Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

ԲաԺին Բ

3. Ժողովներ

Ընդհանրական Եկեղեցու ձեւավորման առաջին իսկ օրերից Եկեղեցու առջեւ ծառացած վարդապետական հարցերի շուրջ որոշումներ կայացնելու եւ աղանդավորական շարժումների դեմ պայքարելու խնդիր ծագեց։ Այն թելադրեց Եկեղեցու նվիրապետությունը պաշտոնապես հիմնադրելու անհրաժեշտությունը։

Ընդհանրական Եկեղեցու կողմից գումարված առաջին երեք ժողովները կոչվեցին Տիեզերական։ Իր պատմության ընթացքում հայ եկեղեցին մասնակցել է այդ Ժողովներից երկուսին, ընդունել նրանց որոշումները։ Տիեզերական ժողովներից առաջինը Նիկիական Ժողովն էր, որը գումարվեց մ.թ. 325 թ-ին, երկրորդը Կոստանդնուպոլսինը` մ.թ. 381թ., իսկ երրորդը Եփեսոսինը` (որին հարգելի պատճառներով հայոց կողմը չի մասնակցել) մ.թ. 431 թ.։ Բոլոր երեք ժողովներն էլ ընդունվում են մեր եկեղեցու տոնացույցով։

Նիկիայի Ա (325թ.) եւ Կ. Պոլսի Բ (381թ.) Տիեզերական ժողովներում ճշտվում են Քրիստոսի Աստվածության եւ Ս. Երրորդության դոգմաները։ Հաջորդ դավանաբանական խնդիրը, որ լրջորեն եւ երկար տարիներ զբաղեցրել է Քրիստոսի Եկեղեցուն վերաբերվում է Քրիստոսի Աստվածային Լոգոսի եւ մարդկայինի միությանը։

431 թվականին Եփեսոսում գումարված Գ Տիեզերական Ժողովը, Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու (444) նախագահությամբ, դատապարտում է Նեստորի հերետիկոսությունը Քրիստոսի երկու բնությունների եւ երկու դեմքերի վերաբերյալ։

Բացի երեք Տիեզերական Ժողովներից, մեր եկեղեցին գումարել է նաեւ բազմաթիվ

Ազգային-Եկեղեցական Ժողովներ, որոնց մասնակցել են եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականները։ Այդ ժողովներով որոշումներ են կայացվել եկեղեցու ներքին կարգի եւ կառուցվածքի, նրա առջեւ ծառացած ներքին խնդիրների շուրջ, ինչպես նաեւ տրվել են զանազան հարցերի պատասխաններ։

« 2. Կառույցը   |   4. Տիեզերական Ժողովներ »
© Gratun.org