Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

3. Առաքեալներ և Աշակերտներ

Առաքեալներ

ա. Առաքյալները

Հիսուսի եռամյա գործունեության ընթացքում շատ տարբեր մարդիկ շփվեցին նրա հետ` երիտասարդներ ու ծերեր, տղամարդիկ ու կանայք, գյուղացիներ ու առեւտրականներ, հարուստ պաշտոնյաներ ու աղքատներ։ Նրանք հիացան` լսելով Հիսուսի քարոզչությունը եւ տեսնելով նրա կողմից կատարված հրաշքները։ Այսպես շատերը որոշեցին հետեւել նրան։ Ամենուրեք համակիրներն ընկերակցում էին Հիսուսին։ Նրանց թվում էր նաեւ տասներկու հոգուց կազմված հատուկ խումբը, որը Հիսուս անձամբ էր ընտրել։ Նրանք Հիսուսի աշակերտներն էին, որոնց անունները կարդում ենք Մատթեոսի ավետարանում. «Առաջին` Սիմոն, որ Պետրոս կոչվեց, եւ նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդիները` Հակոբոս եւ նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս եւ Բարդուղիմեոս, Թովմաս եւ Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս, Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Նախանձահույզ եւ Հուդա Իսկարիովտացի, որ մատնեց նրան» (Մտթ. Ժ 2-4

Այս տասներկուսին Հիսուս կոչել էր հետեւելու իրեն։ Նա այդ տասներկու հոգուն ընտրել էր ոչ թե բարձր կրթություն ստացածներից կամ մեծահարուստների շարքերից, այլ բոլորովին պարզ եւ երբեմն նույնիսկ անարգված ու անտեսված մարդկանցից։ Այսպես. մենք տեղեկանում ենք, որ նրա առաջին աշակերտները ձկնորսներ էին. «Մինչ Հիսուս շրջում էր Գալիլեայի լճի եզերքին, տեսավ երկու եղբայրների, որոնք ձկնորս էին. Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, եւ նրա եղբորը` Անդրեասին։ Նրանք ուռկանը ջուրն էին գցում` ձուկ որսալու համար։ Հիսուս ասաց նրանց. «Հետեւեցե՛ք ինձ, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ» (Մտթ. Դ 18-19)։ Այսպես Նա կոչեց նաեւ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք նույնպես ձկնորսներ էին, եւ կամ` Մատթեոսին, որը մաքսավոր էր։

Հիսուս մշտապես ուսուցանում էր այս տասներկուսին եւ բացատրում նրանց աստվածային ճշմարտությունները, որպեսզի իրենք էլ այդ ամենը փոխանցեն աշխարհին։ Երբ հասավ աշակերտներից բաժանվելու պահը, Հիսուս վարդապետական իր պատգամը տվեց նրանց եւ ուղարկեց քարոզելու բոլոր ազգերին. »Ինչպես որ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Մկրտե՛ք նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեք նրանց այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ (Մտթ. ԻԸ 18-20)։ Այդ իսկ պատճառով աշակերտները կոչվեցին առաքյալներ։ Ստանալով Հիսուսի այս պատգամն ու աստվածային շնորհները, նրանք բազմաթիվ երկրներում հետամուտ եղան քրիստոնեության տարածմանը եւ, անտեսելով բոլոր տեսակի հալածանքներն ու դժվարությունները, եռանդուն կերպով քարոզեցին Քրիստոսի կենարար ուսմունքը։

Առաքյալների ջանքերով էր, որ ստեղծվեցին քրիստոնեական համայնքները, որոնք էլ հետագայում վերածվեցին կայուն եկեղեցական կառույցների։

Քրիստոնեությունը Հայաստան մուտք գործեց Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության շնորհիվ։ Այդ պատճառով մեր եկեղեցին Առաքելական է կոչվում։ Այդ մասին է վկայում նաեւ այն, որ.

Բոլոր Ուղղափառ եկեղեցիներում պահպանվել է առաքելական այս հաջորդականությունը, այսինքն` առաքյալները ժամանակին իբրեւ իրենց հաջորդներ ձեռնադրել են եպիսկոպոսներ` փոխանցելով նրանց Հիսուս Քրիստոսից ստացած քարոզելու եւ մկրտելու իշխանությունն ու Սբ. Հոգու շնորհները, իսկ եպիսկոպոսներն իրենց հերթին այդ շնրորհներն ու առաքելական ծառայության սկզբունքները փոխանցում են հաջորդող սերունդներին, մինչեւ որ տեղի ունենա մեր Փրկչի երկրորդ գալուստը։

բ. Մյուս հետեւորդները

«Գալիլեայից, Հրեաստանից, Երուսաղեմից, Եդոմից, Անդրհորդանանից, Տյուրոսից եւ Սիդոնից բազում ժողովուրդ, լսելով Հիսուսի արածների մասին, գալիս էր նրա մոտ» (Մրկ. Գ 7-8

Ավետարանից մենք տեղեկանում ենք, որ Հիսուս մշտապես մեծ ժողովրդականություն է վայելել։ Երբեմն նույնիսկ Նրա հետեւողների թիվը հազարների էր հասնում։ Այո, շատերը լսեցին Նրա քարոզչությունը եւ ականատես եղան Նրա գործերին, բայց իրական հետեւորդներ դառնալու համար միմիայն լսելը բավարար չէր։ Քրիստոս հստակ կերպով այս մասին ասում է. «Եթե մեկն ուզում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից. որովհետեւ ով որ ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, եւ ով որ կորցնի իր կյանքն ինձ համար, կփրկի այն» (Ղուկ. Թ 23-24)։ Փաստորեն Հիսուս իր հետեւորդներից պահանջում էր ոչ թե պարզապես լսողի եւ դիտորդի դերում մնալ, այլ գործնական կյանքով նույնպես հետեւել Իրեն։ Եվ իսկապես. ունկնդրող մարդկանց շարքերից շատերը հետագայում հետեւեցին Նրա օրինակին եւ անգամ իրենց սեփական կյանքը չխնայեցին` նահատակվելով հանուն Հիսուսի, զորացնելով Տիրոջ Եկեղեցին։

Առաջին դարերում նորակազմ քրիստոնեական համայնքները հալածվում էին հրեական եւ ապա հեթանոսական իշխանությունների կողմից։ Հռոմեական կայսրերը եւ ուրիշ երկրների թագավորներն ու իշխանավորները կամենում էին ոչնչացնել քրիստոնեական կրոնը։ Սակայն Հիսուսի ճշմարիտ հետեւորդների ջանքերով եւ անձնազոհ գործունեության շնորհիվ այդ համայնքներն առավել ընդլայնվեցին ու հզորացան.«Հավատացյալներն ամենքը միասին էին եւեւեւ ինչ որ ունեին, ընդհանուր էր.նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու ինչքերը եւ եկամուտը բաշխում էին բոլորին` նայած թե ով ի՛նչի կարիք ուներ [...] Իրենց այս կենցաղով նրանք արժանացել էին ամբողջ ժողովրդի համակրանքին։ Իսկ Տերն օրեցօրցօր ավելացնում էր եկեղեցում փրկվածների թիվը» (Գործք. Բ 44-47

« 2. Յիսուս Քրիստոս   |   4. Վաղ Եկեղեցի »
© Gratun.org