Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

ԲաԺին Բ

7. Միջեկեղեցական հարաբերություններ

XX դարասկզբին ծնված եւ դարակեսին իր զարգացումն ապրած Էկումենիկ շարժման նկատմամբ Հայ Առաքելական Եկեղեցին ի սկզբանե հանդես է բերել հետաքրքրություն՝ դիտորդական կերպով մասնակցելով միջեկեղեցական միջոցառումներին ու իր դիրքորոշումն արտահայտելով Եկեղեցիների միության խնդրին առնչվող հարցերին։

Էկումենիկ շարժման սկզբնավորման նախնական փուլում եւ ապա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ձեւավորումից հետո Հայ Առաքելական Եկեղեցին իր մասնակցությունն է բերել Էկումենիկ շարժմանը՝ նախ դիտորդի հանգամանքով, ապա` որպես լիիրավ գործունյա անդամ։

1962թ. ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից՝ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամ` հետագայում անդամակցելով ուրիշ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային, միջեկեղեցական ու Էկումենիկ կազմակերպությունների։

Միջեկեղեցական հարաբերությունները կանոնավորելու ու ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատանը կից կազմավորվում է Հայաստանյայց Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը։ Երկար տարիներ Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը ղեկավարել են Գերաշնորհ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության տարիներին՝ Հոգեշնորհ Տ. Միքայել ծ. վրդ.Աջապահյանը։

1999թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բաժինը վերակազմավորվեց։ Այն այսօր զբաղվում է Քույր Եկեղեցիների եւ օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերությունների ընդարձակման եւ կոորդինացման խնդիրներով, ինչպես նաեւ կազմակերպելով եւ ապահովելով Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունը էկումենիկ շարժմանը։ Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաեւ աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին՝ իր քրիստոնեական արժեքներով եւ հոգեւոր ժառանգությամբ։

Միջեկեղեցական հարաբերությունների բաժինն իր գործունեության ընթացքում ԵՀԽ-ի, ԵԵԿ-ի, կրոնական եւ էկումենիկ կազմակերպությունների կողմից հրավիրված գիտաժողովներում ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության շահերն ու արտահայտում մեր տեսակետները այլեւայլ խնդիրների առնչությամբ։ Այն իր մշտական ներկայացուցիչներն ունի ԵՀԽ-ում, ԵԵԿ-ում եւ այլն։ Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, բացի վերոնշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելուց, ինքն է կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ, Ս. Էջմիածնում եւ թեմերում։ Այն քույր եկեղեցիների հետ նաեւ գործուն մասնակցություն է բերում կրթական ծրագրերին։

ԵՀԽ-ի հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին արձանագրել է փոխշահավետ համագործակցության փորձառություն, որը նպաստում է թե Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսությունների հաստատմանը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ թե բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը։

Հայ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է մի շարք աստվածաբանական երկխոսությունների, որոնց ընթացքում շոշափելի արդյունքներ են արձանագրվել հատկապես Ուղղափառ Եկեղեցիների հետ բանակցությունների արդյունքում։ Այսօր կարելի է արձանագրել, որ մեծ է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի դերը մեր Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ, Ղպտի, Եթովպիական, Ռումին, Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հարաբերություններում հաջողությունների ձեռքբերման գործում։ Այս հաջողություններն ամրապնդվում են ոչ միայն մի շարք գիտաժողովներին եւ կոնֆերանսներին համատեղ մասնակցության, այլեւ Եկեղեցիների պետերի փոխադարձ այցելությունների եւ բանակցությունների շնորհիվ։

Բոլոր հանդիպումների եւ զրույցների ընթացքում Հայ Եկեղեցին շեշտում է Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացման կարեւորությունը, որը նպաստում է համաքրիստոնեական շրջանակներում Ուղղափառ Եկեղեցու վկայության ուժեղացմանը եւ էկումենիկ շարժման մեջ Ուղղափառ Եկեղեցիների մշտական մասնակցության գործին։ 1999թ. դեկտեմբերի 1-ից առ այսօր Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն է Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը։

« 6. Նվիրապետական Աթոռներ
© Gratun.org