Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

5. Քրիստոնեության Տարածում

Նիկիայի տիեզերական ժողով

Ա դարի վերջին եւ Բ դարի սկզբին քրիստոնեական համայնքները տարբեր երկրներում արդեն իսկ կայուն կառույցների էին վերածվել` չնայած հրեական եւ հեթանոսական իշխանությունների հալածանքներին։ Նորադարձ քրիստոնյաների թիվը գնալով ավելանում էր։ Քրիստոնեական ուսմունքին հաղորդակից դառնալով, մարդիկ համոզվում էին, որ դա է միակ ճշմարիտ կրոնը, որովհետեւ միայն քրիստոնեությունն էր այդ ժամանակաշրջանում քարոզում մարդկության հավասարություն, եղբայրություն, սեր, ինչպես նաեւ հորդորում էր վերացնել ստրկատիրությունը, Աստծուն պաշտել հոգով, այլ ոչ թե կենդանական զոհեր մատուցելով։

Բնական է, որ մարդկությունը, անդրադառնալով այս ամենին, չէր կարող չընդունել այդ մարդանվեր ու լուսավոր հավատը։ Եվ, չնայած շուրջ երեք հարյուրամյակ շարունակվող հալածանքներին եւ գոյության համար մղվող համառ պայքարին, քրիստոնեական հավատը, այնուամենայնիվ, տարածվեց ու առավել զորացավ։ Եվ մարդկությունն աստիճանաբար սկսեց գիտակցել, որ քրիստոնեությունն իրոք աստվածային ճշմարտությունը կրողն է ու արտահայտողը, որի վկայությունն այդ կրոնի հետեւորդների թվի աճն էր։ Այն գնալով բազմապատկվեց եւ ի վերջո` Դ դարից սկսյալ, մի քանի երկրներ ճանաչեցին քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն։ Նրանցից առաջինը Հայաստանն էր։ 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա երկիրը` պետականորեն ընդունելով քրիստոնեությունը։

313 թվականին Հռոմի կայսր Կոստանդին Մեծը «Միլանի հրովարտակով» արտոնեց յուրաքանչյուր քաղաքացու ազատ կերպով ընտրել իրեն հոգեհարազատ կրոնը` այդպիսով թույլատրելով ցանկացած նորադարձի առանց արգելքի ու դժվարությունների ընդունել քրիստոնեությունը։

Տարբեր երկրների զանազան թեմերի առաջնորդ եպիսկոպոսներն իրենց միասնական ուղղափառ վարդապետությամբ կազմում էին Ընդհանրական Եկեղեցին։ Նրանց ջանքերով գումարվեցին Տիեզերական ժողովները, ուր դատապարտվեցին ժամանակի հերետիկոսական եւ պառակտիչ հոսանքները։ Բայց, դժբախտաբար, Ընդհանրական Եկեղեցին պատմության ընթացքում չկարողացավ պահպանել իր ամբողջականությունը.եւ տարատեսակ աստվածաբանական, մշակութային ու վարչական խնդիրների պատճառով հետագա դարերում Ընդհանրական Եկեղեցուց ներս որոշ բաժանումներ տեղի ունեցան։

Այսպես, 451 թվականի Քաղկեդոնի ժողովում Հիսուս Քրիստոսի մարդկային եւ աստվածային բնությունների հարցի շուրջ առաջ քաշված վիճահարույց գաղափարների հետեւանքով Ընդհանրական Եկեղեցին ապրեց իր առաջին տրոհումը. արեւելյան մի շարք եպիսկոպոսներ չընդունեցին Քաղկեդոնի ժողովի որոշումները եւ առանձնացան Արեւմուտքից։ Այդ արեւելյան ուղղափառ եկեղեցիների շարքում են այսօր Հայ Առաքելական, Ղպտի, Եթովպիայի, Ասորի եւ Հնդիկ Մալաբար եկեղեցիները։

Արեւմտյան Եկեղեցին շարունակեց իր գործունեությունը` խզելով բոլոր տեսակի կապերն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների հետ։ Սակայն հետագայում Արեւմուտքում վերստին ներքին տրոհումներ տեղի ունեցան. 1054 թվականին, Սբ. Հոգու բխման աստվածաբանական հարցի շուրջ անլուծելի տարաձայնություն ունենալով, Եկեղեցին բաժանվեց հռոմեա-կաթոլիկ եւ բյուզանդական-ուղղափառ աթոռների միջեւ։

Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ կանգնած էր Պապը, եւ նրան էին ենթարկվում Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր թեմերը։ 1520-ական թվականներին Գերմանիայում ընդվզումներ սկսվեցին Կաթոլիկ եկեղեցու դեմ, որոնք գլխավորում էր Մարտին Լյութերը։ Նախնական շրջանում հարցը շոշափվում էր միայն պապական գերիշխանության եւ մեղքերի քավության համար պարտադրվող »փրկագնի« շուրջ։ Սակայն, գնալով խնդիրներն ավելի խորացան եւ ավելի լուրջ աստվածաբանական եւ միեւնույն ժամանակ քաղաքական բնույթ ստացան։ Այս ժամանակաշրջանում եւս մեծ պառակտում տեղի ունեցավ, որի արդյունքում բողոքական եկեղեցիներ ստեղծվեցին հատկապես Եվրոպայի հյուսիսային երկրներում։

Այս բոլոր ավերիչ պառակտումներով հանդերձ, այսօր քրիստոնյաները ջանում են վերանայել իրենց պատմական անցյալը եւ հնարավոր չափով սրբագրել այն։ Քրիստոնեական կրոնի հիմքում իբրեւ կարեւորագույն սկզբունք դրված է եղբայրասիրությունը` սերը մեր մերձավորի հանդեպ։

Ուստի ցանկացած բաժանում անընդունելի պետք է լինի Ընդհանրական քրիստոնեական Եկեղեցու համար, որովհետեւ ոչ մի ընտանիք չի կարող միասնական ու երջանիկ կյանքը շարունակել, եթե իր անդամների միջեւ պառակտում ու թշնամանք լինի։ Այդ իսկ պատճառով Ի դարում ողջ քրիստոնյա աշխարհում սկսվեց էկումենիկ շարժումը, որը ձգտում է բոլոր քրիստոնեական հարանվանությունների վերամիավորման։

Իբրեւ այդ շարժման գործնական արդյունք ստեղծվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, որին այսօր անդամակցում են շուրջ երեք հարյուր եկեղեցիներ ու հարանվանություններ, եւ այդպիսով նրանք բոլորը միասնաբար փորձում են փոխադարձ հասկացողության ու դրական փոխհարաբերության հասնել։

« 4. Վաղ Եկեղեցի   |   6. Հայ Եկեղեցու Ծագումը »
© Gratun.org