Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

4. Վաղ Եկեղեցի

Վաղ Եկեղեցի

Հիսուսի Համբարձումից 10 օր հետո, երբ առաքյալները Երուսաղեմում հավաքվել էին վերնատանը, տեղի ունեցավ զարմանահրաշ իրադարձություն` Հոգեգալուստը. «Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման.եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին [...] Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով...» (Գործք. Բ 2-4)։ Այդ օրն առաքյալները, ստանալով Սուրբ Հոգու շնորհները, այնքան ոգեշնչվեցին, որ անմիջապես դուրս եկան փողոց եւ համարձակորեն սկսեցին քարոզել ժողովրդին։ Ճիշտ է` ավանդապահ հրեաները հետապնդում էին Քրիստոսի հետեւորդներին, սակայն Պետրոս առաքյալն այդ օրվա իր խոսքում քաջալերեց բոլորին` ասելով. «Ապաշխարեցեք, եւ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով` մեղքերի թողության համար» (Գործք. Բ 32)։ Այդ օրը մարդկանցից շատերն իսկապես ընդունեցին նրա ասածը եւ մկրտվեցին «...եւ այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան» (Գործք. Բ 41)։ Ընդունված է ասել, որ Հոգեգալստյան օրը հաստատվեց Տիեզերական Եկեղեցին։ Առաքյալների քարոզչության շնորհիվ շարունակ նորանոր անդամներ էին միանում Երուսաղեմի նորակազմ համայնքին. «Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ունեցվածքն իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր» (Գործք. Դ 32

Քրիստոնեական համայնքները հետզհետե ընդլայնվեցին, եւ առաքյալների եռանդուն քարոզչության շնորհիվ տարբեր քաղաքներում նոր համայնքներ ստեղծվեցին։ Այսպես, արդեն իսկ առաջին դարի վերջին կայուն եկեղեցական համայնքներ էին ձեւավորվել Երուսաղեմում, Անտիոքում, Ալեքսանդրիայում, Հռոմում, Կորնթոսում եւ բազմաթիվ այլ վայրերում։ Առաքյալներից հետո այդ համայնքների գլուխ կանգնեցին նրանց կողմից ընտրված եւ ձեռնադրված առաջնորդ եպիսկոպոսները, վերջիններիս օգնող երեցներն ու սարկավագները։ Նրանք միասնաբար զբաղվում էին թե՛ եկեղեցու հոգեւոր խնամքով եւ թե՛ վարչական առաջնորդությամբ։ Երկրորդ դարից սկսյալ որեւէ համայնքում նոր եպիսկոպոս նշանակելու համար անհրաժեշտ էր տվյալ շրջանի երեցներից մեկին նախեւառաջ ընտրել հավատացյալ ժողովրդի կողմից, ապա մերձակա համայնքների մյուս եպիսկոպոսների կողմից նրան քննել եւ ի վերջո ձեռնադրել։

Որեւէ խնդրի կամ թյուրըմբռնման դեպքում առաջնորդի նախագահությամբ հավաքվում էր հոգեւոր խորհուրդ, ուր քննարկվում էր տվյալ հարցը։ Ծագած դժվարությունների պատճառի կամ աստվածաբանական հարցերի քննարկման ժամանակ հավաքվում էին շրջանում առկա բոլոր եպիսկոպոսները։ Այս սկզբունքով էր, որ տեղի ունեցան երեք Տիեզերական ժողովները` 325թ.` Նիկիայում, 381թ.` Կ.Պոլսում եւ 431թ.` Եփեսոսում։ Դրանք «տիեզերական» են կոչվում, որովհետեւ ողջ քրիստոնյա աշխարհի, այսինքն` Ընդհանրական Եկեղեցու ներկայացուցիչներն այդտեղ ներկա էին։Ժողովների ընթացքում միասնաբար սահմանվեցին ճշմարիտ դավանությունն ու եկեղեցական կանոնները` դատապարտելով ժամանակի հերետիկոսական ուղղությունները։

« 3. Առաքեալներ և Աշակերտներ   |   5. Քրիստոնեության Տարածում »
© Gratun.org