Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

8. Հայաստանյայց Եկեղեցու Հաստատումը

Ս. Գրիգոր Լուսավորիչ

Հայաստանում քրիստոնեության տարածման զուգընթաց հոգեւոր հովիվների ու հովվապետների կարիքն էր զգացվում։ Եպիսկոպոսություն ստեղծելու նպատակով Ս. Գրիգոր Լուսավորիչը մեկնեց Կապադովկիայի Կեսարիա քաղաք, ուր օծվեց Կապադովկիայի եպիսկոպոսների կողմից` Ղեւոնդիոս Կեսարացու ձեռամբ։ Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսը Հայաստանում նախագահեց Ս. Գրիգոր Լուսավորչի գահակալության արարողությունը։ Արարողությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր երկար ժամանակ գոյատևել է Եպիսկոպոսական Աթոռը։

Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստան վերադառնալով, իր հետ Կեսարիայից ու Սեբաստիայից շատ քահանաներ բերեց։ Թագավորը եկավ Եփրատ գետի ափը` նրան դիմավորելու։ Ս. Գրիգորը պահեցողության շրջան հայտարարեց բոլորի համար, իսկ Հայ Եկեղեցին այսօր էլ նշում է այն որպես առաջավորաց պահք։

Ս. Գրիգորը քարոզում էր ու մարդկանց նախապատրաստում մկրտության։ Այն հոգեւորականները, որոնց նա իր հետ էր բերել, օգնում էիր իրեն մկրտությունների ժամանակ։ Ս. Գրիգորն անձամբ մկրտեց Տրդատ թագավորին, նրա ընտանիքին, ինչպես նաեւ ողջ արքունիքին և երկրի ազնվականներին։

Տրդատ թագավորն ու Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանը հռչակեցին քրիստոնյա պետություն։ Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը` հավատարիմ մնալով Հայաստանի պետական վարչական համակարգի սկզբունքներին։ Նա յուրաքանչյուր աչքի ընկնող նախարարության համար մեկական եպիսկոպոս ձեռնադրեց։ Այս եպիսկոպոսները ենթարկվում էին Հայաստանի Ծայրագույն եպիսկոպոսին` եպիսկոպոսապետին, որը շուտով կոչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Այսպիսով Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմավորվեց տեղի պայմաններին համապատասխան և անկախ այն գործընթացներից, որոնք տեղի էին ունենում Հռոմեական կայսրության եկեղեցիներում, ուր 325 թ-ին Նիկիայի առաջին Էկումենիկ Ժողովով հաստատվեց նվիրապետության մետրոպոլիտական համակարգը, իսկ 381 թ, Կոստանդնուպոլսի Երկրորդ Էկումենիկ Ժողովով` պատրիարքականը։

Ճիշտ է, Հայաստանում Ս. Գրիգոր Լուսավորչից դեռ շատ առաջ կային այլ եպիսկոպոսներ, սակայն նա դարձավ առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հայ Եկեղեցին ղեկավարեց շուրջ 25 տարի։ Գրիգոր Լուսավորիչն իր մահկանացուն կնքեց Նիկիայում գումարված առաջին Տիեզերական Ժողովից կարճ ժամանակ անց։ Նրա որդին` Արիստակեսը, որ եպիսկոպոս էր ձեռնադրվել հոր ձեռամբ, մասնակցեց այդ ժողովին որպես Հայ Եկեղեցու ներկայացուցիչ , քանի որ հայրն արդեն բավական ծեր էր։ Հենց այս ժողովում էր, որ ձեւակերպվեց քրիստոնեական եկեղեցու Հավատո Հանգանակը։

Քրիստոնեացած Հայաստանը պետք է պաշտպաներ իր կրոնը Հռոմեական Կայսրությունից։ Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Մաքիմիոս կայսրը (305-313) պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, ովքեր ի սկզբանե բարեկամ եւ նիզակակից էին հռոմեացիներին։ Եվ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել վերադառնալու կուռքերի եւ դեւերի պաշտամունքին։ Դրանով նա բարեկամին ատելի դարձրեց, դաշնակցին` թշնամի... Արդ` նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս, ջախջախվեց»։ (Թ 8, 2, 4) Իր կյանքի վերջին օրերին` 312-313 թթ, Մաքիմիոս կայսրը հարձակվեց հայերի վրա։ Քրիստոնեությունը 10 տարվա ընթացքում այնպիսի խոր արմատներ էր գցել Հայաստանում, որ հայերը սկսել էին պայքարել Հռոմեական հզոր կայսրության դեմ իրենց նոր հավատքին հավատարիմ մնալու համար։

Այդ ժամանակ Հայաստանը ֆեոդալական երկիր էր։ Պետության ղեկավարը թագավորն էր, որը միաժամանակ կենտրոնական Այրարատ մարզի մարզպանն էր։ Թագավորի վասալները իշխաններն էին, ովքեր ժառանգել էին իրենց մարզերի ու շրջանների իշխանությունը եւ ունեին իրենց սեփական բանակներն ու իրենց գահերը թագավորական պալատում ` համապատասխան իրենց պաշտոնին։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրոք Աղվանքի Ուռնայր թագավորը նույնպես ընդունեց քրիստոնեությունը։ Աղվանքի առաջին եպիսկոպոսի մահից հետո, ծնունդով հռոմեացի, Վրթանես կաթողիկոսի որդի Գրիգորիսը, որը ձեռնադրվել էր ձեռամբ Ս. Գրիգոր Լուսավորչի, դարձավ Աղվանքի եպիսկոպոս։ Վերականգնելով Ցրիում գտնվող եկեղեցին` Գրիգորիսը մեկնեց մազքութների երկիր` քարոզելու համար Ավետարանը։ Այնտեղ նա 337 թ-ին նահատակվեց Արշակունի Սանեսան թագավորի հրամանով։ Անկասկած Գրիգորիսի նահատակությունը կապված էր պարսից Շապուհ Բ արքայի կողմից այդ ժամանակ քրիստոնյաների դեմ տարվող հալածանքների հետ։ Աշակերտները Ս. Գրիգորիսի աճյունը թաղեցին Արցախում` Ամարասում, որն այնուհետև դարձավ Եպիսկոպոսական Աթոռ։

353թ-ին հայ ազնվականները միասնաբար կաթողիկոս ընտրեցին Ներսես իշխանին` Հուսիկ Կաթողիկոսի (341-347) թոռանը։

Մեկ տարի անց Ներսես Կաթողիկոսը Աշտիշատում ժողով հրավիրեց, որը պատմության մեջ հայտնի է որպես առաջին Ազգային Եկեղեցական Ժողով։ Ժողովը որոշում ընդունեց աղքատներին կացարաններ տալ, Հայաստանի տարբեր վայրերում հիմնեց որբանոցներ, հիվանդանոցներ, բորոտանոցներ եւ այլ հաստատություններ։ Խորհուրդը նաեւ որոշում ընդունեց հիմնել վանքեր, կուսանոցներ եւ դպրոցներ։

Ժողովն արգելեց մահացած մարդկանց հեթանոսական սովորություններով թաղելը (հանդերձները պատռելը, բարձրաձայն բղավելը եւ այլն), այդպիսով առավել հավատ ներշնչելով հարության ու հանդերձյալ կյանքի նկատմամբ։ Այն նաեւ արգելեց ամուսնությունը հարազատների հետ, կաշառակերությունը, անբարոյականությունը, ինչպես նաև հորդորեց հեռու մնալ հարբեցողությունից, գթասրտություն ցուցաբերել ծառաների հանդեպ, մարդկանց չծանրաբեռնել հարկերով եւ այլն։

Աշտիշատի Ժողովում քննարկվեց նաեւ արիոսականության հարցը։ Հայտնի է, որ Նիկիայի առաջին Էկումենիկ Ժողովում բանաձեւվում էր Եկեղեցու Ուղղափառ դավանությունը Որդի Աստծու մասին։ Արիստակես Կաթողիկոսը Նիկիական Հանգանակը բերեց Հայաստան, եւ Ս. Գրիգոր Լուսավորիչն ընդունեց այն։ Մի քանի տարի անց Հռոմեական Կայսրությունում սկսեցին զարգանալ արիոսականության տարբեր ուղղությունները։ Հայ եպիսկոպոսների շարքերում եւս կային Արիոսի վարդապետության հետեւորդներ։ Աշտիշատի Ժողովը մեկ անգամ եւս դատապարտեց արիոսականությունը եւ հաստատեց Նիկիական Հանգանակի ընդունումը։ Ներսես Կաթողիկոսին հաջողվեց Առաջին Ազգային Եկեղեցական Ժողովի որոշումներն իրագործել, որի համար նրան անվանեցին Ներսես Մեծ։

« 7. Քրիստոնեությունը Հայաստանի Պետական Կրոն   |   9. Հայաստանյայց Եկեղեցու Հայացումը »
© Gratun.org