Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

14. Հայաստանյայց Եկեղեցին Հետ Հայաստանի Անկախության (1991-2004)

Անկախության (1991-2004) Հայաստանի Հանրապետությունում 1921թ. Խորհրդային կարգերի հաստատումից հետո մինչեւ 1930-ական թթ., Հայաստանում, Արցախում, ինչպես նաեւ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում փակվել էին գրեթե բոլոր հայկական եկեղեցիները։ Դրանցից շատերը քանդվել էին, շատերը վերածվել ակումբների եւ պահեստների, իսկ պատմական վանքերը` անխնամ վիճակում պահպանվում էին որպես պատմական հուշարձան կոթողներ։ Կրոնական ցանկացած գործունեություն արգելված էր։ Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո միայն արտոնվեց բացել մի քանի եկեղեցիներ եւ վերանորոգել որոշ պատմական վանքեր։ Խորհրդային տարիներին եկեղեցին ու հոգեւորականությունը հալածված էին պետական վարչական միջոցներով, իսկ պատերազմից հետո` լոկ հանդուրժված, սահմանափակ իրավունքներով։ Այսպիսի պայմաններում, մեր հայրենաբնակ եւ խորհրդային տարածքներում ապրող ժողովուրդը եւ նոր սերունդները կրոնական դաստիարակությունից եւ հոգեւոր մխիթարությունից զրկված մնացին։

Կացությունը սակայն փոխվեց 1991թ., երբ Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ժողովուրդը անկախություն ձեռք բերեց եւ հռչակեց անկախ Հայաստանի երկրորդ Հանրապետություն, որի կառավարության անդրանիկ անդամներին եւ որի պատմության առաջին էջը օրհնվեցին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, այդպես սկիզբ դնելով Եկեղեցի-Պետություն սերտ համագործակցության մի նոր ուղու։ 1991թ. պատմական այս բարենպաստ շրջափոխությամբ հայ ժողովուրդը ունեցավ իր անկախ հանրապետությունը եւ սեփական պատմությունը կերտելու բացառիկ հնարավորություն։

Մայր Հայրենիքում օրինական նոր պայմանների ստեղծումով ու, մանավանդ, Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության» օրենքի ընդունմամբ` Հայ Եկեղեցու առաջ դրվեց մեր ժողովրդի կյանքն ու հոգին Սուրբ Ավետարանի լույսով պայծառակերպելու նվիրական պարտականությունը։ Օրինաչափ էր, որ ազատ շնչելու առաջին իսկ հնարավորությամբ ժողովուրդը տենչաց իր հոգեւոր ծարավը հագեցնել։ Դա արտահայտվեց բազմաթիվ եկեղեցիներ բացելով, եկեղեցական-ազգային տոներին վերադառնալու ձգտումով եւ, որ ամենակարեւորն է, Մայր Եկեղեցին ճանաչելու պահանջով եւ անհրաժեշտությամբ։ Պետք էր նոր սերունդին ցույց տալ Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում. երբ չկար պետականություն, Եկեղեցին արժանապատվությամբ համատեղեց ժողովրդի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության պատասխանատվությունը, երբ հայն ունեցավ պետություն, Եկեղեցին միշտ եղավ նրան զորավիգ։ Պետք էր ճանաչել Եկեղեցին, որպեսզի հոգեւոր զարթոնքը գիտակցված լիներ։

Նորանկախ հայրենիքում նոր հոգեւոր զարթոնք է սկսվում եւ այդ ազգային զարթոնքն արտահայտվում է հայ կյանքի բոլոր ասպարեզներում։ Այդ ամենին նպաստում էին մինչ այդ Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով կատարված ձեռքբերումները։

1988-1989թթ. Հայաստանում եւ Արցախում Եկեղեցուն էին վերադարձվել 25 վանքեր եւ եկեղեցիներ, 19-ը` Հայաստամում եւ 6-ը` Արցախում։ 1990թ. հոկտեմբեր 20-ին Վազգեն Ա-ի օրհնությամբ հիմնվել էր Հայաստանի Աստվածաշնչյան Ընկերությունը, որն արդեն Հայաստանում սկսում է հրատարակության պատրաստել Աստվածաշնչի արեւելահայերեն նոր թարգմանությունը։

Ժողովրդի հոգեւոր կարիքները հոգալու համար, 1990թ. Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ Արարատյան թեմի Առաջնորդարանում հաստատվում է Մայր Աթոռի «Քրիստոնեական քարոզչության» կենտրոնը, որը պետք է Հայաստանի տարբեր շրջանների դպրոցներում եւ կրթական հաստատություններում կազմակերպեր Հայ Եկեղեցու կրոնական քարոզչությունը եւ հոգեւոր դասընթացներ։ Կանոնավոր կերպով Հանրային հեռուստատեսությամբ եթեր են արձակվում «Լուսոյ Խորան» կրոնական հեռուստահաղորդումները։

Այդ օրերին մեծ իրադարձություն էր Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների նախապատրաստությունը, որի շրջանակներում նախատեսված էր մայրաքաղաք Երեւանում եկեղեցի կառուցել Ս. Գրիգոր Լուսավորչի անունով, որի հուշաքարի հիմնարկեքը կատարվել էր Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ 1990թ. մարտի 31-ին։

Խորհրդային Միության փլուզումից հետո, նպատակ ունենալով վերակազմակերպել Հայաստանի եւ Ներքին Սփյուռքի Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական ու վարչական կյանքը համաձայն եկեղեցական ավանդական կարգ ու կանոնի, 1991թ. փետրվար 14-ին, Եպիսկոպոսական ժողովը Վազգեն Ա Հայրապետի նախագահությամբ, հաստատում է «Հայաստանի Հանրապետութեան եւ Խորհրդային Միութեան տարածքի վրայ գործող Հայաստանեայց Եկեղեցու կանոնադրութիւնը» բաղկացած 94 հոդվածներից, որը Վեհափառ Հայրապետի 1991թ. մարտի 2-ի 1758 համարի սրբատառ կոնդակով գործածության մեջ է մտնում Հայաստանի եւ ներքին սփյուքռի թեմերում։ Նույն թվականի մարտի 20-ին վերահաստատվում է Գերագույն Հոգեւոր Խորհուրդը։

Նոր կանոնադրությամբ գրեթե ամբողջապես կազմակերպվում են Հայ եկեղեցու ներքին թեմերն ըստ հետեւյալ դրության.

Այս բոլոր թեմերում սակավ առ սակավ սկսում է կազմակերպվել կրոնական կյանքը։ Եկեղեցու հովանու ներքո հիմնվում են մի շարք միություններ։

Մոտենում էր 2001թ., երբ ծրագրված էր 1700-ամյակի հոբելյանական տոնակատարությունները եւ Վազգեն Ա Հայրապետի ողջ ուշադրությունը սեւեռված էր հանդիսությունների պատշաճ կազմակերպմանը։ 1994թ. մայիս 6-9-ը Մայր Աթոռում Վազգեն Ա-ի նախագահությամբ, չնայած առողջության վատթար վիճակին, կազմակերպվում են խորհրդակցական հանդիպումներ, որոնց մասնակցում էին նվիրապետական աթոռների գահակալները, եւ որտեղ քննարկվում են 1700-ամյակի տոնակատարությունների արժանավայել նշման ծրագրերը։

Ցավալի է, որ հայ ժողովրդին վրա հասած պատմական այս բարենպաստ ժամանակները համընկան Վազգեն Ա Հայրապետի գահակալության վերջին տարիներին, երբ նա արդեն առաջացած տարիքում էր, եւ բոլոր հիշված հաջողությունները ձեռքբերումներ էին` կատարված անձնական առողջության եւ անձնազոհ նվիրումի շնորհիվ։ Վազգեն Վեհափառը մահանում է 39-ամյա երկարատեւ գահակալությունից հետո։ Նա իրավամբ համարվում է Հայ Եկեղեցու շինարար կաթողիկոսներից մեկը։

Վազգեն Ա Հայրապետի արժանավոր հաջորդի` Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1995-1999թթ.) կարճատեւ գահակալության տարիները նույնպես քիչ չէին արձանագրված հաջողություններով։

Միանգամայն այլ հնարավորություններ եւ միջոցներ էին արդեն ստեղծված Գարեգին Ա Կաթողիկոսի համար։ Նորանկախ պետությունն ամեն կերպ աջակցում էր եկեղեցու բոլոր ձեռնարկներին եւ շուտով զգալի են դառնում այն առաջխաղացումները, որոնք արձանագրվեցին Վեհափառի քառամյա գահակալման ընթացքին։

1996թ. մայիս 30-ի տնօրինությամբ, նկատի ունենալով ՀՀ նոր վարչատարածքային բաժանումը, Եկեղեցու հովվական, կրոնական ժողովրդական գործունեության զորացման եւ գործնական արդյունավորման անհրաժեշտությունը, Հայ Եկեղեցու թեմական կառուցվածքային բնագավառում կատարվում են բարեփոխումներ։

Հայաստանի տարածքում ստեղծվում են Գուգարաց, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի եւ Գեղարքունյաց թեմերը։ 1997թ. հունվար 10-12-ի Գերագույն Հոգեւոր Խորհրդի որոշմամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Թեմում նույնպես ստեղծվում են առանձին թեմեր` Հարավային Ռուսաստանի հայոց Թեմը, իսկ Ուկրաինայի Հանրապետությունում` Ուկրաինայի հայոց թեմը։

Մայր Աթոռի միաբանության թիվը կտրուկ աճում է եւ նրանք, բացի թեմերում իրականացրած հոգեւոր սպասավորությունից, ուսման են մեկնում նաեւ արտասահմանյան մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Նշանակալից իրադարձություն էր Գեւորգյան Ճեմարանի նախկին շենքի վերաբացումը, որը դեռեւս Եկեղեցուն էր հանձնվել երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառի օրոք։ Ճեմարանը, փակված լինելով 1917թ., 80-ամյա դադարից հետո սեպտեմբերի 18-ին վերաբացվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ։

Ճեմարանի սաների կեցության պայմանները բարելավելու համար Գարեգին Ա-ի անմիջական նախաձեռնությամբ նույն թվականի հոկտեմբեր 4-ին կատարվում է ուսանողական նոր հանրակացարանի հիմնարկեքը, որը ներկայիս ավարտված է։

Մայր Աթոռի մշակութային առաքելությունը զարգացնելու համար մեծ թափով սկսում է գործել Մայր Աթոռի տպարանը։ Բացի ընթացիկ հրատարակություններից` «Էջմիածին» ամսագիր, օրացույց եւ աղոթքի թերթոններ, հրատարակվում են նաեւ կրոնական, բանասիրական, պատմական եւ գրական ուսումնասիրություններ եւ գրքեր։

Հայ Եկեղեցին, ազատված լինելով կոմունիստական աստվածմարտության հսկողությունից, լայն թափով սկսում է քարոզչական գործունեություն ծավալել մայր հայրենիքում։ Այդ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Գարեգին Ա Կաթողիկոսի օրհնությամբ 1996թ. նոյեմբերին հիմնվում է Քրիստոնեական Դաստիարակության եւ Քարոզչության Կենտրոն (ՔԴՔԿ), որը գործունեություն էր ծավալում հետեւյալ ուղղություններով.

Հայրենիքում ուսումնական գործընթացը ավելի լավ կազմակերպելուն իրենց նպաստն են բերել նաեւ սփյուռքի հայոց թեմերը։ 1997թ. Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի աջակցությամբ Գյումրիում, Ստեփանավանում եւ Իջեւանում բացվում են դպրոցներ։

1996թ. սեպտեմբեր 7-ին նահատակ Տ. Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի աճյունը Գայանե վանքի շրջափակից տեղափոխվում եւ ամփոփվում է Մայր Տաճարի մուտքի մոտ` այլ կաթողիկոսների շիրիմների շարքին։

Բացի հոգեւոր-կրոնական գործունեությունից, Հայ Եկեղեցին զբաղվում է նաեւ ընկերային ծառայությամբ։

1997թ. մարտին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից Հայաստանին նվիրված ծրագրի համաձայն` Մայր Աթոռում հաստատվում է «Կլոր Սեղան»-ի հատուկ գրասենյակ, որի նպատակն է Հայաստանի եկեղեցիների եւ ոչ պետական կազմակերպությունների հետ մշակել եւ նվիրատու կազմակերպություններին ու անհատներին ներկայացնել քրիստոնեական կրթության, եկեղեցիների շինարարության վերաբերյալ տարբեր ծրագրեր։

Լայն թափով առաջ են գնում նաեւ շինարարական աշխատանքները, որոնցից կարեւոր էր Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու կառուցումը։ 1997թ. ապրիլի 7-ին Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից տեղի է ունենում առաջին չորս` Մայր Խորանի հիմնաքարերի օրհնությունն ու օծումը, իսկ հուլիսի վերջին` մյուս տասներկու քարերի օծումն ու օրհնությունը։

1995-97թթ. Մայր Աթոռին են վերադարձվել Էջմիածնի Մայրավանքի շուրջ գտնվող հողերի մեկ կարեւոր հատվածը, ներառյալ Գեւորգյան Ճեմարանը եւ զբոսայգին, Ս. Գայանե եւ Հռիփսիմե վանքերի շրջատարածքները։

Գարեգին Ա-ի հայրապետության տարիներին էլ ավելի աշխուժացան միջեկեղեցական հարաբերությունները։ 1997թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի եւ այդ ժամանակվա ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է Հայ Եկեղեցու Բանակի հոգեւոր ծառայության ծրագիրը։

Պատմության ընթացքում առաջին անգամն էր, որ հայոց ազգային բանակն ունեցավ հոգեւոր խորհրդատու կամ սպասավոր։ Բանակի առաջին հոգեւոր խորհրդատուները նշանակվել են Հայաստանի առաջին անկախ Հանրապետության համար։ Նույնիսկ փորձեր են արվել բանակի հոգեւոր ծառայությունը ձեւակերպել օրենքով` կարգավորելու համար նրա գործունեությունը։

1997թ. նույն նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում համաձայնեցվում եւ հստակեցվում էին բանակի հոգեւոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ Բանակի որոշ տեղամասերում կառուցվել են մատուռներ։ Զորամասերի գրադարանները համալրվել են հոգեւոր գրականությամբ։

Հոգեւոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ անցկացնում, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ եւ եկեղեցական այլ արարողություններ։ Ներկայումս ավելի քան 35 հոգեւորական է ծառայում բանակի հոգեւոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան կուսակրոն եւ ամուսնացյալ քահանաներ ու սարկավագներ։ Ցավոք, երկարատեւ ծանր հիվանդությունը Գարեգին Ա-ին հնարավորություն չտվեց առավել արդյունավորել կարճատեւ գահակալության տարիները։

1999թ. Հայրապետական Աթոռ է բարձրանում նրա 132-րդ գահակալ Գարեգին Բ-ն, ում գահակալության հինգ տարիներն աչքի ընկան բեղուն եւ աշխույժ գործունեությամբ` պայմանավորված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի հոբելյանական հանդիսություններով եւ մի շարք այլ հոբելյաններով ու իրադարձություններով։

Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներն անհամեմատ հագեցած էին Մայր Աթոռում տեղի ունեցած ընդունելություններով եւ Հայրապետական այցելություններով։

Հայրապետական այցելություններ են կատարվել ՀՀ պետական այրերին եւ իշխանության տարբեր կառույցների ղեկավարներին, գիտա-մշակութային հաստատություններ եւ ներքին թեմեր։ Բացի այդ, համայնքային, թեմական եւ միջեկեղեցական հրավերներով Վեհափառ Հայրապետը մի շարք այցելություններ է կատարել։ Կատարվել են հովվապետական այցեր Ամերիկայի Արեւմտյան թեմ, Կանադայի հայոց թեմ, Ամերիկայի Արեւելյան թեմ, որը նշանավորվել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպմամբ, Անգլիո հայոց թեմ, որի ընթացքում կատարվել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու օծումը, Ավստրիայի հայոց թեմ, Ֆրանսիայի հայոց թեմ, որտեղ Հայրապետը հանդիպել է երկրի նախագահ Ժակ Շիրակին եւ պարգեւատրվել Պատվո Լեգեոնի Ա կարգի շքանշանով։

2001թ. եղավ հոգեւոր եւ գիտամշակութային միջոցառումներով 1700-ամյակի իմաստավորման ու արժեւորման տարի` հարուստ եկեղեցական արարողություններով ու հանդիսություններով։ 1700-ամյակի շրջանակում տեղի ունեցան գիտաժողովներ, բացվեցին ցուցահանդեսներ, կատարվեցին հավաքական մկրտություններ եւ կազմակերպվեցին ուխտագնացություններ հայ հավատի նվիրական սրբավայրեր ու տպագրվեցին մի շարք գրքեր ու ալբոմներ։

Հոգեւոր կյանքի նորոգմանը մեծ լիցք հաղորդեցին 1700-ամյակի առիթով կազմակերպված ուխտագնացությունները, որոնց բարձրակետը դարձավ հուլիսի 10-22-ին տեղի ունեցած համահայկական երիտասարդական առաջին ուխտագնացությունը Խոր Վիրապ-Ս. Էջմիածին-Սեւան-Երեւան երթուղով, որին մասնակցեցին 2000 երիտասարդներ Սփյուռքի եւ Հայաստանի թեմերից։ Այս ուխտագնացության շրջանակում հուլիսի 14-ին Երեւանում տեղի ունեցավ Համահայկական երիտասարդական առաջին համաժողովը։

2001թ. սեպտեմբերի 22-ին Քույր Եկեղեցիների պետերի եւ ներկայացուցիչների մասնակցությամբ էկումենիկ արարողություն կատարվեց Մայր Տաճարում, երեկոյան Սրբալույս Մյուռոնի օրհնությունը Մայր Աթոռի Ս. Տրդատ նորաօծ բաց խորանում։ Սեպտեմբեր 23-ին կատարվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու օծումը, սեպտեմբերի 30-ին` եպիսկոպոսական ձեռնադրություն։

1700-ամյակի հանդիսություններին Մայր Աթոռ այցելեցին քույր եկեղեցիների պետերն ու ներկայացուցիչները. Սեպտեմբերի 21-23-ը` Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ն. Ս. Ալեքսի Բ, Հնդիկ Մալաբար Եկեղեցու պետ, Արեւելքի Կաթողիկոս Ն. Ս. Բասիլիոս Մար Թոման, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի հույն ուղղափառ Պատրիարք Ն. Ս. Պետրոս Է-ն, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Ն. Ս. Թեոկտիստ Պատրիարքը, Պատվիրակություններ Ղպտի, Ասորի, Վրաց, Սերբիայի, Կիպրոսի, Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիներից, ներկայացուցիչներ Անգլիկան, ԱՄՆ-ի Եպիսկոպոսական, Դանիայի Լյութերական, Գերմանիայի Ավետարանական եկեղեցիներից, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Կոնրադ Ռայզերը։ Հանդիսություններին մասնակցում էին նաեւ Հայ կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ եւ Մխիթարյան միաբանության հայրեր։ Սեպտեմբերի 25-27-ը` իբրեւ Նորին Սրբության հյուր Հայաստանում եղավ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Ն. Ս. Հովհաննես-Պողոս Բ Պապը։ Նոյեմբերի 3-5-ը` Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն։

Գահակալության առաջին իսկ օրերից Գարեգին Բ Կաթողիկոսի ուշադրության կենտրոնում էր միաբանական կյանքի կազմակերպումը` հոգեւոր ծառայության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ։

Վանական ներքին կյանքին ու գործունեությանը, ինչպես նաեւ հասարակական կյանքում Հայ Եկեղեցու դերի բարձրացմանը վերաբերող հարցերի քննարկման համար պարբերաբար կազմակերպվել են միաբանական հավաքներ։ Միաբանական կյանքում նշանակալից իրադարձություն էր 2001թ. փետրվարի 19-21-ը, ինչպես նաեւ, 2003թ. հուլիսի 23-27-ը Մայր Աթոռում տեղի ունեցած միաբանական համագումարները։

Կարեւորելով ուսյալ եկեղեցականներ ունենալու պարագան, Վեհափառ Հայրապետի տնօրինությաամբ, եկեղեցագիտական եւ աստվածաբանական կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար արտասահման են մեկնում Մայրավանքի միաբանները։

Հայ ժողովրդի ազգային եկեղեցական կյանքում 1700 ամյակի առաջ բերած հոգեւոր զարթոնքի արդյունքում ավելացել են Եկեղեցում պաշտոնավարող աշխարհականաց թիվը։ Մայրավանքի շնորհիվ Հայաստանում այսօր աշխատանքով ապահովված են շուրջ 2500 հոգի, առանց հաշվելու նաեւ շինարարական ու գործարքային տարբեր աշխատանքներում ժամանակավորապես աշխատողներին։ Միայն Մայր Աթոռի տարբեր բաժիններում եւ ենթակա վանքերում ու կառույցներում աշխատում են շուրջ 900 անձեր։ Թեմական կառույցներում աշխատողների հետ ընդհանուր թիվը կազմում է շուրջ 1600 անձ։

Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության հինգ տարիներն առանձնապես արդյունավորվեցին շինարարական` ի մասնավորի եկեղեցաշինական գործունեությամբ։ 1999-2004թթ. ներքին եւ արտաքին Սփյուռքի բոլոր թեմերում բազմաթիվ նոր եկեղեցիներ են կառուցվել եւ օծվել, ինչպես նաեւ, խոնարհված եկեղեցիներ վերակառուցվել եւ վերասրբագործվել։

Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին էլ ավելի են համակարգվում եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Հայրենի պետական ավագանու հետ պարբերական համագործակցություն դրսեւորվում էր հիմնականում մշակույթի, տնտեսական ծրագրերի իրագործման ու սոցիալական օգնության բաշխման բնագավառներում։

Այդ համագործակցության եւ սերտ շփումների շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին են վերադարձվել 180-ից ավելի վանքեր, եկեղեցիներ ու վանքապատկան կալվածքներ։

2000թ. սեպտեմբերի 14-ին, Վեհափառ Հայրապետի անմիջական ջանքներով, ՀՀ զինված ուժերում հոգեւոր սպասավորների բանակային ծառայություն անցկացնելու բանավոր համաձայնությունը ամրագրվում է Մայր Աթոռի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության միջեւ ՀՀ զինված ուժերում հոգեւոր սպասավորների բանակային ծառայության կանոնադրության ստորագրմամբ, որով կանոնակարգվեցին բանակի հոգեւոր սպասավորների բանակային ծառայության, իրավունքներին եւ պարտականություններին վերաբերվող հարցեր։ Պետության հետ ունեցած հարաբերությունների շրջագծում նաեւ բանտերում հիմնել է հոգեւոր ծառայության գրասենյակ։

Երիտասարդությանն ու պատանիներին եկեղեցասիրության եւ հայրենասիրության ոգով դաստիարակելու համար ստեղծվեցին Հայորդյաց տներ։ 1993թ. Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի (այն ժամանակ` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի) նախաձեռնությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (նախագահ` Լուիզ Մանուկյան Սիմոն) ֆինանսական հովանավորությամբ` Արարատյան հայրապետական թեմը ստանձնեց Երեւանի Նոր Նորքի, Արաբկիրի եւ Մալաթիայի նախկին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (պիոներպալատներ) տնօրինությունը` դրանք վերանվանելով «հայորդյաց տներ»։ 1999թ. դեկտեմբերից Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ` հայորդյաց տները եւ Քանաքեռում գործող մանրանկարչության արվեստի կենտրոնը առանձնացվեցին Արարատյան հայրապետական թեմից եւ դարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակառույց։ 2003թ. հունվարից, ՀՀ Կառավարության որոշմամբ, Արաբկիրի, Մալաթիայի եւ Նորքի հայորդյաց տների շենքերն ու շինությունները սեփականության իրավունքով հանձնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այժմ եւս ՀԲԸՄ-ն շարունակում է հովանավորել հայորդյաց տների գործունեությունը` նորընտիր նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։

Վերջին տարիներին հայորդյաց տների համակարգն ընդլայնվեց նոր հաստատություններով։ 2003թ. մարտից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ` Մայր Աթոռի հովանու ներքո անցավ Գուգարաց թեմում գործող Վանաձորի հայորդյաց տունը։ 2003թ. մայիսից հայորդյաց տան կարգավիճակ ստացավ Էջմիածնի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը։

Հայորդյաց տների կազմում են նաեւ Էջմիածնի ծերանոցը, հայորդյաց տների հյուրատունը եւ Աղվերանի «Մասիս» պանսիոնատը։ Ծերանոցի շենքը գտնվում է Էջմիածին քաղաքում։ Հաստատությունը նախատեսված է թվով 40 տարեցների համար։

Ներկայումս հայորդյաց տներ հաճախում է մոտ 3500 սան, ովքեր ուսանում են արվեստի, արհեստագործության, սպորտային եւ գիտատեխնիկական տարբեր դասարաններում։ Գործում են նաեւ Եկեղեցասեր երիտասարդների միություններ։ Վեհափառ Հայրապետի ջանադրությամբ` Նորքի հայորդյաց տանը կից եւ Էջմիածնի «Ներսիսյան» անտառ-պուրակում բացվել են նաեւ խաղահրապարակներ` հագեցած բազմապիսի խաղասարքերով։ Հայորդյաց տներ հաճախող երեխաները հիմնավոր կրթություն են ստանում տարբեր ոլորտներում։

Վեհափառ Հայրապետը օրհնությամբ հայորդյաց տներում գործում են նաեւ բարեգործական ճաշարաններ, եւ 1996թ., ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ, այդ ճաշարանները հոգում են թվով 600 կարիքավոր միայնակ ծերերի հանապազօրյա հացի խնդիրը։

Սոցիալական ոլորտում գործունեությունն իրականացվել է Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի, Կլոր սեղանի Հայաստանյան գրասենյակի, ECLOF-ի (ԷԵՎՀՀՄ), բարեգործական ճաշարանների եւ թեմերի հետ համատեղ տարբեր ծրագրերի միջոցով։ Սոցիալական ծառայության գրասենյակի միջոցով սոցիալապես անապահով խավերին պատկանող ընտանիքներին բաժանվում է հագուստ եւ սնունդ, իսկ մի շարք մանկապարտեզներում` մանկական խաղալիքներ։ Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվում է նաեւ նյութական օգնություն։ Առողջապահական ոլորտում կարեւոր առաքելություն է իրականացնում ՀԲԸՄ-ի կողմից Մայր Աթոռին փոխանցված Պրոկտոլոգիայի նախկին ինստիտուտը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայրապետական իշխանության կոչվելուց հետո, շարունակել է Վազգեն Ա Վեհափառի գահակալության շրջանից ձեւավորված ավանդույթը, հայ մտավորականության մասնակցությամբ եւ նրանց նվիրված տարբեր հանդիսություններ ու մեծարման երեկոներ էին կազմակերպել Վեհարանի հանդիսությունների դահլիճում։

Անցնող տարիներին Մայր Աթոռի հրատարակությունները եւս մեծապես հարաբերվել են Քրիստոնեության պետական կրոն հռչակման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի1700-ամյակների հետ։ Այս առիթով, տպագրվել են մի շարք գրքեր` նվիրված Հայոց Եկեղեցու պատմությանը, դավանանքին, ծեսերին եւ խորհուրդներին, որոնց օտարալեզու ընթերցողներին ու հյուրերին եւս ծանոթացնելու համար հանդիսությունների նախօրեին այս գործերից մի քանիսը թարգմանաբար տպագրվեցին նաեւ ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։

ՔԴՔԿ-ն Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ վերանվանվեց ՔԴԿ-ի։ Այն իր մասնաճյուղերն ունի Հայաստանի բոլոր թեմերում եւ Արցախում ու նախկինի նման ծավալուն իր գործունեությունը։

Կարեւորելով հեռուստատեսության դերը հոգեւոր քարոզչության իրականացման եւ եկեղեցական կյանքի լուսաբանման գործում` Վեհափառ Հայրապետը Արարատյան Հայրապետական Թեմից Մայր Աթոռ է փոխադրել «Շողակաթ» հեռուստաստուդիան` ընդլայնելով նրա գործունեության ծավալները։

Մայր Աթոռի հեռուստաստուդիայում նկարահանվում են բազմաթիվ հեռուստաֆիլմեր եւ տեսահոլովակներ, որոնք նվիրված են Հայոց Եկեղեցու պատմությանը, ծեսերին ու խորհուրդներին, 1700-ամյակի հանդիսություններին, ինչպես նաեւ ազգային-հասարակական կյանքի այլեւայլ կողմերին եւ իրադարձություններին` դիտարկված հոգեւոր տեսանկյունից։ Ազգային հեռուստատեսությամբ տրվում են ամենշաբաթյա պարբերականությամբ հաղորդաշարեր, ինչպես նաեւ եկեղեցական նշանակալից տոների եւ իրադարձությունների նախօրյակին` տեսահոլովակային ծանուցումներ տարբեր հեռուստաալիքներով։

Գարեգին Բ-ի գահակալության շրջանում Մայր Աթոռի կազմում ստեղծվում է նաեւ համակարգչային բաժին` Մայր Աթոռի ներքին աշխատանքները եւ հաղորդակցությունն ապահովելու եւ Ս. Էջմիածինն աշխարհի տեղեկատվական-հաղորդակցական ուղիների հետ կապելու համար։

Հայ Առաքելական Եկեղեցին համաշխարհային էլեկտրոնային համացանցում հնարավորինս համապարփակ ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ 2002թ. Մայր Աթոռում գործում է Ինտերնետային գրասենյակ` ստեղծելու համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համացանցային պաշտոնէջը, որը կունենա Հայոց Եկեղեցու պատմության, հոգեւոր ժառանգության ու այսօրվա վիճակի եւ Ս. Էջմիածնի տարբեր բաժինների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ։

Ահա, 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, կարճ ժամանակամիջոցում Հայ Եկեղեցու արձանագրած հաջողությունները։

« 13. Հայաստանյայց Եկեղեցին Խորհրդային Տարիներին (1920-1990)   |   1. Հաւատը »
© Gratun.org