Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

ԲաԺին Բ

1. Հաւատը

Նիկիական Հանգանակը մեր քրիստոնեական դավանանքի ամփոփումն է։ Ըստ սրբազան ավանդության Նիկիական Հանգանակը կազմվել է Հոգեգալստին՝ 12 առաքյալների կողմից։ Հանգանակը ներառում է Հավատո 12 հոդված, որոնցից յուրաքանչյուրը գրվել է մեկ առաքյալի կողմից։

Երբ եկեղեցու անդամներն սկսեցին ուսուցանել սխալ կամ հերետիկոսական ուսմունքներ, անհրաժեշտություն առաջացավ հստակեցնել մեր Տիրոջ վարդապետության վրա հիմնված Հանգանակը, որը կհերքեր սխալ ուսմունքներն ու կպաշտպաներ դրանց ազդեցությունից։ 325թ. Նիկիայի Ա Տիեզերական Սուրբ Ժողովն ընդունեց հանգանակը, եւ այն լրացվեց հաջորդ՝ 381թ. Կոստանդնուպոլսի Բ եւ 431թ. Եփեսոսի Գ Տիեզերական Սուրբ Ժողովներում։

Հանգանակն առաջին անգամ օգտագործվել է Մկրտության խորհրդի ժամանակ։ Ընդհանրական Եկեղեցու հայրերից Հիպոլիտոս պատմաբանը 215թ. իր «Առաքելական ավանդությունը» աշխատության մեջ նշում է, որ Հանգանակը ամբողջությամբ ընթերցվել է մկրտության ժամանակ։ Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսվեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ, որպեսզի հավատացյալները ուղղափառ դավանանքից չշեղվեն։

Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները։ Նզովքի պատմական արժեքն այն է, որ այն նշում է Եկեղեցու վաղ շրջանում գոյություն ունեցող կեղծ ուսմունքները։ Ս. Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին։ Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է։ Հանգանակի վերջին բառը` «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագում ասվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո։

Նիկիական Հանգանակ

Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ եւ ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։

Հաւատամք եւ ի սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։

Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս։

Նզովք

Իսկ որք ասեն՝ էր երբէմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն՝ յորժամ ո՛չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զսուրբ Հոգին. եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցի։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանություն

Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

« 14. Հայաստանյայց Եկեղեցին Հետ Հայաստանի Անկախության (1991-2004)   |   2. Կառույցը »
© Gratun.org