Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

6. Հայ Եկեղեցու Ծագումը

Հայ Եկեղեցու Ծագումը

Հայ Եկեղեցու Ծագումը Զարգացումը Եվ Կազմավորումը Քրիստոնեության Քարոզչությունը Հայաստանում Ա-Գ Դարերում

Հայ Եկեղեցու պատմության հնագույն շրջանի վերաբերյալ պատմական տեղեկությունները սակավաթիվ են։ Հիմնական պատճառն այն է որ հայերեն այբուբենը ստեղծվել է Ե-դարի սկզբին երբ եւ ծնունդ է առել հայ մատենագրությունը։ Առաջին պատմական երկերը բնականաբար գրվել են այդ ժամանակ։ Առաջին դարերի Հայ Եկեղեցու պատմությունը իբրեւ Սրբազան Ավանդություն բանավոր կերպով ավանդվել է սերնդից սերունդ եւ Ե դարում միայն գրի առնվել հայ պատմագրական եւ վարքագրական գրականության մեջ։ Սրբազան Ավանդությունը չպետք է շփոթել առասպելի հետ։ Այն ունի պատմական հիմք որոշ ժամանակ բանավոր կերպով պահպանվել է Եկեղեցում հավանաբար կրել է որոշ փոփոխություններ, զարդարվել հրաշապատումներով եւ ապա, պատեհ առիթով, գրի է առնվել։ Սրբազան Ավանդության պատմական հիմքը չի կարելի ուրանալ։

Համաձայն Հայ Եկեղեցու Ավանդության, որն աչքի է ընկնում իր պատմական տվյալներով, Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը ցանվել են դեռ առաքելական շրջանում։ Մի շարք պատմական տվյալներ եւ վկայաբանություններ խոսում են այն մասին, որ Հայաստանում քրիստոնեությունը քարոզել են Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալները, որոնք եւ նահատակվելով Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով, դարձել են Հայաստանի Եկեղեցու հիմնադիրները։

Մեզ է հասել պատմագրական երկի մի փոքրիկ հատված, ուր պատմվում է Ա դարի վերջին եւ Բ-դարի սկզբին Հայաստանում Ոսկյանց եւ Սուքիասյանց նահատակության մասին։ Հեղինակը նշում է, որ այդ պատմությունը քաղել է Տատիանոսի (Բ դ.) մի ճառից։ Տատիանոսը իր Դիատեսսարոնի մեջ լայնորեն օգտագործել է պարականոն նյութեր։ Սա ցույց է տալիս, որ նա քաջատեղյակ էր առաքյալների եւ քրիստոնյա առաջին քարոզիչների ու նահատակների մասին իր ժամանակ գոյություն ունեցած պատմություններին։ Հետեւաբար եւ նրա վկայությունները Հայաստանի քարոզիչների եւ նահատակների մասին ունեն մեծ արժեք։ Համաձայն այս գրության Թադեոս առաքյալի աշակերտներ Ոսկյանք, Խռյուսի գլխավորությամբ, առաքյալի մահից հետո ապաստանում են Եփրատ գետի ակունքներում` Ծաղկեաց ձորերում։ Երբ իշխանության գլուխ է գալիս Արտաշես թագավորը (66-88), սրանք մոտենում են թագավորին եւ քարոզում Քրիստոսի աստվածության մասին։ Թագավորը, զբաղված լինելով պատերազմով, գնում է Արեւելք` պատվիրելով նրանց իր վերադարձին կրկին խոսել իրեն այդ մասին։ Որոշ ժամանակ անց Ոսկյանք դարձի են բերում Սաթենիկ թագուհու հետ Ալանքից Հայաստան եկած պալատականներին, այդ իսկ պատճառով էլ նահատակվում են թագուհու որդիների կողմից։ Քրիստոնյա դարձած ալան իշխանները հեռանում են արքունիքից եւ բնակություն հաստատում Ջրաբաշխ լեռան լանջին, ուր քառասունչորս տարի բնակվելուց հետո նահատակվում են իրենց առաջնորդ Սուքիասի գլխավորությամբ։

Ա դ. թե՛ արտաքին եւ թե՛ ներքին պայմանները միանգամայն նպաստավոր էին Հայաստանում քրիստոնեության տարածման համար։ Այսպես, օրինակ. Ա դարում իսկ քրիստոնեությունը լայն տարածում էր գտել Հայաստանի հարեւան երկրներում` Կապադովկիայում, Oսրոենում եւ Ադիաբենում։ Վերոհիշյալ երկրների հետ Հայաստանի քաղաքական, առեւտրական եւ մշակութային կապերը նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծել Հայաստանում քրիստոնեության տարածման համար։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Ա-Գ դդ.-ում Փոքր Հայքը քաղաքականապես մաս էր կազմում Կապադովկիայի նահանգին եւ բնական է, որ այնտեղ տարածված քրիստոնեությունը Փոքր Հայքի վրայով ներթափանցեր նաեւ Մեծ Հայք։

Հայաստանում քրիստոնեության տարածման համար կարեւոր նախապայման է եղել նաեւ Հայաստանի քաղաքներում հրեական գաղութների առկայությունը, քանի որ, ինչպես հայտնի է, առաջին քրիստոնյա քարոզիչները գնում էին այնտեղ, ուր կային հրեա գաղութներ։ Հայաստանի կարեւոր քաղաքներում` Տիգրանակերտում, Արտաշատում, Վաղարշապատում, եւ այլուր, հրեա համայնքները կազմում էին առանձին գաղութներ, որոնց գլուխ կանգնած էր գաղութի ռեսը։

Բ դարի վերջին Հայաստանում քրիստոնեության գոյությունը հաստատվում է նաեւ Տերտուղիանոսի մի վկայությամբ։ Նա իր Ընդդեմ Հրեաների աշխատության մեջ (7), գրված 197 թվականին, Գործք Առաքելոցի Բ 9 համարի առթիվ խոսելիս քրիստոնեությունն ընդունող ազգերի` պարթեւների, մեդեացիների (մարերի), փռուգիացիների եւ կապադովկացիների կարգին հիշում է նաեւ հայերին։ Տերտուղիանոսի այս վկայությունը կրկնել է նաեւ Oգոստինոսը (Ընդդեմ Մանիք. 9)։

Եվսեբիոս Կեսարացին, թվարկելով Դիոնիսիոս եպիսկոպոս Ալեքսանդրացու գրությունները, հիշում է ապաշխարության մասին մի նամակ, ուղղված Հայաստանի քրիստոնյաներին, որոնց եպիսկոպոսն էր Մերուժանը (Զ 46, 2)։ Պատմաբաններից ոմանք փորձել են այս Մերուժանին համարել Փոքր Հայքի այս կամ այն քաղաքի եպիսկոպոս։ Ըստ նրանց Դիոնիսիոսի գրած նամակի պատճառը Դեկոս կայսեր (249-251) հալածանքների հետեւանքով ուրացողներին թողություն շնորհելու խնդիրն է, եւ քանի որ այդ ժամանակ Մեծ Հայքը անկախ երկիր էր, Դեկոսի հալածանքները չէին կարող Մեծ Հայքի վրա տարածվել։ Դիոնիսիոսի նամակը, սակայն, Դեկոսի հալածանքների հետ կապված լինելուց ավելի առնչվում է Նովատիանոսի հարուցած խնդրի հետ։ Բացի այդ, տեսանք արդեն, որ Մեծ Հայքում եւս եղել են հալածանքներ եւ հալածանքներից բխող նման խնդիրներ եւս բնական է որ լինեին։ Անկախ այս հանգամանքից, Դիոնիսիոսի նամակը չէր կարող Փոքր Հայքի քրիստոնյաներին ուղղված լինել, նախ այն պատճառով, որ այդ ժամանակ Փոքր Հայքը ինքնուրույն վարչական միավոր չէր, այլ Կապադովկիայի նահանգի մեջ էր մտնում։ Եվ երկրորդ` Հռոմեական կայսրության մեջ գտնվող եպիսկոպոսները կոչվում էին իրենց աթոռանիստ քաղաքների անուններով եւ հետեւաբար Սեբաստիայի կամ Մելիտինեի եպիսկոպոսը չէր կարող Հայոց եպիսկոպոս կոչվել, այլ Սեբաստիայի կամ Մելիտինեի եպիսկոպոս։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Փոքր Հայքի քրիստոնեությունը հունական բնույթ ուներ։ Վերոհիշյալ նկատառումներով էլ պատմաբանների մեծ մասը Մերուժանին համարում է Մեծ Հայքի եպիսկոպոս։ Դիոնիսիոս Ալեքսանդրղացու` Մերուժան եպիսկոպոսին ուղղված նամակի գրության թվականը դրվում է 251-255 թթ.-ի միջեւ։

Դիոնիսիոս Ալեքսանդրացու` Հայոց Մերուժան եպիսկոպոսին ուղղված թուղթը ցույց է տալիս, որ Գ դարի կեսին Հայաստանում գոյություն ուներ կազմակերպված եւ միջեկեղեցական շրջանակներում ճանաչում գտած եկեղեցի։

Գ դարի վերջին տասնամյակներում արդեն քրիստոնյաները այնքան էին բազմացել Հայաստանում, որ Գ դարի վերջին եւ Դ դարի սկզբին քրիստոնեությունը առանց մեծ դժվարությունների, բնական ընթացքով դարձավ պետական կրոն։

Իր գոյության շուրջ 2000 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին զարգացման ու նշանակալի փոփոխությունների ճանապարհ է անցել։ Այն պահից, երբ մենք` հայերս ընդունեցինք քրիստոնեությունը, սերտորեն կապվեցինք մեր հավատին։ Դարեր շարունակ մենք անցել ենք պատերազմների, հալածանքների ու աննկարագրելի դժվարությունների ճանապարհով, եւ այս բոլորը հանուն քրիստոնեության։ Մեծ է եղել Եկեղեցու դերը հայ ժողովրդի գոյատեւման համար մղված պայքարում։ Տարբեր ժամանակաշրջաններում հայերը հաճախ կորցրել են պետականությունը, եւ Եկեղեցին է, որ կատարել է նաեւ պետության դերը։ Այս բաժինը հակիրճ պատմում է Հայ Եկեղեցու ծագման ու զարգացման մասին` ձեւավորումից մինչ մեր օրերը։

« 5. Քրիստոնեության Տարածում   |   7. Քրիստոնեությունը Հայաստանի Պետական Կրոն »
© Gratun.org