Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

9. Հայաստանյայց Եկեղեցու Հայացումը

Ս. Մեսրոպ Մաշտոց

387 թվականին Հայաստանի թագավորությունը երկփեղկվում է, ենթարկվելով Պարսկաստանին եւ Բյուզանդիային։ Բյուզանդական Հայաստանում, որ ամփոփված էր միայն Բարձր Հայք նահանգի սահմաններում, շուտով վերանում է Հայկական թագավորությունը եւ երկիրը սկսում է կառավարել Բյուզանդիայի կողմից նշանակված կոմսի կողմից։ Արեւելյան Հայաստանում Արշակունիների թագավորությունը, թեպետեւ Պարսկաստանի իշխանության տակ, գոյատեւում է եւս երեք տասնամյակ։

Ճիշտ այդ դժվարին պայմաններում է, որ սկիզբ է առնում հայ մշակույթի ոսկեդարը։

Քրիստոնեական պաշտամունքը Հայաստանում կատարվում էր երկու լեզուներով՝ հունարեն եւ ասորերեն։ Բնական է, որ այն անհաղորդ մնար ժողովրդի լայն զանգվածներին։ Անշուշտ ստեղծվել էր թարգմանիչների դաս, որ եկեղեցական արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր կերպով թարգմանում էր հայերենի, սակայն քրիստոնեությունը հայ ժողովրդի սեփականությունը լինելու համար պետք է որ հայերեն հնչեր։ Այս դժվարությունը, ի թիվս այլոց, զգում է նաեւ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը, երբ Գողթն գավառում մաքառում էր հեթանոսության վերջին մնացորդների դեմ։ Նա երկնում է հայերեն գրեր ստեղծելու գաղափարը, որը մեծ ընդունելություն է գտնում Ս. Սահակ կաթողիկոսի եւ հայոց Վռամշապուհ թագավորի կողմից (389-417)։ Տքնաջան աշխատանքից հետո, աստվածային հայտնությամբ Ս. Մեսրոպ Մաշտոցին ի վերջո հաջողվում է ստեղծել հայերեն այբուբենը, 406 թվականին։ Առաջին նախադասությունը, որը Ս. Մեսրոպը թարգմանում է հայերենի, հետեւյալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակաց Ա 1)։ Ճիշտ հասկանալով այս խրատի իմաստը, հայ ժողովուրդը հայոց այբուբենը դարձրեց իր հիմնական զենքը օտար նվաճողների դեմ, իր պատմության ողջ ընթացքում։ Հայերեն այբուբենի տառերը դարձան հայ ժողովրդի գոյատեւման սյուները։

Ս. Մեսրոպ Մաշտոցը թագավորի եւ կաթողիկոսի օժանդակությամբ հայատառ դպրոցներ է բացում Հայաստանի զանազան վայրերում եւ սկսում է հայերենի ուսուցանումը։

Այդ կարեւոր գործունեությանը զուգահեռ Հայաստանում սկսվում է թարգմանական եւ ինքնուրույն գրականության ստեղծումն ու զարգացումը։ Թարգմանական գործունեությունը ղեկավարում է Ս. Սահակ Պարթեւը, նախ եւ առաջ ասորերենից հայերենի թարգմանելով Ս. Գիրքը։ Միաժամանակ նա իր նշանավոր աշակերտներին ուղարկում է ժամանակի մշակույթի նշանավոր կենտրոնները՝ Եդեսիա, Ամիդ, Ալեքսանդրիա, Աթենք, Կ. Պոլիս եւ այլն, հմտանալու ասորերեն եւ հունարեն լեզուների մեջ եւ թարգմանելու եկեղեցական հայրերի գործերը։

Թարգմանական գրականության հետ զուգահեռ ստեղծվում է նաեւ ինքնուրույն գրականություն՝ բազմազան ժանրերով՝ աստվածաբանական, բարոյագիտական, մեկնողական, հակաճառական, ջատագովական, վարքաբանական, պատմողական եւ այլն։

Կարճ ժամանակում հայերենի են թարգմանվում ասորական եւ հունական հայրաբանության կարեւոր բոլոր գործերը։ Թարգմանիչները 431/2 թթ. իրենց հետ՝ Կ. Պոլսից Հայաստան են բերում հունարեն Աստվածաշնչի ընտիր օրինակներ, որոնց հիման վրա սրբագրվում է հայերեն Աստվածաշունչը։ Թարգմանիչների մատուցած ծառայությունները այնքան մեծ են, որ Հայոց Եկեղեցական Ավանդությունը սրբացրել է նրանց եւ ամեն տարի տոնում է նրանց հիշատակը մեծ շուքով։

« 8. Հայաստանյայց Եկեղեցու Հաստատումը   |   10. Միացման Փորձեր »
© Gratun.org