ) վերջնականապես Սուրբ Էջմիածնում հաստատվելուց առաջ մի քանի անգամ տեղաշարժվել է տարբեր վայրեր, որոնց եւս անդրադարձ կա մեր ինտերնետային էջում)։ Քրիստոնեության ինչպես նաեւ Հայաստանյայց Եկեղեցու պատմության կարեւոր տարեթվերի ցանկը ներկայացված է ըստ ժամանակագրության։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Հայաստանյայց Եկեղեցու այսօրվա կյանքին նաեւ լուսանկարների միջոցով։

Պատմության իմացությունը կարեւոր պայման է մեզ լավ ճանաչելու համար։ Ճիշտ է, մեր պատմությունը ներկայացնող բազում ստեղծագործություններ են գրվել ու գրվում, բազմաթիվ հետազոտություններ են կատարվում, սակայն մինչեւ օրս էլ կան դեռեւս չբացահայտված շատ էջեր, որոնք, անշուշտ, ժամանակի ընթացքում մեզ են ներկայացնելու պատմական ճշմարտությունը։ Այո, պատմության անհայտ էջերը հետզհետե բացվելու են, հայտնվելու են նոր փաստեր, իրադարձություններ, տեղեկություններ։ Այս գործընթացին զուգընթաց վերոհիշյալ բաժինը նույնպես համալրվելու է։

Նեղ իմաստով պատմությունը սահմանվում է որպես նշանակալի իրադարձությունների ժամանակագրական արձանագրություն։ Հասկանալու համար մեր ապագան, շատ կարեւոր է իմանալ եւ ուսումնասիրել անցյալի իրադարձությունները։ Այս բաժինը համառոտ կներկայացնի մինչ քրիստոնեության ծագումը տեղի ունեցած իրադարձությունները, կպատմի հայերի քրիստոնեության մեծ դարձի մասին։

1. Նախաքրիստոնէական Շրջան »
© Gratun.org