Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

2. Յիսուս Քրիստոս

Յիսուս Քրիստոս

ա. Ծնունդը

«Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր` իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորեստանի կառավարիչ Կյուրենիոսի օրերինե (Ղուկ. Բ 1)։ Ըստ Ղուկասի Ավետարանի սույն վկայության, Հիսուս ծնվել է առաջին մարդահամարի ժամանակ, երբ Նրա մայրը` Մարիամը, իր ամուսնու` Հովսեփի հետ Նազարեթ քաղաքից Բեթղեհեմ էր գնում` իրենց հայրենի քաղաքում արձանագրվելու համար։

Օկտավիանոս Օգոստոս կայսրն իշխել է Քա. 29 թվականից մինչեւ Քհ. 14 թվականը, իսկ Կյուրենիոսը երկու անգամ է եղել Պաղեստինի եւ Սիրիայի կառավարիչ, նախ` Քա. 6-4 թվականներին եւ ապա` Քա. 6-9 թվականներին։ Նա երկու անգամ էլ մարդահամար է անցկացրել։ Քանի որ Ղուկասը մասնավորապես շեշտում է առաջին մարդահամարը, ապա ենթադրվում է, որ Հիսուսի ծնունդը պետք է տեղի ունեցած լինի Քա. 6-4 թվականների միջեւ։ Գիտնականների մեծամասնությունն այս առումով առավել հակված է ընդունելու Քա. 4 թվականը։

Հիսուսի մայրը` Մարիամը, շնորհալի կույս էր, որը նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ։ Սակայն ամուսնությունից առաջ Մարիամը հղիացել էր Սուրբ Հոգուց։ Այդ մասին նրան ավետել էր Աստծու հրեշտակը. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին։ Ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի Որդի կկոչվի [...] Նրա թագավորությունը վախճան չի ունենաե (Ղուկ. Ա 30-33)։ Այս մասին Հին Կտակարանում մարգարեները նախապես գրել էին. «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի...ե (Ես. Է 14), ու այդ նորածինը պետք է դառնա աշխարհի Փրկիչը։

Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում։ Մայրը փաթաթեց նրան խանձարուրով եւ դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջեւանատանը իրենց համար տեղ չկար։

Մանուկ հասակում Հիսուսին տարան Եգիպտոս` Հրեաստանի Հերովդես արքայի հալածանքներից նրան հեռու պահելու համար, իսկ պատանի տարիքում, Հովսեփի եւ Մարիամի ուղեկցությամբ Նա վերադարձավ։ Տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպե՛ս եւ ի՛նչ միջավայրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հայտնի է միայն, որ Եգիպտոսից վերադառնալով, Հիսուս ծնողների հետ հաստատվեց Գալիլեա գավառի Նազարեթ քաղաքում։ Այս պատճառով էլ հետագայում նրան կոչեցին Նազովրեցի։

բ. Քարոզչությունն ու գործունեությունը

Հիսուսի գործունեությունն սկսվում է մկրտությունից անմիջապես հետո։ Երբ Նա երեսուն տարեկան դարձավ, եկավ Հովհաննես Մկրտչի մոտ եւ նրա կողմից մկրտվեց Հորդանան գետում։ Հովհաննեսը ճգնավորական կյանքով ապրող մի մարգարե էր, որը Հորդանանի մոտակա անապատում մկրտում էր ապաշխարություն փնտրողներին` մեղքերի քավությանը եւ Փրկչի գալստյանը նրանց նախապատրաստելու համար։ Չնայած Հովհաննեսն իրեն անարժան էր համարում Հիսուսին մկրտելու համար, սակայն Նա պնդեց, որ Աստծու արդար կամոք այդպես պետք է լինի` այդպիսով վավերացնելով Մկրտության Սբ. Խորհուրդը։

Երբ Հիսուս մկրտվեց, Հայր Աստծու ձայնը երկնքից ազդարարեց. «Դա՛ է իմ սիրելի Որդինե, եւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Նրա վրա (Մտթ. Դ 16-17)։ Այդպիսով մարդկանց առջեւ բացահայտվեց եւ հաստատվեց Հիսուս Քրիստոսի կատարյալ մարդ եւ միեւնույն ժամանակ Աստծու Միածին Որդին լինելու իրողությունը։

Մկրտությունից հետո Հիսուս քառասուն օր ծոմապահությամբ անցկացրեց անապատում։ Ապա սատանան մոտեցավ Հիսուսին, կամեցավ փորձության ենթարկել եւ այդպիսով հեռացնել նրան Աստծուց։ Սակայն Հիսուս հաստատակամորեն զերծ պահեց իրեն գայթակղություններից, եւ սատանան, պարտության մատնվելով, թողեց ու հեռացավ։ Ի հիշատակ այս քառասնօրյա փորձության` մեր Եկեղեցին հետագայում հաստատեց Մեծ Պահքը։

Այնուհետեւ Հիսուս երեք տարի շարունակ շրջեց Հրեաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում` քարոզելով Աստծու արքայության մասին եւ հորդորելով մարդկանց հետեւել Իրեն` Աստծու թագավորությունը միասնաբար ժառանգելու համար։ Իբրեւ կենդանի ապացույց Իր այս խոսքերի, Նա վկայեց, որ Աստծուն իրապես հավատացողները երկնային արքայության ժառանգորդներն են դառնում եւ արդեն իսկ այս կյանքում Տիրոջ որդեգրությունն են վայելում։ Այսպես բոլոր ճշմարիտ հավատացյալներին բազմապիսի շնորհներ բաշխվեցին. կույրերի աչքերը բացվեցին, համրերը խոսեցին, կաղերը քայլեցին, անդամալույծներն ու ամենածանր, մահամերձ հիվանդներն առողջացան։ Հիսուս այս հրաշքները պարզապես Իր անձնական փառքի համար չկատարեց, այլ մի միայն ճշմարիտ հավատքի զորությունն ապացուցելու եւ Աստծու անսահման ողորմածությունը վկայելու նպատակով։ Նա ուսուցանեց մարդկանց, որ այս կյանքում առանց հավատքի անհնար է խաղաղ ու երջանիկ կյանք ապրել, քանզի անկարելի է երկու տերերի միեւնույն ժամանակ ծառայել։ Այո, մենք կարող ենք մեր ազատ կամքով ընտրել մեր ուղին` Աստծուն հետեւել, թե սատանային։ Սատանային ծառայողները բազում են, եւ նրանց ճանապարհն առաջին հայացքից շատ ընդարձակ ու հարմարավետ է թվում, մինչդեռ Աստծուն հետեւելու համար պետք է նեղ եւ դժվարին դռնով անցնել, բազմաթիվ փորձություններ հաղթահարել։ Եվ պետք է անպայման վստահ լինել, որ եթե մեկն իր հոգում անգամ մանանեխի փոքր հատիկի չափ հավատ ունի, ապա սարեր կարող է տեղից շարժել։ Հիսուս ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, եւ նա կտա ձեզ, փնտրեցե՛ք եւ կգտնե՛ք, բախեցե՛ք, եւ կբացվի ձեր առաջ» (Մտթ. Է 7

Երբ Հիսուսին հարցրեցին, թե ո՛րն է իր կարծիքով ամենամեծ պատվիրանը, Նա պատասխանեց. «...մեր Տեր Աստված միակ Տերն է։ Եվ պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ» (Մրկ. ԺԲ 29-30)։ Բայց միեւնույն ժամանակ Նա ավելացրեց, որ երկրորդ պատվիրանը նման է առաջինին. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես։ Այս երկուսից ավելի մեծ պատվիրան չկա» (Մրկ. ԺԲ 31)։ Փաստորեն Հիսուսի քարոզչությունը լոկ անհատական ու վերացական պաշտամունք չէր, այլ միասնականության, սիրո եւ փոխադարձ հասկացողության գործնական պատգամ։ Ի նշան այս անկեղծ ու անշահախնդիր եղբայրասիրության Հիսուս տասներկու աշակերտներ ընտրեց, որոնց հետ միասին երեք տարի շարունակ շրջեց ողջ Հրեաստանում, ամեն վայրկյան նրանց կողքին եղավ եւ ուսուցանեց բոլորին, թե ինչպես պետք է նրանք հետագայում Աստծու լույսը տարածեն ողջ աշխարհում։ Հիսուսի սրտագին սիրո դրսեւորումներից էր մատնությունից առաջ խոնարհաբար ծունկի գալը եւ բոլոր աշակերտների ոտքերը լվանալը։ Հիսուս պատվիրեց նրանց. «Գիտե՛ք, թե ինչ արեցի ձեզ [...] Եթե ես Տեր եւ Վարդապետ եմ եւ լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ։ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ» (Հովհ. ԺԳ 12-15

Եթե փորձենք մեկ նախադասությամբ ամփոփել Քրիստոսի ուսուցողական եւ ծառայողական գործունեության էությունը, բավական է մեջբերել նրա հետեւյալ խոսքերը. «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ` սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 34-35

գ. Խաչելությունն ու Հարությունը

Հիսուսի քարոզչության եւ հրաշագործությունների շնորհիվ շատերը հավատացին եւ հետեւեցին Նրան։ Սակայն եղան նաեւ մարդիկ, որոնք չկամեցան ընդունել Հիսուսի` իրապես Աստծու Միածին Որդին եւ Հին Կտակարանի մարգարեների կողմից խոստացված Փրկիչը լինելու իրողությունը։ Նրանք կարծում էին, թե իրենց Փրկիչը պետք է զենքի ուժով կործաներ բոլոր թշնամիներին եւ բոլոր օտար ազգերին` հեթանոսներին, իշխելու իրավունք պարգեւեր իրենց ։ Իսկ Հիսուս` իր բարությամբ եւ սիրո քարոզչությամբ, չէր համապատասխանում նրանց սպասելիքներին։ Այդպես մտածողները հիմնականում հրեաներն էին, որոնք չցանկացան այլեւս հանդուրժել Հիսուսի ներկայությունն իրենց կողքին, որովհետեւ տեսնում էին, թե ինչպես արագորեն մեծանում էր նրան հետեւողների թիվը։ Հրեաները որոշեցին վերջ տալ Հիսուսի առաքելությանը եւ երեսուն արծաթով կաշառեցին տասներկու աշակերտներից մեկին` Հուդա Իսկարիովտացուն, որպեսզի մատնի Նրան։ Եվ Հուդան մատնեց իր Ուսուցչին վերջին ընթրիքից անմիջապես հետո, որի ժամանակ , մյուս բոլոր աշակերտների ներկայությամբ հացն ու գինին օրհնելով, Հիսուս հաստատեց Հաղորդության Սբ. խորհուրդը։

Այնուհետեւ Հիսուսին ձերբակալեցին ու դատելու տարան նախ Կայիափա անունով հրեա քահանայապետի, ապա` հռոմեական կառավարիչ Պիղատոսի մոտ։ Առաջինը կեղծ վկայությունների հիման վրա Նրան մահվան դատապարտեց, իսկ երկրորդը, լվանալով իր ձեռքերը, պարզապես չկամեցավ խառնվել ոչ մի բանի։

Ամբաստանող հրեաների պահանջով Հիսուս խաչվեց երկու այլ ավազակների հետ` Երուսաղեմից ոչ շատ հեռու, Գողգոթա լեռան գագաթին։ Նա խաչի վրա ավանդեց Իր հոգին։

Խաչելությունից երեք օր հետո Հիսուսին հետեւող բարեպաշտ կանանցից մի քանիսը որոշեցին գնալ գերեզման եւ, հրեական սովորության համաձայն, օծել մահացածի մարմինը։ Բայց նրանք գերեզմանը դատարկ գտան։ Այդ ժամանակ Աստծու հրեշտակը նրանց ավետեց. «Գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ, որովհետեւ հարություն առավ» (Մտթ. ԻԸ 5-6)։ Եվ իսկապես, ոչ շատ ժամանակ անց հարուցյալ Հիսուս երեւաց իր տասնմեկ աշակերտներին` ասելով. «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք», եւ ապա, տեսնելով նրանց աչքերում տարակուսանք ու մեծ զարմանք, պարզաբանեց. «Գրված է, որ այդպես պետք է չարչարվեր Քրիստոս եւ երեք օր հետո հարություն առներ. նրա անունով պետք է քարոզվեր ապաշխարություն եւ մեղքերի թողություն բոլոր ժողովուրդներին` Երուսաղեմից սկսած։ Դուք այս բոլորի վկաներն եք» (Ղուկ. ԻԴ 46)։ Հիսուս փաստորեն իրապես ամբողջացրեց Հին Կտակարանի մարգարեությունները։ Նա դարձավ մարդկության Փրկիչը, Իր անմեղ արյան հեղումով քավեց ողջ մարդկության մեղքը եւ, Աստծու որդեգրության շնորհը մարդկությանը բաշխելով, բացեց փրկության ճանապարհը դեպի հարություն, դեպի հավիտենական կյանք։ Հիսուս Քրիստոս ասաց. «Ես եմ աշխարհի լույսը։ Ով որ ինձ հետեւի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք [...] Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ով որ հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի» (Հովհ. Ը 12, ԺԱ 25

« 1. Նախաքրիստոնէական Շրջան   |   3. Առաքեալներ և Աշակերտներ »
© Gratun.org