Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

11. Հայ-Բիւզանդական Հարաբերություններ

Հայ-Բիւզանդական Հարաբերություններ

1165 թվականին Ս. Ներսես Շնորհալին Հայ եւ Բյուզանդական Եկեղեցիների տարբերությունների մասին մի խոսակցություն է ունենում Մամեստիայի բյուզանդական դուքս Ալեքսի հետ։ Դուքսը, Ներսեսին հանձնելով մի հարցարան, խնդրում է գրավոր արձանագրել իրենց խոսակցությունը եւ պատասխանել այն հարցերին, որ իրեն էին հանձնել հույն վարդապետները։

Ս. Ներսես Շնորհալին պատրաստում եւ Ալեքսին է հանձնում «Գիր հաւատոյ Խոստովանութեան» խորագրով մի գրություն։ Ալեքսը ստանալով գրությունը անձամբ հանձնում է Մանուել կայսեր (1143-1188)։ Կայսրը եւ Կ. Պոլսի Ղուկաս պատրիարքը (1156-1169) քննելով այդ գրությունը գտնում են, որ այն կարող է հիմք եւ սկիզբ հանդիսանալ հայ եւ բյուզանդական եկեղեցիների միության համար։ Կայսրը գրում է Հայոց Գրիգոր Գ կաթողիկոսին եւ խնդրում Կ. Պոլիս ուղարկել Ներսես Շնորհալուն` բանակցությունների համար։

Մինչ կայսեր պատգամավորի Հռոմկլա գալը Գրիգոր Գ-ը արդեն վախճանվել էր եւ կաթողիկոս էր ընտրվել Ս. Ներսես Շնորհալին (1166-1173), որը չէր կարող թողնել կաթողիկոսարանը եւ Կ. Պոլիս գնալ։ Ս. Ներսես Շնորհալին իր փոխարեն կայսերն է ուղարկում մի երկրորդ գրություն, ուր առաջ է քաշում այն սկզբունքները, որոնց գործադրումով միայն կարելի է հասնել ըղձալի միության։ Այդ սկզբունքներն են. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»։ Միությունը չպետք է լինի տիրոջ եւ ծառայի օրինակով, այլ հավասարը հավասարի հետ, հիմք ընդունելով Ս. Գիրքը եւ Սրբազան Ավանդությունը։ Ուր որ նկատվեն դավանաբանական եւ ծիսական սխալներ, լինեն դրանք հայերի թե բյուզանդացիների մոտ, պետք է մերժվեն։

Ս. Ներսես Շնորհալու այս գրությանը կայսրը եւ Միքայել Գ պատրիարքը (1169-1177) պատասխանում են 1172 թվականին, միության համար հայերին առաջարկելով ընդունել հետեւյալ 9 կետերը.

Ս. Ներսեսը, որ ջերմ պաշտպան էր եկեղեցիների միության, հուսախաբություն ապրելով, պատասխանում է կայսեր եւ պատրիարքի դեսպան Թեորիանոսին, որ ինքը միայնակ չի կարող նման լուրջ հարցեր վճռել, որի միակ իրավասուն Հայոց ազգային-եկեղեցական ժողովն է եւ որ ինքը կպատասխանի այդ խնդրի համար ժողով գումարելուց հետո։ Խոստացված ժողովը, սակայն, չի գումարվում եւ վրա է հասնում Ս. Ներսես Շնորհալու մահը։

Կայսրը իր առաջարկները կրկնում է Գրիգոր Դ կաթողիկոսին (1173-1193), որը պատասխանում է կայսեր, թե ինքը նույնպես, ինչպես իր նախորդները, փափաքում է եկեղեցիների միությունը, սակայն բյուզանդացիների առաջարկած 9 կետերը ընդունել չի կարող։ Մի նոր նամակով բյուզանդացիները կրճատում են 3-9-րդ առաջարկները` թողնելով միայն 1-2-ը։

Հակառակ Բուն Հայաստանի եկեղեցական ղեկավարների` եկեղեցիների միության նկատմամբ ունեցած վերապահությունների, Գրիգոր Դ կաթողիկոսը 1179 թվականին հրավիրում է Հռոմկլայի ժողովը` պատասխանելու բյուզանդացիների առաջարկներին։ Արեւելյան վարդապետներին ուղարկած իր նամակում Գրիգոր կաթողիկոսը գրում է, որ չպետք է քարոզել թե հույները աղանդավորներ են, քանի որ նրանց մեջ եղել են Եկեղեցու նշանավոր հայրեր։ Չպետք է նրանց ատել, այլ սիրո եւ մտերմական հարաբերություն ունենալ նրանց հետ եւ, եթե մոլորված են, հանդիմանել ու դարձի բերել եւ կամ գոնե ցույց տալ նրանց, որ մենք առողջ ենք, որով մեծ լավություն արած կլինենք այն հայերին, որ կրոնական պատճառով հալածվում են հույների կողմից։

Քրիստոնեական սիրո նման ոգով առաջնորդվելով հանդերձ, Հայ Եկեղեցու ղեկավարությունը չէր կարող հրաժարվել իր ավանդական սրբություններից։ Հռոմկլայի ժողովը, որին մասնակցում էին թե Բուն Հայաստանի, թե Կիլիկիայի եւ շրջակայքի եպիսկոպոսները, ինչպես նաեւ Աղվանից կաթողիկոսը եւ Հակոբիկ Ասորիների պատրիարքի ներկայացուցիչը, մի կողմից նզովում է ծայրահեղ միաբնակությունը, որ միշտ նզովել էր Հայոց Եկեղեցին, մյուս կողմից մերժում երկու բնություն, երկու կամք, երկու ներգործություն վարդապետությունը, ջատագովելով Մի բնության վերաբերյալ Հայ Եկեղեցու մեկնությունը։

Մինչ ժողովական որոշման Կ. Պոլիս հասնելը վախճանվում է Մանուել կայսրը (1180 թ.) եւ նրա հաջորդները որեւէ հետաքրքրություն ցույց չեն տալիս Հայ Եկեղեցու հետ միության վերաբերյալ։

« 10. Միացման Փորձեր   |   12. Հայ-Լատին Հարաբերություններ »
© Gratun.org