Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

ԲաԺին Բ

4. Տիեզերական Ժողովներ

Քաղկեդոնի Ժողովի Դավանաբանական Բանաձեվը և Հայ Եկեղեցին

Նիկիայի Ա (325թ.) եւ Կ. Պոլսի Բ (381թ.) Տիեզերական ժողովներում ճշտվում են Քրիստոսի Աստվածության եւ Ս. Երրորդության դոգմաները։ Հաջորդ դավանաբանական խնդիրը, որ լրջորեն եւ երկար տարիներ զբաղեցրել է Քրիստոսի Եկեղեցուն վերաբերվում է Քրիստոսի Աստվածային Լոգոսի եւ մարդկայինի միությանը։

431 թվականին Եփեսոսում գումարված Գ Տիեզերական Ժողովը, Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու (+444) նախագահությամբ, դատապարտում է Նեստորի հերետիկոսությունը Քրիստոսի երկու բնությունների եւ երկու դեմքերի վերաբերյալ։

Նեստորի հետեւորդները ապաստան են գտնում Պարսկաստանում եւ սկսում են թարգմանել ու տարածել Նեստորի ուսուցիչներ Դիոդոր Տարսոնացու (+394) եւ Թեոդորոս Մոփսուեստացու (+428) երկերը։ Մելիտինեի եպիսկոպոս Ակակը մի նամակով զգուշացնում է Հայոց կաթողիկոս Սահակին։ Պատասխան նամակում Ս. Սահակը հայտնում է, որ դեռ Հայաստանում նման հերետիկոսություն քարոզողներ չեն հայտնվել։ Այս առիթ է լինում, սակայն, որ մի նամակագրություն սկսվի Հայոց կաթողիկոսի եւ Կ. Պոլսի պատրիարք Պրոկղի միջեւ։ Այս նամակագրությամբ դրվում են հայկական քրիստոսաբանության հիմքերը` ալեքսանդրյանի հիման վրա։ Ս. Սահակի` Պրոկղ պատրիարքին գրած նամակը իբրեւ ուղղափառ խոստովանություն, ընթերցվել է 553 թվականին Կ. Պոլսի Ե Տիեզերական Ժողովում։

Ս. Մեսրոպ Մաշտոցի կենսագիր Կորյունը վկայում է, որ Հայաստան են բերվել. «Գիրք սուտապատումք, ընդունայնախօս աւանդութիւնք առն ուրումն Հոռոմի, որում Թէոդիոս անուն»։ Ս. Սահակը եւ Ս. Մեսրոպը լսելով այս, անմիջապես միջոցներ են ձեռք առնում հալածելու դրանց ջատագովներին եւ ոչնչացնելու այդ գրքերը։ Անշուշտ այստեղ խոսքը Թեոդորոս Մափսուեստացու երկերի մասին է։

448 թվականին Կ. Պոլսի վանքերից մեկի վանահայր Եվտիքեսի քարոզությամբ, ըստ որի Քրիստոսի մարդկային բնությունը լուծվել է նրա աստվածային բնության մեջ իբրեւ մի կաթիլ մեղրը` օվկիանոսի մեջ, որով եւ մարդկային բնությունը աստվածացել է, եւ թե, թեեւ Քրիստոսի մարմինը մարդկային էր, սակայն ոչ մեր մարմնի նման, այլ երկնքից իջած։ Ըստ Եվտիքեսի Քրիստոս ուներ միայն մի` աստվածային բնություն։

448 թվականի նոյեմբերի 8-ին Կ. Պոլսի պատրիարքության տարեկան ժողովը քննում է Եվտիքեսի վարդապետությունը, զրկում նրան կարգից եւ վանահայրությունից ու նզովում։ Եվտիքեսը դիմում է Ալեքսանդրիայի պատրիարքին, Հռոմի Պապին եւ այլ եպիսկոպոսների։ Հռոմի Լեւոն Պապը ստանալով Կ. Պոլսի ժողովի որոշումները, հրապարակում է իր հայտնի Տումարը, ըստ որի Քրիստոս մի դեմք է երկու բնությամբ եւ էությամբ։ Երկու բնությունները չեն խառնվում եւ չեն շփոթվում միմյանց հետ։ Մերժվում է մի բնության դավանանքը։ Անարգվողը մարդկային բնությունն է, փառաբանվողը` աստվածայինը, քաղցողը, վախեցողը, մեռնողը այլ է, հրաշագործողը, մարգարեացողը, հարություն առնողը` այլ։ Թեպետեւ երկու բնությունները ամփոփվել են մի անձնավորության մեջ, սակայն անհրաժեշտաբար ընդունվում էր նաեւ երկու կամք եւ երկու ներգործություն։

451 թ. Մարկիանոս կայսեր հրամանով Քաղկեդոնում գումարվում է մի ժողով որ ծանոթ է Դ Տիեզերական ժողով անունով։ Ժողովը, որը տեղի տալով Հռոմի պահանջներին, իբրեւ դավանության հիմք ընդունում է Լեւոն Պապի Տումարը, դատապարտում Նեստորին եւ Եվտիքեսին եւ իբրեւ հավատքի ամփոփում ընդունում «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» բանաձեւը։

Քաղկեդոնի ժողովի որոշումները լուրջ ընդդիմություն են առաջ բերում Կիպրոսի, Պաղեստինի, Կապադովկիայի, Եգիպտոսի, ինչպես նաեւ Սիրիայի եկեղեցիներում։ Բազմաթիվ ժողովներում մերժվում է Քաղկեդոնի ժողովի դավանաբանական բանաձեւումը։ Հակառակությունը հասնում է այն աստիճանի, որ Բասիլիսկոս կայսրը (475-476) 476 թվականին մի հրովարտակով դատապարտում է Լեւոն Պապի Տումարը եւ Քաղկեդոնի ժողովը։ Զենոն կայսրը (474-475, 476-491) Կ. Պոլսի Ակակիոս պատրիարքի թելադրությամբ 482 թվականին հրապարակում է իր նշանավոր Հենոտիկոնը, որ լռելյայն դատապարտությունն է Քաղկեդոնի եւ հաղթանակը միաբնակների։ Զենոն կայսեր նույն քաղաքականությունն է վարում նաեւ Անաստաս կայսրը (491-518)։

Հայաստանի Եկեղեցին, զբաղված լինելով պարսկական զրադաշտական կրոնի դեմ օրհասական կռիվ մղելով, չէր կարողացել օր-օրի հետեւել բյուզանդական կայսրության մեջ ծավալված դավանաբանական վիճաբանություններին եւ դիրք ճշտել։ Երբ Ե դ. վերջին Հայաստանն ու Հայոց Եկեղեցին սկսեցին մի փոքր շունչ քաշել, Քրիստոնեական եկեղեցին բաժանված էր երեք մասի` երեք դավանանքներով։ Պարսկաստանում իշխում էր նեստորականությունը, Հռոմում եւ Արեւմուտքում ընդհանրապես` քաղկեդոնականությունը, իսկ 506 թ. Դվինի Ա ժողովում Հայոց, Վրաց եւ Աղվանից Եկեղեցիները մերժում են նեստորականությունն ու քաղկեդոնականությունը եւ իրենց հավատակից հռչակում Բյուզանդիայի եկեղեցուն։

518 թվականին Բյուզանդիայի գահին է բազմում Հուստինոս Ա-ը (518-527), որը ցանկանալով վերականգնել Հռոմի հետ խզված հարաբերությունները, դատապարտում է Զենոնի Հենոտիկոնը, Քաղկեդոնի ժողովը հռչակում սուրբ եւ տիեզերական, աքսորում 50-ից ավելի միաբնակ եպիսկոպոսների եւ ողջ կայսրության մեջ, բացի Եգիպտոսից, քաղկեդոնությունը դարձնում ճանաչված եւ թույլատրելի դավանություն։

Հայոց Եկեղեցին, որ արդեն ճշտել էր իր դավանությունը, հիմնված Կապադովկիայի հայրերի եւ Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանության վրա, դուրս գտնվելով կայսրության սահմաններից, ազատ էր դավանելու այն, ինչ որ ճշմարիտ էր համարում եւ ոչ թե ընդունել այն դավանությունը, որը պարտադրվում էր պետության կողմից։

« 3. Ժողովներ   |   5. Հայաստանեայց Եկեղեցւոյ Ժողովները »
© Gratun.org