Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

10. Միացման Փորձեր

Քաղկեդոնի ժողով

Է դարի սկզբին ծավալված պարսկա-բյուզանդական պատերազմը Հերակլ կայսեր (610-641) հերոսական ջանքերի շնորհիվ ավարտվում է Բյուզանդիայի հաղթանակով։ Կայսրության արեւելյան նահանգների` Ասորիքը, Պաղեստինի, Հայաստանի բնակչությունը մեծամասամբ միաբնակ էր։ Քաղաքական նկատառումներով, որպեսզի Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը, եւ Հայաստանը ավելի սերտորեն կապվեն Բյուզանդիային, կայսրը սկսում է սիրաշահել միաբնակներին։ Այսպես, նա Կ. Պոլսի պատրիարք է նշանակում միաբնակ Հակոբիկյան Սերգիոսին, Անտիոքի պատրիարք` ասորի միաբնակների կաթողիկոսին, ցանկանալով այդպիսով ասորիներին միացնել Անտիոքի պատրիարքության հետ, իսկ Ալեքսանդրիայի պատրիարք է նշանակում թունդ հակաքաղկեդոնական Կյուրոսին։

Ավելի քան մեկ ու կես դար ալեկոծվող եկեղեցում խաղաղություն հաստատելու նպատակով Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610-638) առաջ է քաշում միակամության վարդապետությունը, ըստ որի Քրիստոս ունի երկու բնություն, մի դեմք, մի կամք եւ մի ներգործություն։ Հերակլ կայսրը հավանություն տալով այս վարդապետությանը, կայսրության եկեղեցիներին առաջարկում է ընդունել այն։ Ալեքսանդրիայի Կյուրոս պատրիարքը Կ. Պոլսի պատրիարքին ուղղված մի նամակում ասում է, որ հիմնվելով կայսեր եւ Սերգիոս պատրիարքի առաջարկած միակամյա դավանության վրա հաշտեցրել է Եգիպտոսի տարբեր կողմերին եւ հաստատել հետեւյալ դավանանքը. «Ով չի խոստովանում, յերկուց բնութեանց մի Քրիստոս, մի Որդի, մի մարմնացեալ բնութիւն Բանին Աստուծոյ», ինչպես որ ուսուցանեց Ս. Կյուրեղը, անփոփոխելի եւ անայլայլելի, թող նզովեալ լինի»։

Միակամյա վարդապետությունը լայն ընդունելություն է գտնում ինչպես Բյուզանդիայում, այնպես էլ Արեւմուտքում. այն ընդունում է նաեւ Հռոմի Հոնորիոս Պապը։ Երկու կողմերի ծայրահեղ ներկայացուցիչները, սակայն, մերժում են այն ընդունել (քաղկեդոնականների նշանավոր ներկայացուցիչը Մաքսիմոս Խոստովանողն է)։

Հերակլ կայսրը նույն խնդրով դիմում է նաեւ Հայոց Եկեղեցուն։ Եզր կաթողիկոսը (630-641) կայսրից խնդրում է մի դավանագիր, որը քննելով հայոց վարդապետները, Սյունյաց եպիսկոպոս Մաթուսաղայի գլխավորությամբ, հանգում են այն եզրակացության, որ այն իր հիմնական կառուցվածքով ուղղափառ է եւ ընդունելի, միայն թե բացակայում է Քաղկեդոնի ժողովի եւ Լեւոնի Տումարի նզովումը։ Այնուհետեւ 632 թ. մի ժողով է գումարվում Կարինում, ուր կայսրը եւ Եզր կաթողիկոսը իրենց հետեւորդներով համաձայնության են գալիս միակամյա վարդապետության շուրջը։

Ինչպես կայսրության մեջ տեղ-տեղ, այնպես էլ Հայաստանում գտնվում են միակամյա վարդապետության հակառակորդներ։ Այդպիսի դիրք է ճշտում Հայաստանում օրինակ Դվինի կաթողիկոսարանի փակակալ Հովհանը, որ հրապարակայնորեն հանդիմանում է Կարինից վերադարձող Եզր կաթողիկոսին, որի համար էլ աքսորվում է նախ Արագածոտն գավառի Բջնիի Մայր վանքը, եւ ապա Աղվանից մարզպանության Գարդմանք գավառը։ Նրա աշակերտները, Սարգիս Մայրագոմեցու ղեկավարությամբ, իրենց ուսուցչի մահից հետո ընկնում են երեւութական սխալ վարդապետության մեջ։

Ահա այս ժամանակ պատմության ասպարեզ են դուրս գալիս արաբները։ Նրանք 638 թ. Բյուզանդիայից գրավում են Ասորիքը, 640 թ. Եգիպտոսը։ Կայսրությունը մեկընդմիշտ կորցնում է միաբնակ բնակչություն ունեցող նահանգները, որով եւ միակամյա վարդապետությունը կորցնում է իր քաղաքական նշանակությունը եւ շուտով անտեսվում թե Բյուզանդիայում եւ թե Հայաստանում։

« 9. Հայաստանյայց Եկեղեցու Հայացումը   |   11. Հայ-Բիւզանդական Հարաբերություններ »
© Gratun.org