Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Ս. Հովհան Մանդակունի

Սուրբ Հովհան Մանդակունին հինգերորդ դարի մեր Եկեղեցու սյուներից է։ Եղել է կրտսեր թարգմանիչների դասից։ Ըստ մատենագիտական որոշ տեղեկությունների՝ եղել է Մովսես Խորենացու հասակակիցը։ Լինելով իշխանազն ազատորդի՝ ամենայն հավանականությամբ ուսանել է սուրբ Սահակ կաթողիկոսի մոտ կամ սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի դպրոցում։

Ինչպես մեր մյուս թարգմանիչների, այնպես էլ Հովհան Մանդակունու մասին մեզ հասած ավանդությունները խիստ սակավ են ու անորոշ։

Նա ծնվել է Արշարունյաց Ծախնոտ գյուղում հավանաբար 400 թվականին (մեր հին մատենագիրներից ոչ ոք որոշակի չի նշում նրա ծննդյան ճիշտ թվականը)։ 448-450 թթ. ձեռնադրվել է քահանա։ Ղազար Փարպեցին Վահան Մամիկոնյանին հղած թղթում ծանուցում է, թէ նա եղբորորդին էր մեծանուն Գյուտ կաթողիկոսի։ Ըստ երկու հին և վավերական հիշատակարանների, որոնց առաջինի մակագիրն է՝ Ժամանակք կաթողիկոսացն Հայոց, իսկ երկրորդինը՝ Շարադրութիւն հայրապետացն Հայոց՝ նա Տիրոջ 471-472 թթ. ընտրվել է կաթողիկոս, իսկ 483-84-ին կնքել իր մահկանացուն։ Իսկ Հ. Բարսեղ Սարգիսյանը, իբրև հաստատուն հենակետ ունենալով Գյուտ կաթողիկոսի մահվան տարեթիվը, այն է՝ 484-485, և մյուս կողմից՝ Մանդակունու՝ նրան անմիջապես հաջորդած լինելը, սուրբ հայրապետի կաթողիկոսության թվականը նշում է 485, իսկ մահը՝ 498-499 թթ.։

Հովհան Մանդակունին եղել է իշխանական տոհմերից հավաքված այն ազատանի խմբի մեջ, որոնց մասին իր պատմության ԽԲ գլխում Ղազար Փարպեցին գրում է, թե՝ «Ըստ քսելոյ իշխանին Սիւնեաց յառաջագոյն տայր (Յազկերտ) խաղացուց անել ի Տիզբոն»։

Սեբեոսը, հիշելով Վահանի՝ Պերոզի դեմ տարած հաղթանակի մասին, ասում է, թե՝ «Այս Վահան ժողովեաց (յետ պատերազմին) և զհարկս աշխարհին Հայոց և շինեաց եկեղեցիս մեծամեծս, զոր աւերեալ էր պարսից»։ Այս եկեղեցիներից մեկը՝ Տեկորի Սուրբ Սարգիսը, դեռ կանգուն է՝ ի հիշատակ անմահ քաջերի Ե դարի արձանագրությամբ1, որի մեջ Վահանի և Սահակ Կամսարականի անունների մեջ կարդում ենք նաև իր «արդար հոգու օրհնությամբ» նրանց հաղթությունը պսակողի՝ մեր սուրբ հայրապետի անունը։

Իբրև մեծագործ հայրապետ ու առաքինի հոգևորական` Մանդակունին նվիրվել է իր հոգևոր զավակների առավել քրիստոնեացման և իր Եկեղեցու բարեզարդման գործին։ Նա հարուստ մատենագրական վաստակ ունի. գրել է ճառեր, խրատներ, աղոթքներ, քարոզներ, մաղթանքներ, շարականներ, կանոններ։ Հունարենից կատարել է թարգմանություններ։ Վարդան Արևելցին Սուրբ Գրոց թարգմանության մասին խոսելիս հիշատակում է նաև Մանդակունու գործակցությունը՝ ասելով. «Եւ սա թարգմանեաց զԵրկրորդ Կորնթացուոց թուղթն, զՅոհանն եւ այլ բազում օգուտս գործեաց ի կեանս իւր»։

Այսօր էլ սուրբ հայրապետը իր խրատներով շարունակում է ուսուցանել, կրթել, դաստիարակել, քրիստոնյային վայել վարքի մղել իր զավակներին. «Սրտով սիրե՛նք Աստծուն և երկյուղով պահե՛նք Նրա պատվիրանները. Աստծուն սիրելը Նրա պատվիրանները սրտով պահելն է։ Իսկ Նրա պատվիրաններն այս են, որ ճշմարիտ սիրով սիրենք միմյանց... Քանզի եղբորը սիրելն ավելին է, քան մարգարեության հոգի ընդունելը, առավել բարձրագույն է, քան առաքելական կոչումը, մարտիրոսների պատվից պատվական է և բոլոր առաքինություններից ավելի վեր ու պատվված է երևում, իբրև իր վայելչությամբ փայլող թագավոր է ռամիկների մեջ։

Այնպիսի ծուլությամբ ու անհոգությամբ ենք ապրում, կարծես ո՛չ տանջանք կա, ո՛չ գեհեն, ո՛չ ահավոր Դատավոր, ո՛չ անողորմ դատաստաններ, ո՛չ գործերի քննություն, և ո՛չ էլ հաշիվ պիտի պահանջվի մեր խորհուրդների, մեր վարքի ու դատարկ խոսքերի համար։ Ուստիև սրբությամբ և անմեղությա՛մբ ապրենք և փառքով ու պատվով երկինքը ժառանգենք և արժանանանք հասնելու խոստացված բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին վայել է փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։

Մեր սուրբ հայրապետի խրատների ոչ միայն կարդացողը, այլ նաև գործադրողը լինենք, քանզի դրանք մեզ համար իբրև աստիճանավոր ճանապարհ են, որոնք երկինք են տանում։

Ճառերն ամբողջությամբ առաջին անգամ են թարգմանվում արևելահայերեն։

Մարթա Արաբյան

Ա. Թուղթ հանցավոր վարքի խոստովանության մասին »
© Gratun.org