Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

7. Քրիստոնեությունը Հայաստանի Պետական Կրոն

7. Քրիստոնեությունը Հայաստանի Պետական Կրոն

Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի ձեւավորումը

Գ դարի վերջին եւ Դ դարի սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դառնում է պետական կրոն։ Այդ` Հայ ժողովրդի պատմության ամենանշանակալից դեպքը արդի պատմագիտության կողմից դրվում է 301 թվականին։ Այդ գործում առաջնակարգ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը (287-330) եւ Հայաստանի առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը (301-325)։

Ե դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին` Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ չաստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաեւ, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է։ Թե մեկ եւ թե մյուս «հանցանքների» համար Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։ Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում, առաջինով հրամայելով Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաների ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար։ Այս հրովարտակները ցույց են տալիս, թե որքան մեծ վտանգ էր համարվում քրիստոնեությունը պետության եւ հեթանոսության համար։

Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երեւույթը սերտորեն կապում է Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմայեցի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին եւ ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արեւելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն, երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր` հնձանում։

Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։ Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ե դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, քրիստոնեությունն էլ հռչակելով պետական կրոն։

Թե իրապես ինչ դեր է խաղացել Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի եւ արքունիքի քրիստոնյա դառնալու գործում, դժվար է ճշգրտորեն ասել։ Այն հանգամանքը, սակայն, որ նույն Տրդատ թագավորի եւ Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրություններով անմիջապես երեք տաճարներ են կառուցվում կույսերի նահատակությունների վայրերում, վկայում է այն մասին, թե ինչ մեծ նշանակություն են տվել ժամանակակիցները այդ նահատակություններին։

Նորադարձ քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Ս. Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը` Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղեւոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Ս. Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղեւոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Ս. Գրիգոր Լուսավորչին եւ վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Հատկանշական է, որ գահակալության արարողությունը կատարվում է ոչ թե Հայաստանի մայրաքաղաք եւ Ս. Գրիգոր Լուսավորչի աթոռանիստ Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր գնալու համար նրանք ստիպված էին մեծ շեղում կատարել ճանապարհից։ Այս երեւույթը բացատրվում է միայն նրանով, որ Աշտիշատում գոյություն ուներ արդեն մի հին եպիսկոպոսական աթոռ։

Վաղարշապատ վերադարձին Ս. Գրիգոր Լուսավորիչը ձեռնարկում է Հայաստանի Մայր Տաճարի` Կաթողիկե եկեղեցու կառուցումը, համաձայն մի տեսիլքի, ըստ որի Աստուծո Միածին Որդին իջնում է երկիր եւ հրեղեն մուրճով հարվածելով գետնին ցույց տալիս այն վայրը, ուր պիտի կառուցվեր Իջման Ս. Սեղանը։

Նորադարձ հայ պետությունը շուտով` 313 թվականին ստիպված է լինում պաշտպանելու քրիստոնեությունը հռոմեական կայսրության դեմ։ Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Մաքսիմինոս Դայա կայսրը (305-313) «պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանե բարեկամ եւ նիզակակից էին հռոմայեցիներին։ Եվ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի եւ դեւերի պաշտամունքին։ Դրանով նա բարեկամին ատելի դարձրեց, դաշնակցին` թշնամի... Արդ` նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս, ջախջախվեց» (Թ 8, 2)։

Այն ժամանակ Հայաստանը ֆեոդալական մի երկիր էր։ Երկրի ղեկավարը թագավորն էր, որ միեւնույն ժամանակ սեփականատերն էր կենտրոնական Այրարատ նահանգի։ Թագավորի կողքին կային նախարարներ, որոնք իշխում էին իրենց պատկանող նահանգներին, կամ գավառներին, ժառանգական իրավունքով եւ առանձին զորքով, վասալական ենթակայության մեջ լինելով թագավորից եւ իրենց հատուկ գահը ունենալով արքունիքում, համաձայն իրենց հզորության։

Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն։ Նա նախարարությունների համար ձեռնադրում է եպիսկոպոսներ։ Պատմական աղբյուրներում հիշվում են ավելի քան 30 եպիսկոպոսություններ, այդ թվում` Հարքի, Սյունյաց, Բասենի, Մամիկոնյանների, Բագրատունյաց տան, Խորխոռունիների տոհմի, Մոմկաց, Արծրունյաց, Ցուրտավի, Կարինի, Դարանաղյաց, Շիրակի, Կորդվաց աշխարհի, Վանանդացիների, Աբեղյան եւ Գաբեղյան տոհմերի եւ այլն։ Այս եպիսկոպոսները, 36, ենթակա էին Հայոց եպիսկոպոսին, որ շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով Հայաստանի Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը կազմավորվում է ինքնուրույն ճանապարհով, ելնելով տեղական պայմաններից եւ անկախ այն ընթացքից, որ ունեցավ Եկեղեցին Հռոմեական կայսրության մեջ, ուր 325 թ. Նիկիայի Ա Տիեզերական ժողովում հաստատվեց միտրոպոլիտական սիստեմը, իսկ 381 թ. Կ. Պոլիսի Բ Տիեզերական ժողովում` պատրիարքականը։

Ս. Գրիգոր Լուսավորչի հովվապետության ժամանակ Աղվանից Ուռնայր թագավորը քրիստոնյա էր դարձել եւ Լուսավորիչը Աղվանքի համար մի հռոմայեցի եպիսկոպոս էր ձեռնադրել։ Հավանաբար այս եպիսկոպոսի մահից հետո Ս. Վրթանես Հայրապետը Աղվանից եպիսկոպոս է ձեռնադրում իր ավագ որդուն` Գրիգորիսին, որը գնալով Աղվանք, Ցրիում նորոգում է եկեղեցիները, քարոզում, ապա գնում քրիստոնեությունը տարածելու Մազքութների մեջ։ Նախնական շրջանում Գրիգորիսը հաջողություն է ունենում Մազքութների Արշակունի Սանեսան թագավորի արքունիքում։ Հետագայում, սակայն, 337 թվականին նահատակվում է նույն թագավորի հրամանով Վատնյան դաշտում, կապում են ձիու պոչից եւ քաշ ալով տանջամահ անում։ Անշուշտ այս նահատակությունը կապված էր Պարսից Շապուհ Բ թագավորի քրիստոնեահալած քաղաքականության հետ։ Ս. Գրիգորիսի աշակերտները նրա աճյունը բերում են Հայաստան եւ ամփոփում Արցախի Ամարասում, որն այնուհետեւ դառնում է մեծ ուխտատեղի եւ եպիսկոպոսական Աթոռ։

353 թ. հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ Ներսես իշխանը։ Մեկ տարի անց Ներսես կաթողիկոսը մի նշանավոր ժողով է գումարում Աշտիշատում, որ համարվում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը զբաղվում է հիմնականում երկու կարեւոր հարցերով։

1. Կազմակերպչական հարցեր։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ եւ այլ բարեգործական հաստատություններ։ Ժողովը արգելում է հեթանոսական սովորությամբ` լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին եւ այլն։ Ժողովը որոշում է հիմնել նաեւ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։ Ժողովը զբաղվում է նաեւ ծիսական բարեկարգման հարցերով։

2. Դավանաբանական հարցեր։ Ժողովը զբաղվում է նաեւ Հավատո Հանգանակի հետ կապված վիճաբանություններով։ Հայտնի է, որ Նիկիայի Ա Տիեզերական ժողովում բանաձեւվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստուծո մասին։ Տեսանք արդեն, որ այս հանգանակը Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան եւ այն ընդունելի էր համարվել Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաեւ Հայ Եկեղեցու Հավատամքը։ Մի քանի տարի անց, սակայն, այս հանգանակը լուրջ ընդդիմության է հանդիպում Հռոմեական կայսրության մեջ, քաղաքական իշխանության օժանդակությամբ հզորացած արիոսական զանազան հոսանքների կողմից։ Տեսանք նաեւ, որ Հայաստանում նույնպես եղել են արիոսական եպիսկոպոսներ։ Աշտիշատի ժողովը կրկին անգամ մերժել է արիոսականությունը եւ ընդունել Նիկիական Հանգանակը։

Աշտիշատի ժողովի որոշումները ամենայն հաջողությամբ իրականացնում է Ներսես կաթողիկոսը, որի համար էլ արժանանում է Մեծ կոչմանը։ Նրա հայրապետության շնորհիվ հայ ժողովուրդը լիիրավ կերպով հաղորդակից դարձավ քրիստոնեության էությանը։ Եվ կարելի է ասել, որ նրա գործունեության շնորհիվ է, որ հայ ժողովուրդը իսկապես քրիստոնյա դարձավ։

« 6. Հայ Եկեղեցու Ծագումը   |   8. Հայաստանյայց Եկեղեցու Հաստատումը »
© Gratun.org